«Մի ուրիշ երգի մեջ էլ ասում եմ. «Երբ արդեն մեծացա, երբ արդեն ծերացա, կարգին բթացա»: Հիմա արդեն շատ բաների հանգիստ եմ նայում»,- հեղինակային երգի կատարող Ռուբեն Հախվերդյանը շուտով նշելու է իր 60-ամյակը: Թեեւ այս տարիքում ավելի խաղաղ է դարձել, սակայն էլի անհանդուրժելի են մնացել հետամնացությունը, գավառականությունը, անպատժելիությունը, «ջիպազգիները», որոնք իրենց ունեցած հոգեւոր պակասը փորձում են լրացնել «մետաղով» (ավտոմեքենա), «թղթով» (փող), ու շատ կանանցով:
Հարցին, թե եթե հնարավորություն տրվեր ինչ-որ բան շտկելու, կշտկե՟ր Հախվերդյանը պատասխանեց. «Իհարկե, կշտկեի: Օրինակ, իմ վիզը մի քիչ ծռվել էր, գնացի իմ մասաժիստի մոտ, ընկերոջս մոտ, շտկեց վիզս: Ու եթե ես էլ կարողանամ շտկել մարդկանց մոտ ինչ-որ բան, ապա դա կկարողանամ անել միայն իմ երգերով, որովհետեւ ուրիշ արհեստ չունեմ»:
Ռուբեն Հախվերդյանը ներկայացնում է երգարվեստի այն ճյուղը` հեղինակային երգը, որն, ըստ նրա, ամբողջ աշխարհում բացառիկ երեւույթ է ու այժմ կարծես Կարմիր գրքում է: Համատարած գորշության մեջ ընդամենը մեկ-երկու երգիչ կա, ում երգերի խոսքերը անիմաստ չեն, ու նրանք էլ առանձնանում են իրենց ստեղծագործությամբ. «Հիմա երգիչ-երգչուհիները ոնց որ սիամական երկվորյակներ լինեն. տասը երգ լսում ես, թվում է, թե նույն մարդը խոսքերն է գրել, երաժշտությունն է գրել, ու նույն մարդն էլ երգում է: Իրենց «Ես»-ը չունեն»:
Հախվերդյանին մտահոգում է ժողովրդի ոչ բարվոք ապրելակերպը, ինչից դրդված արտագաղթվածների թիվը տարեցտարի մեծանում է: Սրա պատճառն այն է, որ ժողովուրդն իրեն անտեր է զգում այս երկրում, անդունդ է առաջացել իշխանությունների եւ ժողովրդի միջեւ, իսկ նախագահներից եւ ոչ մեկը ներողություն չի խնդրել իր սխալների համար:
Երգչի համար 60-ամյակի առթիվ լավ նվեր կլիներ, եթե ժողովուրդը լավ ապրեր. «Եթե լավ ապրեր, ես ավելի թանկ կկարողանայի վաճառել համերգի տոմսերը»,- ասաց Ռ. Հախվերդյանը: Ի դեպ` դեկտեմբերի 5-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ռ.Հախվերդյանի համերգն է լինելու, որի տոմսերը 1000-5000 դրամ են: