կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-19 22:00
Քաղաքական

Իմ երկրում աղավնիներին չեն սպանում

Իմ երկրում աղավնիներին չեն սպանում

Հունվարի 19-ին լրանում է Հրանտ Դինքի զոհվելու չորրորդ տարիլիցը: «Ակօսի» գլխավոր խմբագիրը սպանվել էր 2007թ. հունվարի 19-ին Շիշլիում գտնվող իր խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մեկ օր անց ձերբակալվել էր նրա վրա կրակած 17-ամյա Օգյուն Սամաստը, և սևծովյան Տրաբզոն նահանգի տասը բնակիչ՝ սպանությանը մասնակից լինելու կասկածով, որոնց թվում էր սպանողի գաղափարական ոգեշնչող Յասին Հայալը` մարդ, ով հայտնի է իր արմատական իսլամիստական գաղափարներով և ժամանակին գտնվել է բանտում՝ ահաբեկչության համար: Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը: Մարդասպանը հեռանալուց գոչել էր «գյավուր», ինչը շատ ու շատ հարցերի պատասխաններ է տալիս:

 

Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի` «Ակօսի»-ի խմբագիրը հայտնի էր իր քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով:

 

Դինքը պնդում էր, որ ցեղասպանությունն ունի քաղաքական աստառ, և թուրքական իշխանությունն ու հասարակությունը պետք է ճանաչեն կատարված հանցագործությունում իրենց մեղքը:

 

Դինքը քննադատել է Թուրքիայի պետական հիմնը, որում թուրքերը համարվում են հերոսական ազգ, եւ այդ օրհներգը պարտավոր են կատարել նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները։ Դինքը քննադատել էր նաեւ Թուրքիայի դպրոցների աշակերտական երդումը՝ «Ես թուրք եմ, ես ազնիվ եմ, ջանասեր», որը պետք է ասի ամեն երեխա՝ անկախ ազգությունից։

 

Մի հարցազրույցում Հրանտ Դինքն ասել էր, թե պետք է հրաժարվել թուրքերի նկատմամբ թշնամանքից, քանի որ այն թունավորում է մեր արյունը։ Հայ լրագրողի ու խմբագրի այս արտահայտությունը Թուրքիայում ներկայացվել էր այլ կերպ՝ իբր թուրքական արյունը թունավոր է, կամ` թե թուրքերն ունեն կեղտոտ արյուն։ Սա էլ պատճառ էր դարձել, որպեսզի Դինքը դառնա թուրքական պետության եւ հասարակության ազգայնական հատվածի թիրախը, ինչն էլ ավարտվեց հունվարի 19-ի ողբերգությամբ.«Ես երբեք չեմ վիրավորել ու չեմ վիրավորի որեւէ ժողովրդի: Հայը չի կարող նման բան անել։ Մենք չենք վիրավորում, այլ փնտրում ենք մեր իրավունքը։ Ես հենց դրա մասին եմ խոսում, որ փնտրում եմ իմ իրավունքը, իմ նախնիների իրավունքը»:

 

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են Արգենտինայի, Բելգիայի, Բուլղարիայի, Վենեսուելայի, Հոլանդիայի, Հունաստանի, Իտալիայի, Կանադայի, Կիպրոսի, Լիբանանի, Լիտվայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Սլովակիայի, Ուրուգվայի (1965թ. այդ երկիրն առաջինը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցողասպանությունը), Ֆրանսիայի և Շվեդիայի խորհրդարանները, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ:

 

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները: Ավելին, Թուրքիայում 1915թ. դեպքերի համար «ցեղասպանություն» բառը գործածելը համարվում է հանցագործություն, այն դասվում է Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի տակ, որը քրեական հետապնդում է նախատեսում «թուրք ինքնությունը վիրավորելու» համար:

 

Թուրք ազգին վիրավորելու համար Թուրքիայում Դինքին 3 անգամ դատական պատասխանատվության են ենթարկել.առաջին անգամ նա արդարացվել է, երկրորդ անգամ դատապարտվել է 6-ամսյա բանտարկության, իսկ 3-րդ մեղադրանքը թուրքական կողմը չհասցրեց հարուցել:

 

Ազդեցիկ էր Դինքի հայտարարությունն այն մասին, որ թուրքական հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեդուստր Սաբիհա Գյոկչեն էթնիկ հայ էր, որը ծնողներին կորցրել էր Անատոլիայում տեղի ունեցած զանգվածային սպանությունների ժամանակ։ Սաբիհա Գյոկչեն Թուրքիայի պատմության մեջ առաջին կին ռազմական օդաչուն է, երկրի ազգային հերոս։ Թուրքիայի ազգայնական շրջանակներում այս հայտարարությունն ընդունվել էր բավականին բացասական։ Դինքին հասցեին, ով մինչ այդ ևս ստանում էր զգուշացումներ, սկսեցին ստացվել բազմաթիվ սպառնալիքներ։

 

Սակայն լրագրողի ջանքերը չէին սահմանափակվում միայն ցեղասպանության ճանաչմամբ։ Նա իրեն անվանում էր Թուրքիայի հայրենասեր և իր գլխավոր նպատակն էր համարում հայ և թուրք ժողովուրդների հաշտեցումը։ Դինքը մշտապես սպառնալիքներ էր ստանում թուրք ազգայնականների կողմից, սակայն պահակախումբ նրան այդպես էլ չտրամադրվեց։ Իր վերջին հոդվածում նա գրել է. «Պարոնայք նախարարներ, իսկ գիտե՞ք դուք, արդյոք, թե ինչ զգացողություն է, երբ դու և քո ընտանիքը ենթարկվում եք մշտական վիրավորանքների և սպառնալիքների... Ես շատ անգամ եմ մտածել երկիրը լքելու մասին։ Սակայն այդ ելքն ինձ համար չէ։ Ես գիտեմ, որ 2007 թվականն ինձ համար ավելի դժվար է լինելու, քան անցած տարին։ Ես հոգնած եմ և վախեցած, ինչպես փողոցի հալածված աղավնին։ Սակայն ես, այնուամենայնիվ, հավատում եմ, որ իմ երկրում աղավնիներին չեն սպանում»:

 

Այս համատեքստում շատ կարևոր է մեջլիսի պատգամավորներից մեկի՝ Մեհմեդ Ուֆուկ Ուրասի հայտարարությունը. «Մենք սարսափելի հանցագործություն ենք կատարել հայերի դեմ, և Թուրքիան պետք է ճանաչի այն։ Կարևոր չէ, թե ինչպես կանվանենք այդ ողբերգությունը՝ ցեղասպանություն, էթնիկ զտում և այլն։ Շատ ավելի կարևոր է, որ այդ սարսափելի հանցագործությունը տեղի է ունեցել, և դա անհնար է ժխտել։ Մենք պետք է ընդունենք պատմությունն այնպես, ինչպես այն կա, բուժենք վերքերը, զարգացնենք հարաբերությունները Հայաստանի հետ, պետք է պաշտպանենք մեր հայ հայրենակիցներին և փոխհատուցենք նրանց նախնիների կորցրած ունեցվածքը։ Ճշմարտությունն այն մասին, թե ինչ է տեղի ունեցել 20-րդ դարասկզբին, ես լսել եմ իմ ծնողներից։ Մենք համոզված ենք, որ ժխտման քաղաքականությամբ ոչնչի հասնել հնարավոր չէ»։

 

«Ակօս» շաբաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը հետմահու ներկայացվել է բազմաթիվ մրցանակների, որոնց թվում են Գեներալ Մադաթովի շքանշանը, Թուրքիայի Լրագրողների միության մրցանակը: 2007թ. հունիսին Հրանտ Դինքին հետմահու շնորհվեց ՀՀ նախագահի մրցանակ: Մրցանակը հանձնելուց ՀՀ նախագահը նշեց, որ առաջին անգամ է նախագահի մրցանակը հանձնում հետմահու.«Հրանտ Դինքի մահը մեծ կորուստ էր մեր ժողովրդի համար: Մենք միշտ կհիշենք նրան, և մենք հավաստիացնում ենք նրա ընտանիքին, որ Հայաստանն իրենց տունն է, որտեղ մենք միշտ ուրախ ենք նրանց տեսնել»:

 

Մրցանակը ստանալու համար Թուրքիայից եկել էին Դինքի կինը` Ռաքել Դինքը, դուստրը` Դելաուա Դինքը և եղբայրը` Երվանդ Դինքը: Նախագահը մրցանակը հանձնեց Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին, որը հայտարարեց.«Հայաստանի նախագահի մրցանակը միաժամանակ և պատվավոր, և տխուր է ընտանիքի համար: Ես համոզված եմ, որ Հրանտը կցանկանար լինել մեզ հետ: Նա միշտ ասում էր, որ Հայաստանը մեծ հայրենիքն է, իսկ Սփյուռքը՝ փոքր կղզիներ են»: