կարևոր
3274 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-30 17:23
Քաղաքական

Որպես գյումրեցի՝ հարց ունեմ Փաշինյանին, ինչո՞ւ չի մասնակցում «Գյումրվա օր» տոնակատարություններին՝ գուցե բաներ լսի, որոնք չի ցանկանում լսել. Արթուր Գևորգյան

Որպես գյումրեցի՝ հարց ունեմ Փաշինյանին, ինչո՞ւ չի մասնակցում «Գյումրվա օր» տոնակատարություններին՝ գուցե բաներ լսի, որոնք չի ցանկանում լսել. Արթուր Գևորգյան

Հուլիսի 28-ին Գյումրի քաղաքի Աճեմյան 2 հասցեում գտնվող «Իմ մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի պատշգամբի արգելապատնեշի մի մասը վնասվել է, իսկ շինության ներսում՝ երկրորդ հարկում, փլուզվել է մեկ կիսաքանդ միջնապատ: Գյումրեցիներն այս շենքը սիրում են անվանել «Վառեմ-մարեմի» շենք։ 2009 թվականին կառավարության որոշմամբ «Կումայրի արգելոց-թանգարանի» կազմից այս շենքը փոխանցվել էր Մշակույթի նախարարությանը։

168.am-ի հետ զրույցում Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, հանրության կառավարման փորձագետ Արթուր Գևորգյանը խոսել է ոչ միայն շենքը վերականգնելու ամենահարմար տարբերակների, այլև օրերս Գյումրիում տեղի ունեցած «Ֆեստիվառի», Թաթայի համերգի ու համերգին Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի ներկայության մասին։

Նախ մեր զրուցակիցն անդրադարձավ հայտնի շենքին, այն Անդրկովկասում առաջին փոստատան շենքն է եղել, բայց  1988-ի երկրաշարժից հետո օգտագործվել է՝ որպես բնակելի  շենք, հետո  սկսվել է շենքի փլուզումը։ Այն  փաստորեն երկու առումով  պատմամշակութային հուշարձան է, և քաղաքապետարանը միջամտության հնարավորություն չունի,  պետական տարբեր մակարդակներով այն վերականգնելու համար տարբեր խոստումներ են տրվել, սակայն սայլը տեղից չի շարժվել։

«2-3 տարին մեկ հայտնվում են լուրեր, որ ինչ-որ մեկը կա, որ ցանկանում է շենքը գնել ու վերականգնել, և այլն։ Այս տարի անձրևները շատ-շատ էին, ուստի շենքի ներսից փլուզվել է։ Վերականգնելու լավագույն տարբերակը կլինի այն, որ օրվա իշխանությունը կամ որևէ իշխանություն համարձակություն ունենա նորմալ կազմակերպել շենքի օտարման հարցը, դնի աճուրդի, կամ որոշի, որ անձամբ է վերականգնելու»,- նշեց Արթուր Գևորգյանը։

Ինչ վերաբերում է օրերս Գյումրիում անցկացված, այսպես կոչված,  «Ֆեստիվառին», ապա քանդակագործն ասաց՝ այդ միջոցառման Գյումրվա հատվածի վրա ծախսվել է 83 մլն դրամ։ «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» ծրագիրը, որը տևել է 4 ամիս, տարբեր ծրագրեր է ներառել, որոնք ուղղված էին Գյումրու մշակութային անվան վերականգնմանը, ծախսվել է 193 մլն դրամ՝ ոչ ամբողջությամբ։

«Այսինքն՝ 83 մլն դրամ ծախսել, դրան էլ գումարել 30 մլն դրամ ու տալ երգիչ Թաթային ու ասել՝ «լավ արվեստոտ համերգ ես արել», մի քիչ հասկանալի չէ։ Ինձ համար ընկալելի չէ սա, քանի որ իրականում լրջագույն հարցերից մեկն այն է, որ Գյումրիում մեկօրյա ծախս ենթադրող, առանց կրթական, մշակութային հետևանքների միջոցառումն անհասկանալի է։ Գոնե տվյալ դեպքում խնդիրը չպետք է լինի միայն ուրախանալը, այլ զարգացումը ևս»,- հավելել է Արթուր Գևորգյանը։

Մեր զրուցակիցն անդրադարձավ  Թաթայի  համերգին գյումրեցիների մասնակցությանը, ինչի մասին համացանցում տարբեր կարծիքներ, անգամ քննադատություն է հնչում: Հանրության կառավարման փորձագետի մեկնաբանությամբ՝ ՀՀ-ում օրվա իշխանությունների օրոք կա հասարակության  մի հատված, որը պատրաստ է Գյումրիից վազել Գորիս, Գորիսից Գյումրի, միայն թե ամենատարբեր միջոցառումների մասնակցի, վայելի։

«Ինքս նման մտածողությանը դեմ ոչինչ չունեմ։

Գալով այդ համերգին, ասեմ, որ այն իրականում իշխանության շղարշն է, որով փորձում է ցույց տալ, որ երկրում ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա, ժողովուրդն ուրախանում է։ Երբ Նիկոլ Փաշինյանը և իր կինը ցույց են տալիս, որ մենք այստեղ ենք, ձեզ նման եկել համերգ ենք լսում, ինքնըստինքյան քաղաքական դիվիդենտներ հավաքելու էժան ու մանր քայլ է, որը խորությամբ մտածված է իշխանության կողմից։

Այստեղ որպես գյումրեցի՝ մեկ հարց ունեմ Նիկոլ Փաշինյանին, ինչո՞ւ չի մասնակցում «Գյումրվա օր» տոնակատարություններին, և «Ֆեստիվառ»ին մասնակցելուց հետո Գյումրին լքեց։ Համերգի, ծափահարությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանի երևալը ընկալելի է, բայց «Գյումրվա օր» տոնակատարությունների շրջանակներում դուրս գալ, քայլել Գյումրու փողոցներում, գուցե այնպես պատահի, որ բաներ լսի, որոնք չի ցանկանում լսել ու խուսափում է լսելուց։ Վերջին հաշվով, Հայաստանում ընկալում կա, որ Գյումրին Նիկոլ Փաշինյանի հենարաններից մեկն է, որտեղ բոլորն իշխանամետ են, ու այդ ֆոնին, երբ Նիկոլ Փաշինյանը «Գյումրվա օր» միջոցառումներին չի մասնակցում, շատ բանի մասին է փաստում ու խոսում Գյումրիում նրա ունեցած վարկանիշի մասին»,- ընդգծեց Ա. Գևորգյանը։

Հիշեցնենք, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանն իր քայլերթը սկսեց հենց Գյումրիից:

Եվ մեր զրուցակցի գնահատմամբ՝  Գյումրիում կազմակերպված համերգը և Փաշինյան ընտանիքի մասնակցությունը դրան՝   ժողովրդի ուրախանալու, ծափ տալու ցանկությունը, սեփական քաղաքական նպատակների համար ժողովրդին օգտագործելու քայլ էր։

«Սա ընդհանուր տարեկան միջոցառումների մեջ սեփական օրակարգը խցկելու քայլ էր։ Բնական է, որ նրանց նման իշխանությունը, որը պոպուլիզմի ջատագով է, պետք է ամեն ինչ օգտագործեր իր քաղաքական նպատակների համար։ Կրկնում եմ՝ օգտագործող էին, թող մնային նաև երկրորդ օրն ու տեսնեին, թե ինչ են խոսում քաղաքացիները ու ինչ հարցեր ունեին իրենց։ Նիկոլ Փաշինյանին և նրա կնոջը մոտեցող քաղաքացիների մեծ մասը հաստատ գյումրեցիներ չէին, քանի որ համերգից հետո խցանումներ էր գոյացել, որովհետև Գյումրի եկած հյուրերն էին տուն վերադառնում այստեղից»,- եզրափակեց Արթուր Գևորգյանը։