կարևոր
799 դիտում, 9 ժամ առաջ - 2025-02-22 09:59
Քաղաքական

Քրեականներն ու իրավապահները հավասարապես ջանում են ապահովել ՔՊ-ի հաղթանակը. «Ժողովուրդ»

Քրեականներն ու իրավապահները հավասարապես ջանում են ապահովել ՔՊ-ի հաղթանակը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գյումրու ընտրությունների ֆոնին Փարաքար խոշորացված համայնքի արտահերթ ընտրությունները կարծես երկրորդ պլան են մղվել: Սա փաստում է նաեւ թեկնածուների թիվը: Թեեւ Գյումրիում տարբեր ուժեր ու քաղաքական դեմքեր են քաղաքապետ դառնալու հայտ ներկայացրել, Փարաքարում հիմնական թեկնածուները երկուսն են․ մեկը ՔՊ-ից Լյուդվիգ Գյուլնազարյանն է, ով 2024 թվականին՝ սկանդալային միջադեպի էպիկենտրոնում հայտնվելուց հետո, հրաժարական էր ներկայացրել, մյուս թեկնածուն ընդդիմադիր Վոլոդյա Գրիգորյանն է «Ապրելու երկիր» կուսակցությունից:

Իսկ ինչու է երեք տարի առաջ (2021) տեղի ունեցած ընտրություններից հետո կրկին նախընտրական եռուզեռ Փարաքար խոշորացված համայնքում: Բանն այն է, որ 2021-ին ընտրությունների իշխող ուժը ՔՊ-ն, պարտվել էր Փարաքարում․ առավել շատ ձայներ հավաքել էր ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունը ի դեմս Վոլոդյա Գրիգորյանի։ Իշխանությունը, չկարողանալով ձեւավորել մեծամասնություն, կոալիցիա կազմեց «Դավիթ Մինասյան» դաշինքի հետ, և Դավիթ Մինասյանն ու Լյուդվիգ Գյուլնազարյանը հերթով ղեկավարեցին համայնքը։

Անցած տարվա նոյեմբերի 16-ի կեսգիշերին կրակոցներ էին հնչել Երևանի Նազարբեկյան 15/6 հասցեում, ինչի հետևանքով մահացել էր Երևանի բնակիչ Արթուր Մանուկյանը: Սպանության պատճառը եղել էր փողային հարցերի վերաբերյալ «ռազբորկան», և սկանդալն այն էր, որ սպանության դեպքի վայրում էր եղել ու այս թեմային մասնակից էր Փարաքարի ՔՊ-ական համայնքապետ Լյուդվիգ Գյուլնազարյանը:

Բարձրացված աղմուկից հետո նա հրաժարական տվեց, և երբ ՔՊ-ն մի քանի հարյուր քաղաքացիների մեջ նոր փրայմերիզ (ներկուսակցական ընտրություններ) կազմակերպեց, Լյուդվիգ Գյուլնազարյանը այս տարվա հունվարին վերընտրվեց որպես ՔՊ թեկնածու:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ ինչպես Գյումրիում, այնպես էլ Փարաքարում ՔՊ-ն դիմել է քրեական դեմքերին, մեծահարուստներին իրենց հաղթանակն ապահովելու համար: Նրանց են միացել նաև իրավապահները, որոնք փետրվարի 6-ին Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում տեղի ունեցած կրակոցների և սպանության գործով հիմնականում թիրախավորում և կալանավորում են ընդդիմադիր թեկնածուի կողմնակիցներին` կոտրելով սկսված պայքարը»: