Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկպալատանի խորհրդարան ստեղծելու գաղափարին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր անդրադարձել են սփյուռքահայ գործարարներ Վահագն Հովնանյանն ու Վահան Զանոյանը:
Վերջինիս խոսքով` քաջալերիչ է ու ցանկացած սփյուռքահայի համար կարեւոր, որ հրավիրվի Հայաստան ու մասնակցություն ունենա խորհրդարանի աշխատանքներին: «Հայաստան-Սփյուռք կապը պաշտոնականացնելն ու այստեղ ներկայացուցիչ ունենալը հոյակապ գաղափար է, որով հեշտ է խանդավառվել: Բայց ինձ մտահոգողն այն է, թե որը պիտի լինի այս մարմնի բուն առաքելությունը: Եթե դիտարկենք, որ այս մարմինն առաջ է քաշելու Սփյուռքի հարցերն ու օգնելու է, որ Հայրենիքի ու Սփյուռքի միջեւ ավելի աշխույժ քաղաքական անցուդարձ լինի, ողջունելի է, բայց եթե պետք է ոչ քաղաքացին գա ու տեղական օրենքներով զբաղվի, բազում հարցեր կծագեն: Բացի այդ, ովքե՞ր են լինելու ներկայացուցիչները, որովհետեւ եթե Սփյուռքից ընտրվողները պետք է այնտեղ գործող կուսակցությունների պատվիրակությունները լինեն, չեմ կարծում, որ նոր բան բերեն: Էլի մեր հին, հոգնած, հնձած վեճերն ու կռիվները պիտի բերեն` Հայաստանի պատճենը դնեն»,- ասել է Զանոյանը:
Ողջունելով գաղափարը հղացողներին` Վահագն Հովնանյանն էլ նշել է, որ ինչպես անցյալում եկեղեցին է կապել ցրված հայությանը, այնպես էլ այս գաղափարը կարող է դա անել: «Ես շատ դրական կետեր եմ տեսնում այս գաղափարի մեջ ու կարծում եմ, որ հրեաների օրինակով աշխարհի հայությունն էլ պետք է համախմբվի` ավելի ուժեղ դառնալու համար: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ Հայաստանի կառավարությունը պետք է լսի Սփյուռքի ձայնը, պետք է այստեղ ունենանք մեկը, ով մեզ լուր կտա, թե ինչ օրենքներ են անցնում այստեղ, որ միշտ արթուն լինենք»,- ասել է գործարարը: