կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-17 12:29
Հասարակություն

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում աղքատությունը 33 տոկոս է, ըստ Ադիբեկյանի` 50 տոկոս

Պաշտոնական տվյալներով` Հայաստանում աղքատությունը 33 տոկոս է, ըստ Ադիբեկյանի` 50 տոկոս

Այսօր «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը լրագրողներին ներկայացրեց աղքատության վերաբերյալ որոշ տվյալներ: Ըստ նրա` անցյալ տարի Հայաստանի 100 խոշոր համայնքներում 5 հազար ընտանիքի հարցում է անցկացրել և պարզել, որ մեկ շնչին բաժին ընկնող եկամուտը ամսական կազմում է 26 հազարից մինչև 40 հազար դրամ, այսինքն` երևանցիների մոտ 40 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ներքև, մարզերում` 64 տոկոսն է գտնվում աղքատության շեմից ներքև:

«Մեր տվյալներով` այսօր Հայաստանում աղքատության ցուցանիշը մոտենում է 50 տոկոսի: Պաշտոնական տվյալները հայտարարում են 33 տոկոս աղքատության մասին: Յուրաքանչյուր 6-րդ ընտանիքը Հայաստանում ապրում է դրսից ուղարկված գումարով, 25 տոկոսը պետությունից նպաստ է ստանում, 33 տոկոսն է կարողանում ապրել իր աշխատավարձով»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը:

Հարցին, թե ինչպե՞ս են պատկերացնում պայքարը աղքատության դեմ, հայաստանցիները պատասխանել են, որ պետք է ստեղծել աշխատատեղեր, բարձրացնել աշխատավարձերը: Հարցվածների 5 տոկոսն էլ կարծում է, որ պետք է հարուստներից վերցնել ամբողջ հարստությունը ու բաժանել բոլորին:

Ադիբեկյանի կարծիքով` պետք է աշխատավարձերը բարձրացնել, որ հնարավոր լինի ապահովել սպառման որոշակի մակարդակ, ահա, թե ինչու են մեկը մյուսի հետևից փակվում խանութները, հատկապես` հագուստի: Ըստ սոցիոլոգի` խորացող աղքատության դեմն առնելու համար պետությունը պետք է կարողանա ստեղծել խոշոր հիմնարկություններ, փոքր ու միջին ձեռնարկություններ` ապահովելով աշխատատեղեր, այնինչ` նման միտում Հայաստանում չի նկատվում:

«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում էր, թե ձգտելու են հավակնոտ ծրագրեր իրականացնել, բայց ոչ մի խոշոր ծրագիր չիրականացվեց: Մինչև 1994-ը Հայաստանում կար 1000 գործարան, որոնց մեծ մասը հետագայում լուծարվեց: Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար պետք է 150 միլիարդ դոլար, որ հնարավոր լինի բացել գոնե 15 խոշոր ձեռնարկություն»,- ասաց Ահարոն Ադիբեկյանը: