Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգովի հայտնվել ենք մի շատ` ոչ մեր ազգին վայել ցածր կարգավիճակում. Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Գյումրու սպանդի մասին, կարծիք հայտնեց դերասանուհի Լալա Մնացականյանը:
Ըստ նրա` երբ նման մի դեպք է լինում մարդու կյանքում, հանկարծ հասկանում ենք, թե որտեղ է մեր տեղը, և հիմա, ըստ ՌԴ-ի, աշխարհի տված գնահատականներից ու արձագանքներից մենք հանկարծ տեսանք, որ մեր դերակատարումն ընդամենն այսքանն է, այսինքն` գրեթե չունենք դերակատարում:
«Դեպքից հետո արդեն մեկ շաբաթ է` գիշերները չեմ քնում: Դեպքի հետ կապված` ես էլ ունեմ իմ վարկածները, բայց դրանք էմոցիոնալ են: Եթե լոկալացնենք` ընտանիքում կատարվել է սպանություն, ամբողջ ընտանիքին վերացրել են, և ընտանիքի հայրը` պետության նախագահը, տեր չի կանգնել այդ ընտանիքին, զավակներն անտեր են մնացել, պաշտպան չունեն: Ամենատարօրինակն այն է, որ չկա թե՛ պետության ղեկավարը, թե՛ հոգևոր հայրը, ուրեմն` նրանք չեն ղեկավարները»,- ասում է Մնացականյանը:
Ըստ նրա` այն խաղերը, որ կատարվում են, քաղաքական խաղեր են, որոնք մենք շատ լավ էլ հասկանում ենք, բայց գոնե պետք է հաշվի նստել ժողովրդի հետ:
Մնացականյանը զարմանում է` ո՞նց կարելի է մարդու վշտի հանդեպ այս աստիճան անտարբեր լինել. «Հարևանիդ մի բան է պատահում` վազում-գնում ես, որ իմանաս` ինչ է կատարվում: Ղեկավարն էս աստիճան անտարբեր կլինի՞: Էս ամենից հասկանում ես, որ նույնիսկ քո երկրում ոչ մի իրավունք չունես: Ես ուզում էի Գյումրի գնալ, բայց քանի որ շատ էմոցիոնալ եմ, մտածում էի` կարող է այնտեղ անկառավարելի դառնալ, բայց հետո հասկացա, որ չի կարելի ինձ նման էմոցիոնալ մարդն այս պահերին այնտեղ լինել»:
Մնացականյանը նշում է, որ խոր վիշտ է ապրում, ինչպես ապրել է այն ժամանակ, երբ իր պապը պատմել էր կոտորածների մասին:
Խոսելով սպանության մեջ կասկածյալ Վալերի Պերմյակովին Հայաստանում դատելու և այստեղ պատիժը կրելու` հասարակության պահանջի մասին` դերասանուհին նշեց, որ այն արդարացի պահանջ է. «Իմ քաղաքացուն իմ հողի վրա է սպանել, ուրեմն` մեզ մոտ էլ պիտի դատվի: Ղեկավարությունը խաղում է, մենք ոտնատակ ենք լինում ու խելքի էլ չենք գալիս այսքան ոտնատակ լինելուց` անընդհատ նույն փոսն ենք ընկնում: Մենք անընդհատ վախենում ենք ուրիշին վիրավորելուց, բայց չենք վախենում մեր ազգային արժանապատվությունն այս աստիճան ոտնահարելուց»: