կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-17 07:58
Հասարակություն

Շուրջն աղմուկ է, ու չեք լսում

Շուրջն աղմուկ է, ու չեք լսում

Պատասխանելով  «Երկիր» օրաթերթում  տպագրված   հոդվածին,  որտեղ  ես  իմ  տարակուսանքն  էի  հայտնել , թե  ինչ  պետք   է   անի  Մայր Աթոռի  ներկայացուցիչը  գյուղնախարարությունում,  Արսեն  սարկավագը  (տես՝ http://yerkir.am/am/news/3076.htm)    պատասխանել  է հոգեւորականի  համար  փոքր-ինչ  կոշտ  տոնայնությամբ   (ուզում  եմ  նկատեք,  որ  «Երկիր» թերթի   հոդվածում,  որը  ես   կարդացի  եւս  մեկ  անգամ ինքս  ինձ  ստուգելու  համար, ոչ  մի  վիրավորական  բառ  չկար, ի  տարբերություն  պատասխանի)  եւ  ձեւակերպել  մտքեր,  որոնք  տրամաբանորեն  վերցված  են  մեր  աշխարհիկ  եւ  հոգեւոր  բարոյականությունից։

 

Ինչ  խոսք, այս դեպքում տեղին չէին: Մասնավորապես  մեղադրելով  ինձ ՀՅ Դաշնակցության  պատվեր  կատարելու  մեջ,  իմ  շրջապատում զվարթ  աշխուժություն  առաջացրիք,  որովհետեւ նախ  ես  որեւէ  առնչություն  չունեմ  կուսակցության  հետ,  երկրորդ`  իմ  լրագրողական  գործունեության  ընթացքում  երբեւէ  որեւէ   խմբագրի,  առավել  եւս,   ուրիշ  մեկի  պատվեր  չեմ  կատարել` շնորհիվ  դաստիարակության,  որ  ստացել  եմ  եւ  իմ  ու  Ձեր  Աստծո  ողորմության,  որ  ստիպված  չեմ  եղել    խղճիս  դեմ  քայլեր  անելու: Ինչ վերաբերում է  «ապրես»-ին,  հանուն որի,  Ձեր  կարծիքով,  գրել  եմ  այդ  հոդվածը, ապա  ասեմ,  որ լրագրության  մեջ  սարկավագ  չեմ,  ու  ինձ    վաղուց  «ապրես» չեն  ասում:

 

Վերադառնալով  Արսեն  սարկավագի  հիպոթեզին, թե  հոդվածը  գրելու  պատճառն  այն  է,  որ «թերթը լինելով  կուսակցական  օրգան («Երկիր»-ը  ՀՅ Դաշնակցության  օրգան  չէ)  եւ,  ելնելով  այն  իրողությունից , թե  վերջին  ժամանակները  կուսակցությունն է  ղեկավարել  գյուղնախարարությունը,  ըստ  երեւույթին,  իր  մտքում  արդեն  սեփականաշնորհել է  նախարարությունը,  եւ  իր  համար  անհասկանալի  է   թվում,   որ  իրեն  «պատկանող»  նախարարության  մեջ  եկեղեցին  կարող  է  մասնակցություն   ունենալ» կարող  եմ  միայն   ասել,  որ  դաշնակցության  ու  իմ  միտքը  տարբեր,  իրարից  անկախ  գործող  սուբստանցիաներ  են,  եւ  ես  կարող  եմ  միայն   հայտարարել, քանի  որ  երդվել  չի  կարելի,  որ  իմ  ուղեղում  դաշնակցական  գյուղնախարարի  թեմատիկան  առհասարակ  բացակայել  է:

 

Հավատալը  թողնում  եմ  ձեր  խղճին:


Ինչ  վերաբերում  է «լրագրողական  էթիկայի  պակասին,  որը   թույլ  չի  տվել  հեղինակին  իրեն  հետաքրքրող  հարցերով  դիմել  հենց  Մայր Աթոռին» կարող  եմ  միայն  հիշեցնել, որ  օրեր  առաջ, երբ «Երկիր» օրաթերթի  լրագրողը  Մայր  Աթոռից  հետաքրքրվել  էր    Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին  Բ  Ամենայն  հայոց  կաթողիկոսի  առողջության  մասին` նրան  կոպտել  ու  հեռախոսը  անջատել էին: Հավանաբար   վատ   փորձն  էր  չզանգելու  պատճառը: Հաջորդ  անգամ  անպայման  կհամարձակվեմ  զանգել:

 

Իսկ  այն,  որ  «եկեղեցու  կատարած  որեւէ  քայլ  այս  մարդկանց  մոտ  առաջացնում է  այնպիսի  հակազդեցություն,  ինչպիսին  կարմիր  գույնը  ցլի  համար» (Ա. Սարկավագ), թույլ  տվեք  չզանգել  իմանալու, թե  ինչ  նկատի  ունեիք  եւ փորձել  ինքնուրույն  հասկանալ: Հավանաբար  ուզում  էիք   ասել,  որ  «այս  մարդիկ» դեռ  մնացել  են  աթեիստական  անցյալում  եւ  խորշում  են  եկեղեցուց,  այդ  դեպքում՝  անհամեստորեն  ուզում  եմ  նշել,  որ  ես  դարձյալ «այդ  մարդկանցից»  չեմ, որովհետեւ  մայրական  կողմից   սերում  եմ  Բաքվի  հայկական  եկեղեցու  քահանա  Ներսես  Տեր-Կարապետյանի,  իսկ  հայրական  կողմից ` արքեպիսկոպոս  Տիրայր  Տեր-Հովհաննիսյանի տոհմից  ու  եկեղեցին  ինձ  համար  1988-ից  չի  հաճախելի  դարձել:

 

Այլ  բան,  որ  եկեղեցու  անբացատրելի  բացակայությունից,  երբ  ներկայությունն  անհրաժեշտություն   է, ու  անբացատրելի  ներկայությունից,  երբ  ներկայությունն  անհասկանալի  է` իմ  մեջ  հակազդեցություն, իրոք,  առաջանում  է, բայց  ոչ «ինչպիսին  կարմիր  գույնը  ցլի  համար»:

 

Այլ ուրիշ  հակազդեցություն:


Իսկ ինչ  վերաբերում  է «աղմկոտ  հոդված  ունենալու  գայթակղությանը», միթե  իրոք  կարծում  եք,  որ  այսօր  կարելի  է   այնպիսի  հոդված  գրել,  որ  աղմուկ  առաջացնի,  երբ  շուրջդ  ուղղակի  աղաղակ  է` չե՞ք  լսում:

 

Լուսինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ