կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-02-11 14:56
Տարածաշրջան

Առանց կոալիցիայի չենք անցնի Եփրատ գետի արևմտյան ափը. PYD-ի ղեկավար

Առանց կոալիցիայի չենք անցնի Եփրատ գետի արևմտյան ափը. PYD-ի ղեկավար

Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (ԺՄԿ-PYD) ղեկավար Սալիհ Մուսլիմը հայտարարել է, որ  քրդական ուժերը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում, առանց կոալիցիոն ուժերի համակարգման, չեն անցնի Եփրատ գետի արևմտյան ափը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական Haberler լրատվակայքի` վերոնշյալ հայտարարությունը Մուսլիմն արել է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Նա  ընդգծել է, որ իրենց գլխավոր մտահոգությունը  Թուրքիայի  մասնակցությունն է  սիրիական պատերազմին: Մուսլիմի խոսքերով` այժմ Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող բախումները չեն ընդգրկում քրդական տարածքները, դրանք ընթանում են միայն մերձակա շրջաններում, իսկ քրդական ուժերը մասնակցություն չունեն: Այդ բախումներին, ըստ նրա, մասնակցում են միայն ԺՄԿ-ի ռազմական թև հանդիսացող «Ժողովրդի պաշտպանության ուժերի» (ԺՊՈւ-YPG) որոշ արաբ դաշնակիցներ, որոնք  նախկինում կռվել են «Ալ Նուսրա» ահաբեկչական կազմակերպության դեմ:

«Թուրքական ջոկատների և Սիրիայում գործող զինված խմբավորումների միջև ապագայում դաշնակցության հարց կարող է առաջանալ, և նրանք քրդական տարածքների վրա կարող են հարձակվել»,- ասել է ԺՄԿ-ի ղեկավարը:

Նշենք, որ ավելի վաղ  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  հայտարարության էր արել, որ  իրենք երբեք թույլ չեն տա, որ քրդական ուժերն անցնեն Եփրատ գետի արևմտյան ափը: