կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-01 11:53
Հասարակություն

Իրավակարգավորումներն ազատական են. կառավարությունն առաջարկում է տուրիստական ընկերությունների դեպքում ներդնել ապահովագրական մեխանիզմ

Իրավակարգավորումներն ազատական են. կառավարությունն առաջարկում է տուրիստական ընկերությունների դեպքում ներդնել ապահովագրական մեխանիզմ

ՀՀ 109 քաղաքացի դեռևս Հուրգանդայում է, որոնք այսօր՝ Երևանի ժամանակով 14:25-ին,  «Տարոն-Ավիա» ավիաընկերության օդանավով կտեղափոխվեն Երևան: Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: 

«Մենք պետք է քննարկենք պատճառները և հասկանանք, թե ինչ միջոցներ ենք ձեռնարկում այս խնդիրը կանխարգելելու, ինչպես նաև պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»,-նշեց նա՝ հավելելով, որ ոլորտին վերաբերող ինստիտուցիոնալ լուծումների հետ կապված քննարկումներ պիտի  լինեն: 

Ինչին ի պատասխան ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը նշեց, որ տուրիստական որոշ կազմակերպությունների հետ կապված խնդիրներ եղան, քանի որ ունենք բավականին ազատական իրավակարգավորումներ: «Տուրիստական օպերատորի գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին գործող օրենսդրությունը չի ներկայացնում այնպիսի պահանջներ, որոնք երաշխավորում են այդ կազմակերպությունների կողմից ստանձնած քաղաքացիա-իրավական պարտավորությունների կատարումը: Տուրիզմի կոմիտեն և նախարարությունը ներկայում ուսումնասիրում են միջազգային փորձը՝ հասկանալու համար, թե ինչպիսի օպտիմալ որոշումներ կարող են կայացվել ՀՀ-ի դեպքում: Ճիշտ եղանակը նման գործունեությամբ զբաղվող ընկերություններին իրենց ստանձնած քաղաքացիա-իրավական պարտավորությունների առնչությամբ ապահովագրության պահանջի ներկայացումն է: Սա պետք է լինի ապահովագրության մեխանիզմների ճիշտ նախագծման և ներդրման միջոցով: Մենք նաև պետք է աշխատենք ապահովագրական ընկերությունների հետ, որ դա թանկ չլինի մեր քաղաքացիների համար, բայց նրանք երաշխավորված կլինեն, որ նման իրավիճակներում այլևս չեն հայտնվի»,- նշեց  Տիգրան Խաչատրյանը:

ՏՄՊՊՀ ղեկավարն էլ ավելացրեց, որ սկսել են ուսումնասիրություններ իրականացնել դեպի Եգիպտոս ավիափոխադրումների ծառայությունների շուկայում: «Հետաքրքրական է մի փաստ, այն է՝ ավիափոխադրումների և տուրփաթեթների շուկաները փոխկապակցված են, և շատ հաճախ ավիատոմսի գինը սպառողի համար այդքան նշանակություն չի ունենում, քանի որ այն փաթեթով է վաճառվում, ուստի պետք է բացահայտել՝ արդյոք հյուրանոցների համար վճարները ներառու՞մ են ամբողջական ծախսերը, քանի որ տեղեկություններ ունենք, որ դրանք հարկային որոշակի պարտավորությունից խուսափելու միջոցով ստանում են մրցակցային առավելություն և այստեղ դեմպինգային որոշակի քաղաքականություն  է տեղի ունենում, այսինքն՝ տոմսը և հյուրանոցի ծախսը, փոխադրումը դեպի հյուրանոց ամբողջական փաթեթով  է վաճառվում: Ավելին՝ հյուրանոցի ծախսը տանում են և կանխիկ վճարում՝ խուսափելու հարկերից և կարողանալու զեղչեր կատարել ավիատոմսի վրա»,-նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը:

Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն էլ տեղեկացրեց, որ պարտավորությունները չկատարած տուրիստական ընկերության նկատմամբ քրեական գործ է հարուցվել, այս պահին ոստիկանություն համապատասխան նյութեր է նախապատրաստում: