կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-13 04:04
Հասարակություն

Քաղաքը կամայականություններ չի սիրում

Քաղաքը կամայականություններ չի սիրում

Երեւանի այժմյան բնակֆոնդը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի համոզմամբ, աղավաղված է ու շեղված քաղաքաշինական բոլոր նորմերից: «Մենք շենքերը շահագործում ենք անխնա եւ ոչինչ չենք անում նրանց կյանքը երկարացնելու համար»,-ցավով նշում է ճարտարապետների միության նախագահը` արձանագրելով, որ «մանսարդայինե հարկերի անվան տակ մեծ ու անճոռնի կառույցներ են վեր խոյանում, այն էլ ծանր բետոնից, ինչը խարխլում ու վնասում է շենքի հիմքը: Ու թեպետ Մկրտիչ Մինասյանը փաստում է, որ նման կառուցապատումներն օրենքով պատժելի են, բայց միաժամանակ հավելում է, որ մինչեւ հիմա ոչ մի նման կառույց չի քանդվել: «Քաղաքը չի կարող կուլ տալ այդքան մեծ թվով դեֆորմացիաներ, չի կարող դիմանալ ամեն մի կամայականության: Տեղական իշխանություններն էլ այնքան քաջություն չունեն, որ քանդեն, քանի որ բոլորիս է հայտնի`կառույցները ստեղծվել են լծակներ ու հնարավորություններ ունեցող մարդկանց կողմից, որոնց թվում է, թե ամեն ինչ կարող են անել»: Պրն Մինասյանը նշում է, որ ճարտարապետների միությունը կասեցնելու կամ վերահսկելու լծակներ չունի, միայն խորհրդատվական ձայն ունի նաեւ Քաղաքաշինական խորհուրդը, որի անդամ է: «Մենք այս հարցով բազմիցս ենք դիմել տեղական իշխանությանը: Նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն արդեն սկսել էր ինչ-ինչ աշխատանքներ տանել: Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքի 40 շենքերի ճակատներ թարմացվեցին, ներկվեցին, վերականգնվեց այդ շենքերի նախնական գրավչությունը, տեսքը: Մենք արդեն կորցրել էինք այն զգացողությունը, թե որքան պայծառ են այդ շենքերը»:

 

Գռեհիկ, մեծ պաստառները եւս անթույլատրելի են քաղաքի համար: Մկրտիչ Մինասյանը մտահոգված է հատկապես Օպերայի շենքին հարող տարածքի համար, որ ամբողջովին շրջապատված է անհեթեթ ու հսկայական պաստառներով: