Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Քաղաքի կենտրոնում ու կանաչ գոտիներում շինարարություն թույլ չենք տալու, բայցեւ պետք է գիտակցենք, որ ապրում ենք մեգապոլիսում եւ, առավոտը զարթնելով, չպետք է աքլորի ձայն ու գետի խշշոց լսենք»,- այսօր ՀՀ հանրային խորհրդի` Երեւան քաղաքի հիմնախնդիրներին նվիրված նիստում ասաց Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Խոսելով քաղաքաշինության խնդիրներից` քաղաքապետն ընդգծեց, որ կոմերցիոն շինարարությունն ու ճարտարապետությունն ամենեւին էլ հակաէկոլոգիական երեւույթներ չեն, որ ամբողջ աշխարհը զարգանում է կոմերցիոն շինարարությամբ, եւ չհետեւել Լոնդոնի, Բրյուսելի ու Փարիզի օրինակին, նշանակում է հետ մնալ դարի պահանջներից:
Քաղաքապետը խոսեց նաեւ տրանսպորտի մասին, ասաց, որ մեկ օր շուտ տրանսպորտը բիզնեսին տալը արտակարգ լավ բան կլինի, ներկայացրեց իր պատկերացումներն իդեալական տրանսպորտային համակարգի մասին, նշեց, որ 2700 միկրոավտոբուս մեզ միանշանակ պետք չէ, քանի որ աստիճանաբար անցնելու ենք մեծ ու միջին ավտոբուսների համակարգին:
Ինչ վերաբերում է միջքաղաքային տրանսպորտին, ապա Կ. Կարապետյանը կողմնակից է, որ մարզերից եկող տրանսպորտային միջոցները կայանեն քաղաքի սահմանների մոտ: «Չնայած մենք ունենք լիքը օպոնենտներ այդ հարցում, որ ասում են` դուք սոցիալական լարվածություն եք ստեղծելու, որովհետեւ կստիպեք Աբովյանից գալացողին երկու անգամ վճարել, բայց ես համոզված եմ, որ ոչ մի սոցիալական լարվածություն էլ չենք ստեղծում. Աբովյանից գալացողը, որ գնում է Երրորդ մաս, 7 տոկոս է կազմում, 93 տոկոսն, այսպես, թե այնպես, երկրորդ տրանսպորտից է օգտվում»,-պարզաբանեց քաղաքապետն ու անցավ կանգառների խնդրին:
«Երբ ասում ես` մեծ քաղաքում ստիպված ես գնալ 50-100 մետր մինչեւ կանգառին հասնելը, եւ կարող ես 500 մետր գնալ` մինչեւ կանաչի կամ կաղամբ առնես, ասում են` չէ, ես այստեղ եմ ուզում առնել, եւ մենք բոլորս մտահոգված մտածում ենք` ոնց անենք, որ ինքը հենց այնտեղից կանաչի առնի, հենց այնտեղից մարշուտնի նստի»,- ասաց քաղաքապետը` հավելելով, որ այս հոգեբանությունը պետք է ջարդել:
Ի դեպ, բացօթյա առեւտրի մասին. «Մեզ մեղադրում են, որ նեղացրել ենք սոցիալապես անապահով մարդկանց, միգուցե այնտեղ եղել են այդպիսիք, բայց մենք նրանց գործող շուկաներում տեղ ենք տրամադրել»,-ասաց քաղաքապետը` նշելով, որ 2-3 տոկոսը դժգոհ է որոշումից, հիմնական մասը` գոհ, բայց հենց այդ 2-3 տոկոսի ձայնն է մշտապես լսվում:
Այն, որ քաղաքապետն ապացուցել է, որ իր խոսքը գործ է, այլեւս պարզ է բոլորի համար:
Այնպես որ, սիրելի' երեւանցիներ, զինվե'ք համբերությամբ. Երեւանը մեգապոլիս դարձնելու ոդիսականը դեռ նոր է սկսվում:
Շուշան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ