Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Մենք մեղադրում ենք ԼՏԹՖ-ին արհեստական դեֆիցիտ ստեղծելու մեջ եւ մեր իրավասությունների շրջանակներում պատժում ենք օրենքի ամենայն խստությամբ, քանի որ այն մեծ վնասներ է հասցրել թե' մեր երկրին, թե' հասարակությանը»,- ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը եւ հավելեց, թե այսուհետեւ ավելի հետեւողական ու խիստ են լինելու բոլոր չարաշահումների բացահայտման հարցում: Եվ տնտեսվարողներին պատժելու են այնքան, մինչեւ «խելքի գան»:
Ինչպես արդեն տեղացրել ենք, այսօրվա նիստում ՏՄՊՊՀ-ն որոշեց 2010 թվականի դեկտեմբերի 23-27-ը ձվի շուկայում արհեստական դեֆիցիտ ստեղծելու համար Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկային (ԼՏԹՖ) տուգանել 100 միլիոն դրամի չափով, որը համարժեք է 2009 թվականին ԼՏԹՖ-ի հասույթի 2 տոկոսին:
ՏՄՊՊՀ-ն շուկան ուսումնասիրելու համար տեղեկատվություն է պահանջել ձվի շուկայում գործող առավել մեծ իրացման ծավալներ ունեցող 6 տնտեսվարող սուբյեկտներից: Համաձայն ստացված տեղեկատվության` ձվի դեֆիցիտի եւ իրացման գների կտրուկ ավելացման օրերին արտադրողների մոտ պահեստավորված է եղել մեծաքանակ ձու, որի գերակշիռ մասը պատկանել է ԼՏԹՖ-ին:
2010-ի դեկտեմբերի 23-27-ը արտադրողների մոտ ձվի միջին օրական մնացորդը կազմել է 4 506 849 հատ, որի 83 %-ը բաժին է ընկել հենց ԼՏԹՖ-ին: 6 թռչնաբուծական ֆաբրիկաների միջին օրական արտադրության ծավալի 52%-ը եւս ապահովել է այս ընկերությունը:
Դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում, երբ խանութներում առկա է եղել ձվի չբավարարված պահանջարկ, ԼՏԹՖ-ն իր արտադրանքի մի մասը խանութներ չի առաքել, այսինքն` չի իրացրել արտադրված ձվի ամբողջ քանակը, ինչն էլ նպաստել է դեֆիցիտի առաջացմանը: Արձանագրվածը հաստատվել է նաեւ խոշոր սուպերմարկետների կողմից Հանձնաժողովին ներկայացված գրավոր տեղեկատվությամբ: Այս իսկ պատճառով էլ մարտի 12-ին Հանձնաժողովը վարչական վարույթ է հարուցել ԼՏԹՖ-ի նկատմամբ:
Ձվի շուկայում կատարվող ուսումնասիրության ընթացքում հանձնաժողովը արտադրողներից պահանջել է ելքի բեռնագրեր, հաշիվ-ապրանքագրեր եւ այլ փաստաթղթեր: Սակայն հավանաբար սխալները թաքցնելու համար որոշ տնտեսվարողներ կեղծ փաստաթղթեր են ներկայացրել:
Հանձնաժողովի փորձագետները բացահայտել են, որ շատ հաշիվ-ապրանքագրեր արժանահավատ չեն. «Կան հաշիվ-ապրանքագրեր, որոնցում անգամ ստորագրություններ չկան: Կամ տարբեր խանութների իրացման դեպքում նույն մարդու ստորագրությունն է դրված: Եվ սա մեկ-երկու օրինակ չէ: Որոշ տեղերում նշված են գնորդների անուններ, որոնք, պարզվում է, տեղյակ չեն այդ գործարքներից»,- ասաց Ա. Շաբոյանը:
Նա նշեց, որ նույնիսկ դեպքեր կան, երբ զեղծարարությանը մասնակցել են հենց սուպերմարկետները, օրինակ` ԼՏԹՖ իրացման փաստաթղթերից երեւում է, որ դեֆիցիտի օրերին «Նոր զովք» սուպերմարկետների ցանցին իրացվել է 220.000 հատ ձու, սակայն այս սուպերմարկետի գործունեության ուսումնասիրությունից պարզվել է, որ սուպերմարկետը իրականում շատ ավելի քիչ ձու է ստացել:
Ստացվում է, որ ձու արտադրողներն իրենց արտադրության մի զգալի քանակ իրացրել են անօրինական, ստվերային ճանապարհով, որն էլ իրենց հնարավորություն է տվել ձուն շուկաներում իրացնել անհամեմատ ավելի բարձր գնով:
Հանձնաժողովի ձեռքի տակ գտնվող կեղծ պայմանագրերը կփոխանցվեն հարկային մարմիններին եւ ՀՀ դատախազություն, որոնց լիազորության շրջանակում են նման գործերի հետաքննությունները:
Վարչական վարույթ է հարուցվել նաեւ «Արքաս» թռչնաֆաբրիկայի նկատմամբ, որտեղ նույնպես հայտնաբերվել են նմանատիպ խախտումներ: Այս վարույթը դեռեւս ընթացքի մեջ է: Ա. Շաբոյանն ասաց, որ իրենց ուսումնասիրությունները հենվում են ընկերությունների ներկայացրած փաստաթղթերի վրա:
ՏՄՊՊՀ նիստին ներկա էր նաեւ ԼՏԹՖ ներկայացուցիչ Մանասե Եփրեմյանը: Նա հանձնաժողովի անդամների հարցերին ուղղակիորեն պատասխան տալու փոխարեն երկարաշունչ բացատրություններ էր տալիս, ինչի համար Ա. Շաբոյանը խոստանում էր «ձայնի իրավունքից զրկել» նրան:
Մ. Եփրեմյանը նաեւ համաձայն չէր հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկատվությանը, նույնիսկ խոստացավ, որ սահմանված տուգանքի կրկնակին կվճարի, եթե հանձնաժողովը փաստացի ապացույցներ ներկայացնի իրենց կողմից կատարված խախտումների վերաբերյալ:
Ի պատասխան` Շաբոյանը նրան փոխանցեց տարբեր սուպերմարկետների ղեկավարների կողմից ներկայացված հայտարարությունները: Սակայն Մանասե Եփրեմյանին դրանք չբավարարեցին, եւ իր վերջին ելույթում նա ասաց, թե փաստացի ապացույցներ չկան, եւ որ հանձնաժողովը սեւ կատու է փնտրում մութ սենյակում: Ի
Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ Լուսակերտին պատժեցին եւ այդքան խիստ, Մ. Եփրեմյանը պատասխանեց. «Մեր կառավարությունը բանկային կենտրոն էր ուզում ստեղծել Դիլիջանում, իսկ ՏՄՊՊՀ-ն իր կենտրոնը ցանկանում է Ճանկռանում ստեղծել: Նոր Գեղիի հին անունն է, մենք այնտեղ ենք»:
Հիշեցնենք, որ «Երկիրը» դեֆիցիտի եւ դրան հետեւած ժամանակաշրջանում բազմիցս գրում էր, որ ձվի շուկայում արհեստական դեֆիցիտ են ստեղծել, այնինչ` պետական որոշ կառույցների կողմից դա հերքվում էր:
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ