կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-15 22:22
Քաղաքական

Ընտրություններ են անում՝ ծախսածը տասնապատիկ ավելի վերադարձնելու ակնկալիքով. մեր ճանապարհը դա չէ. Տարոն Տոնոյան

Ընտրություններ են անում՝ ծախսածը տասնապատիկ ավելի վերադարձնելու ակնկալիքով. մեր ճանապարհը դա չէ. Տարոն Տոնոյան

Հայտնել ենք, որ ՀՅԴ-ականներն այսօր նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպում են ունեցել Արագածոտնի մարզի բնակիչների հետ: Ապարան քաղաքում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ նաև «Երևան» ԲԿ գլխավոր վիրաբույժ, ՀՅԴ-ական Տարոն Տոնոյանը, ով ներկաներին ասաց՝ ինչն է պատճառը, որ, լինելով վիրաբույժ, նաև խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել՝ առաջադրվելով ՀՅԴ-ի ցուցակով, ապա ներկայացրեց այն հիմնավորումները, որոնցից ելնելով քաղաքացին կարող է ընտրել հենց Դաշնակցությանը:

«Սահմանադրական բարփոխումները հնարավորություն են տալիս արդարացի ընտրություններ կատարել, մենք պարտավոր ենք օգտվել ընձեռված հնարավորությունից: Հասկանալով հանդերձ, որ մեր՝ իշխանություն մտնելով, մեր ռեյտինգն ընկնում է, կեղծ ընդդիմություն չենք խաղացել, մտել ենք՝ գին վճարելու համար, որպեսզի սահմանդրական բարեփոխումները լինեն»,- ասաց Տոնոյանը՝ շարունակելով խոսքը. «Ես 20 տարուց ավելի չարչարվել եմ, վիրաբույժ եմ, կարծում եմ՝ կայացած, Հայաստանում ամենաշատ վիրահատություն անողներից մեկն եմ ես, բայց եթե թողել-եկել եմ այստեղ, ուրեմն հավատացե ՛ք, մենք ուզում ենք փակել այն մարդկանց ճանապարհը, ովքեր տգետ են, թուլամիտ են, սեփական շահը պետական շահից, ժողովրդի շահից վեր են դասում: Ուզում ենք զբաղեցնել այդ տեղը, բայց հետո մեծ սիրով կզիջենք այդ տեղը այն երիտասարդներին, ովքեր իրավագետներ են, տնտեսագետներ են, համաշխարհային փորձ են ուսումնասիրում, նրանցն է այդ ճանապարհը, ոչ թե այն երիտասարդներինը, ովքեր ճիշտ ժամանակին ճիշտ ընտրություն են կատարում ՝ քեռիներ են ընտրում, քավորներ են ընտրում, զինակոչներ են խփում իրենց վրա, գնում են առաջ՝ հավատարմության երդում տալով, գալիս հասնում են պետական լուրջ պաշտոնների ու թելադրում են իրենց կամքը, վերևից են նայում մեզ բոլորիս: Ընտրություններ են անում՝ ծախսածը տասնապատիկ ավելի վերադարձնելու ակնկալիքով: Մեր ճանապարհը դա չէ»:

Տոնոյանի խոսքով՝ ՀՅԴ-ն այն ուժն է, որը կարողացել է խորհրդարանում սակավաթիվ ներկայացվածությամբ լուրջ խնդիրներ լուծել: «Մենք կարողացել ենք փոքրաթիվ լինելով՝ իշխանություններին պարտադրել սահմանադրական բարեփոխումներ, որպեսզի կարողանանք այն առավելությունները, որ տալիս է նոր Սահամադրությունը՝ դրանով նոր ճանապարհ բացենք մեր երկրի համար»,- ասաց Տոնոյանը, ապա դիմեց ներկաներին՝ հորդորելով սեփական ձայնը չվաճառել ու քվեարկել խղճի թելադրանքով: