Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Լրագրողների հետ զրույցում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն անդրադարձավ ՀՀ ֆինանսների նախարարի այն հայտարարությանը, թե 2016 թվականի բյուջեն 40 միլիարդով կթերակատարվի, և այդ թիվը մինչև տարեվերջ կհասնի 60 միլիարդի:
Մինասյանը սա պայմանավորեց երեք ազդակով: «Մենք ունենք 3 հիմնարար ազդակներ, որոնք բերեցին այս վիճակին: Առաջինն այն է, որ մեր տնտեսական աճն այս տարի կլինի շատ ցածր, քան նախատեսված էր պետական բյուջեի նախագծով: Երկրորդը գնաճն է: Պետական բյուջեի նախագծով նախատեսված էր 4 +-1.5 տոկոս գնաճի մակարդակ: Երրորդ գործոնը մեր տրանսվերտների ավելի պակաս մակարդակն է»,- ասաց նա:
Ըստ Մինասյանի` ակնհայտ գնաճի մեծ մակարդակը ուղղակիորեն բերում է ավելի մեծ քանակի հարկային եկամուտների: «Առաջին վեց ամիսների ընթացքում մենք ոչ թե գնաճ չենք ունեցել, այլ ունեցել ենք գնանկում, ակնհայտ է, որ սա պետք է բերեր մեր հարկային եկամուտների ավելի պակաս հավաքագրմանը: Մի կողմից մեր քաղաքացիների համար լավ է, որ գնաճ չկա, մյուս կողմից` գնաճի բացակայությունը բերում է այն հետևանքներին, որ հարկային եկամուտները պակասում են»,- ընդգծեց ՀՀԿ-ականը:
Մինասյանը դրական համարեց այն փաստը, որ թեև ներդրումները պակասել են, արտահանումն էապես աճել է և մեր ներդրում-արտահանում ցուցանիշն էապես լավացել է: «Մի քանի տարի առաջ այս հարաբերությունները մեկը երեքի էին, դա ֆունդամենտալ ցուցանիշների համար չափազանց բացասական էր: Հիմա այդ ցուցանիշը բավականին լավացել է և նվազ է նույնիսկ երկուսից: Եթե մենք կարողանանք մեր տնտեսական աճը բարձրացնել կամ գոնե պահպանել դինամիկան արտահանման ուղղությամբ և չնվազեցնել ներկրումը, կկարողանանք միանգամից երկու խնդիր լուծել: Իհարկե, դա չափազանց բարդ ճանապարհ է, բայց եթե մենք կարողանանք մեր այս ցուցանիշը պահպանել, ապագայում պրոբլեմները ավելի նվազ կլինեն»,- ասաց նա` հավելելով` այն իրողությունները, որոնք առկա են այսօր, արտահայտված են եկող տարվա բյուջեի նախագծում, որտեղ բյուջեի դեֆիցիտի ցուցանիշը ավելի փոքր է լինելու, քան ակնկալում ենք, որ կունենանք տարվա վերջում: