կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2018-11-27 12:14
Քաղաքական

Ոչ մի ձայն ՀՀԿ-ին, որովհետև չի կարելի ներել, ոչ մի ձայն նրանց, ովքեր ՀՀ-ում զենքի ուժով են ուզում հարցեր լուծել. Փաշինյան

Ոչ մի ձայն ՀՀԿ-ին, որովհետև չի կարելի ներել, ոչ մի ձայն նրանց, ովքեր ՀՀ-ում զենքի ուժով են ուզում հարցեր լուծել. Փաշինյան

«Իմ քայլն» այսօր իր քարոզարշավը սկսեց Սպիտակից: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ նշեց, թե ասում են` մարդիկ կան, որոնք մտավախություն ունեն, վախենում են ՀՀԿ-ից: Նրա խոսքով` եթե նրանք նկատի ունեն Հանրապետականի պաստառները, որոնք գիշերվա սատանայի նման մեկ էլ հանդիպում են ճանապարհիդ, ապա ինքը կարող է հասկանալ: «Բայց, ժողովո'ւրդ ջան, ապրիլին տեղի է ունեցել հեղափոխություն, իսկ շուտով` արտահերթ ընտրություններ: Դուք որևէ քաղաքական ուժից վախենալու բան չունեք, քաղաքական ուժերը պետք է ձեզնից վախենան, ձեր ցավը տանեմ` էս ինչի՞ մասին եք խոսում: Ուզում եք` Հանրապետականը չլինի՞, ձայն մի' տվեք նրանց, որոշողը դուք եք: Ոչ մի քվե մի տվեք Հանրապետականին` չի լինի Հանրապետականը: Ոչ մի ձայն` Հանրապետականին, որովհետև չի կարելի ներել»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` հանրապետականների թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը: «Նրանք ասում են` եթե մտահոգ ես, ընտրիր մեզ, ես էլ ասում եմ` եթե ազատ, արժանապատիվ քաղաքացի ես, ձայն չտաս Հանրապետականին: Ձայն չտաս այն ուժերին, որոնք թեկուզ մեկ անգամ փորձել են ընտրակաշառքով ընտրություն անցկացնել: Ոչ մի ձայն այն ուժին, որը մտածում է Հայաստանում զենքի ուժով ինչ-որ հարց լուծել»,- ասաց Փաշինյանը:

Նա վստահեցրեց, որ եթե մի ՀՀԿ-ական գյուղապետ փորձի քաղաքացուն վախեցնել, ինքն անձամբ գնալու է նրանց մոտ ու, վզներից բռնած, դուրս շպրտի կաբինետներից: «Էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ Հանրապետական, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր: Բոլորիդ կպառկացնենք ասֆալտին ու տարիներով վեր չեք կենա ասֆալտից: Պատերով կտանք բոլորին` գող կլինի, ավտարիտետ կլինի: Քաղաքացիներին են վախեցնում... Դուք ծակերից պիտի դուրս չգաք»,- ասաց Փաշինյանը: