Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Առաջին անհրաժեշտության ապրանքների գները երկնիշ թվով են աճել: Մսամթերքը 20 տոկոս, հացամթերքը` 20-25 տոկոս, կարտոֆիլը` մինչեւ 1000 տոկոս, 300 տոկոս` հնդկաձավարը եւ այլն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Վերոնշյալ ցուցանիշները վերաբերում են 2009-2010 թվականներին: Թ. Մանասերյանը նշեց, որ տարօրինակն այն է, որ գնաճ կա նաեւ այն ապրանքների դեպքում, որոնց արտադրությունը տեղում է կազմակերպվում, օրինակ` ձուն:
Ըստ Թ. Մանասերյանի` գնաճի դեպքում իրենց պատասխանատվության բաժինն ունեն թե' Կենտրոնական բանկը, թե' տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, թե' պետեկամուտների կոմիտեն, թե' ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունները:
Եվ խնդիրը լուծելու համար հարկավոր է դերերի ճիշտ բաշխում իրականացնել պետության ներսում:
«Բարձր գնաճի իրական պատճառները եւ դրանց հաղթահարման հեռանկարները» տնտեսագիտական վերլուծությունը ներկայացնելիս Թ. Մանասերյանն ասաց, թե ներկայումս 470 սպառողական ապրանքների գների ինդեքսի հաշվարկը համարժեք չի արտացոլում երկրի տնտեսության ներսում առկա կարեւորագույն միտումները, իսկ վիճակագրական տվյալները խիստ միջինացված եւ միակողմանի են լինում:
Ըստ այդ վերլուծության` գնաճի արտաքին պատճառներն են ապրանքների միջազգային գների աճը, բնական աղետները, ճգնաժամի պայմաններում աշխարհի տարբեր երկրներում սպառողների գնողունակության նկատելի անկումը, զարգացած երկրների կողմից գյուղմթերքի արտադրության պետական խոշորամասշտաբ սուբսիդավորման քաղաքականությունը, որը անհավասար մրցակցային պայմաններ է ստեղծում թույլ զարգացած երկրների համար։
Ներքին պատճառներից են ներկրվող ապրանքների` համաշխարհային շուկայում ձևավորված բարձր գները, դրանք զսպելու համար ֆինանսական ռեսուրսների անբավարար քանակությունը, հետեւաբար` աշխատավարձի եւ կենսաթոշակների ինդեքսավորման անկարողությունը, եղանակային անբարենպաստ պայմանները, հարկային համակարգի արդյունավետության ցածր մակարդակը, ստվերային տնտեսության բարձր տեսակարար կշիռը, կոռուպցիան եւ կաշառակերությունը, տեղական արտադրության կրճատումը, գազի սակագնի բարձրացումը և որոշ ապրանքների գծով գների մենաշնորհների առկայությունը։