կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-22 01:21
Հասարակություն

Ավագ դպրոցներին պետք է «շեֆություն» անել

Ավագ դպրոցներին պետք է «շեֆություն» անել

Եթե բուհ է ընդունվում դպրոցն ավարտած, սակայն բավարար գիտելիքներ չունեցող ուսանող, ապա դասախոսները ստիպված են լինում որոշ ժամանակ տրամադրել դպրոցի բացթողումները լրացնելու համար: Եվ որպեսզի այս երեւույթը վերացվի, ապա պետք է կրթական բոլոր աստիճաններում որակի բարձրացմանն ու դրանց միմյանց ինտեգրմանն ուղղված աշխատանքներ տարվեն:

 

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը:

 

Լուծման միջոց, ըստ Հ. Թոքմաջյանի, կարող է լինել այն, որ ամեն բուհ իր հովանավորության տակ կառնի մեկ կամ մի քանի ավագ դպրոցներ, կվերանորգի  դասասենյակները, կվերապտարաստի ուսուցիչներին, նորագույն տեխնոլոգիաներով կապահովի դպրոցին:

 

«Մենք պիտի շեֆություն անենք ավագ դպրոցներին եւ պատասխանտվություն կրենք դրանց որակի համար: Եթե մենք կարողանանք դա անել, ապա երկու-երեք տարի հետո մենք ուժեղ ավագ դպրոց կունենանք»,- ասաց Հ. Թոքմաջյանը:

 

Իսկ Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Ռուբեն Մելքոնյանն ասաց, թե սա միանշանակ լուծում չի կարող լինել, քանի որ մի քանի ավագ դպրոցի հովանավորելով անհավասարություն կմտցվի դաշտում` կլինեն հարգի եւ ոչ հարգի դպրոցներ:

 

Բացի այս` կան նաեւ ֆինանսական միջոցներ ծախսելու խնդիրը եւ ԵՊՀ-ն ավելի զգուշորեն է մոտենում այս հարցին: Մյուս տարի բուհերն ունենալու են առաջին կուրս համալրելու խնդիր, իսկ եկամուտների մեծ մասը ստացվում է ուսման վարձերից: Քանի դեռ կան այս խնդիրները, բուհը դեռ պետք է մտածի հավելյալ ծախսեր անելու մասին: