կարևոր
598 դիտում, 5 ժամ առաջ - 2025-02-23 09:57
Հասարակություն

Բանավեճ ԱԵԿ-ում՝ նվիրված մայրենիի տոնին

Բանավեճ ԱԵԿ-ում՝ նվիրված մայրենիի տոնին

Լեզվի միջազգային օրվան էր նվիրված այսօր՝ փետրվարի 22-ին, Ախալքալաքի հայկական երիտասարդական կրթամշակութային կենտրոնում տեղի ունեցած միջոցառում-բանավեճը։

Ավանդույթ է դարձել ամեն տարի Կենտրոնում առանձնակի կարևորությամբ նշել մայրենիի օրը: Նպատակը մեկն է` աշխարհասփյուռ հայության միասնության ու համազգային հիմնախնդիրների լուծման ճանապարհին անհրաժեշտություն է դարձել հայկական ներուժն ուղղորդել հայոց լեզվի պահպանմանն ու զարգացմանը:

Միջոցառումը բացեց ԱԵԿ-ի պատասխանատու Կարինե Թադևոսյանը, ով ողջունեց ներկաներին և շնորհավորեց մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ։ Ներկաներին շնորհավորեց նաև Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը։ Բանավեճի սկիզբն ազդարարվեց Տերունական աղոթքով, որից հետո բանավեճը վարողները հնչեցրին մայրենիի պահպանան, արդի մարտահրավերների և սոցիալական մեդիայում սխալ գործածման վերաբերյալ հարցեր։

Բանավեճին մասնակցում էին շուրջ 30 պատանիներ՝ ինչպես Ախալքալաքի ու Նինոծմինդայի հայկական երիտասարդական կենտրոնների սաները, այնպես էլ տարբեր հանրակրթական դպրոցների և Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության կիրակնօրյա դպրոցի երեխաները։

Մայրենիին նվիրված միջոցառում-բանավեճն ընթացավ հետաքրքիր ու բովանդակալից քննարկումներով ու լեզվի պահպանման վերաբերյալ պատանիների առաջարկներով ու մտահոգություններով։

Ընդգծենք, որ 1999-թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց Մայրենի լեզվի միջազգային օր` ի նպաստ մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ 

Աղբյուրը՝ jnews.ge