Ամբողջ աշխարհում է այդպես։ Կանայք՝ քայլ առ քայլ նվաճում են նոր կենսատարածք ու դառնում են ավելի իմաստուն, ավելի են օժտվում իշխանությամբ, մի խոսքով, ավելի ուժեղ են դառնում։ Իհարկե շատ լավ է։ Ո՞վ բան ասաց։ Սակայն ուժեղ կինը նաև մայր է, և նա իր որդիներին դաստիարակելիս, առաջնորդվում է կանացի իր բնազդներով, նրանց պահում է իր հսկողության տակ, աշխատում է զերծ պահել կոնֆլիկտներից, փողոցից, հակամարտություններից, բանակից։
Ի վերջո նա կերտում է «ժամանակակից»՝ թույլ տղամարդուն։ Ես մի անգամ այս մասին արդեն գրել եմ և սվիններով եմ ընդունվել շատերի կողմից։ Ժամանակակից կինը դաստիարակում է մի տղամարդու, ում հետ ինքը չէր կապի իր կյանքը, եթե այդպիսին լիներ իր ապագա ամուսինը։
Սրան գումարվում են անհայրության, ընտանիքից հեռու լինելու, արտագնա աշխատանքի դեպքերն ու դպրոցներում, մանկական հաստատություններում՝ կանանց գերակշիռ առավելությունը՝ ուսուցիչների ու դաստիարակների շարքերում։
Գուցե մեծ ողբերգություն չկա այս ամենի մեջ՝ կասեք Դուք։
Չէր լինի, եթե մենք չապրեինք քաղաքակրթական ու կրոնական տարբերությունների այնպիսի գոտում, ինչպիսին այսօրվա Հարավային Կովկասն է։ Մեր դիմաց մեր թշնամի, հակառակորդ ու մրցակից ժողովուրդներն են՝ թուրք, արաբ, պարսիկ, քուրդ։ Մեզ այս հարցում նմանվում են մեր դրացի վրացիները։ Եթե մենք ուժեղ, ամուր, երբեմն՝ կոպիտ, հարձակվելու, նույնիսկ ոչնչացնելու պատրաստ հայորդի չդաստիարակենք, մի երկու տասնամյակ անց վայն եկել ու տարել է մեզ։
Հարկավոր է փոխել թե ընտանեկան, թե դպրոցական ու նախադպրոցական դաստիարակության համակարգն ու մեթոդները։ Այսօր, անգամ հայկական հանցագործ աշխահն է զիջում է ռուսների, թուրքերի, ալբանացիների ու չեչենների կազմակերպվածությանը։
Մենք՝ երեսուն տարի հպարտանում էինք նրանով, որ նախկին ԽՍՀՄ հանրապետություններից միակն ենք, ով տարածք չի կորցրել։ Ավելին՝ ազատագրել է ու մեծացրել իր կենսատարածքը։ Սակայն հաղթանակի ուրվականը չարիք դարձավ ու մենք պարտվեցինք։ Եթե մի քանի ամիս առաջ մեզ ցուցում էին Վրաստանի որոշ հաջողություններ, մենք որպես հակադարձում, նշում էինք մեր հաղթանակը Արցախյան առաջին Ազատամարտում։ Այսօր մեր կենսատարածքը նվազեց, մենք էլ կորցրինք մեր հպարտ ինքնությունը։ Հիմա մենք ապրում ենք, փոխաբերական իմաստով ասած, ավելի փոքր բնակարանում, որտեղ, պարտության պատճառով, հակված ենք իրար քննադատելու ու ոչնչացնելու։ Գործում է ծանծաղ ջրերի օրենքը։ Այն ջրերի, որոնցով ծովային նավեր չեն անցնում, որտեղ խորությունն այնքան փոքր է, որ ամեն մի քննարկում բարձրացնում է տիղմը հատակից։ Ազգային որոշ պարսավելի հատկանիշների պատճառով գոյացած այս դարավոր տիղմը չի էլ հասցնում նստվածք տալ։ Իսկ պղտոր ջրերում նիկոլներն են, որ ձուկ են որսում, կամ գալիս են իշխանության։
Պիտի ասեմ, որ նիկոլականության առաջացման մեղավորը Սերժ Սարգսյանի իշխանությունն էր իր բնույթով, և, հատկապես նախկին նախագահի` իշխանությունից անօրինական կառչելու նրա կիրքը։ Բավական էր, որ նա օրենքով ու գեղեցիկ հեռանար, ու չէր լինի ոչ մի տեսակի նիկոլ։
Այս պատերազմում մենք մեզ պարտվեցինք, կամ մեր կիսատ կեսը պարտվեց մեր առողջ, իսկական, ազգային կեսին։
Զավակներ դաստիարակելիս, պիտի մեղուներ դաստիարակենք, ովքեր աշխարհը նվաճելով, պիտի հայրենիք վերադառնան ու շենացնեն այն։ Սա է կենսատարածքը մեծացնելու, ծանծաղությունից խուսափելու, ընդլայնվելու մեր մեթոդը, մանավանդ, որ սրա հիմքերը ունենք։
Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Մեզ փոխարինող ենք դաստիարակում, սրճարանի, կամ, լավագույն դեպքում, փոքրիկ ձեռնարկության մի պատասխանատուի, ով չի կարդում, չի երևակայում, չի հայտնագործում, չի արարում, այլ առաջնորդվելով ազգային լինելության կամ գոյաբանական՝ դարերով հոլովված բնազդով, աշխատում է եղածի վրա, խորաթափանց, հեռատես չի դառնում ու սահմանափակվում է Երևան մայրաքաղաքով ու Հայաստանով։
Մի ամբողջ սփյուռք երկու հարյուր միլիոն դոլար հավաքեց։ Սա վատ ցուցանիշ է այն ժամանակ, երբ պատերազմները միլիարդներ արժեն։ Ինչու՞։ Որովհետև, համեստ լինելու, քչով բավարարվելու, միայն հայի հետ մրցակցելու բնազդը անում էր իր սև գործը, որը ես անվանում եմ ոզնիացում։
Փշերն աշխարհին ուղղած ինքնաբավ մի գազանիկ է նա, ում տրված չէ հզոր գիշատիչների՝ գայլի, վագրի կամ առյուծի երջանկության գաղտիքների հրաշալի աշխարհը։
Հայաստանի նման երկրում, որտեղ, Երկրի շուրջը ավելի շատ թուրք ծնվում է ամեն տարի, քան Հայաստանում Հայ է ապրում, որտեղ աշխարհաքաղաքական վեկտորները բախվում են իրար առավելագույն դաժանությամբ, որտեղ գոյություն ունեն ԱՄ Նահանգների, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Թուրքիայի, Չինաստանի, Իրանի, Սունի Իսլամի, Շիա Իսլամի, Կաթոլիկ ու Ուղղափառ Եկեղեցիների ու բազմապիսի, բազմաթիվ այլ շահեր, ծիծաղելի է լոկ համամարդկային ու ժամանակակից սին արևմտյան արժեքներով առաջնորդվելը։ Մեր հարևանությամբ ապրող Պարսիկը, արաբն ու քուրդը, թուրքը՝ թքած ունեն այդ արժեհամակարգերի վրա։ Ուստի՝ միայն ազգային պետություն, լոկ ազգային կրթություն ու մշակույթ՝ սա է բանաձևը, մեր իմունիտետը, մեր հակաթույնը»։