Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ես անվճար եմ բուժվել, այլ ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանն է իմ բուժման համար գումար տվել: Քոչարյանն էլ ինձ երեք սենյականոց բնակարանի փոխարեն չորս սենյականոց է տվել, ես իմ շնորհակալությունը հայտնել եմ. եթե տալիս են ու տալիս են տեղին, ինչո՞ւ չպետք է վերցնել. լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Ըստ նրա` իշխանություններից աջակցություն ստանալ՝ չի նշանակում դրանից հետո սկսել նրանց գովերգել:
«Որ մարդը սխալ է անում, չասե՞ս: Օրինակ՝ մարտի 1-ին, երբ գնդակահարեց սեփական ժողովրդին, դուք կլռեի՞ք: Ճիշտ է, Սերժ Սարգսյանը սկավառակիս համար 30 000 դոլար տվեց, բայց դա երեխաների համար գրված երգեր էին. նա երեխաների համար արեց դա: Սակայն երբ Սերժ Սարգսյանի օրոք նշանակումներ են արվում եւ խախտումներ, ես չեմ կարող իմ կարծիքը չասել»,- ասաց Հախվերդյանը:
Անդրադառնալով վերջերս Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքում հնչեցրած այն մտքին, թե Սերժ Սարգսյանը ադրբեջանական ծայրամասային մի գավառից է եկել, նշեց, որ իրեն հասկացողը վաղուց է հասկացել, թե ինքն ինչ նկատի ունի, եւ ինքն ամենեւին էլ ղարաբաղցիներին նեղացնելու ցանկություն չի ունեցել. «Ես հակաադրբեջանական բան եմ ասել, նորից եմ ասում՝ հասկացողը կհասկանա»:
Իսկ ինչ վերաբերում է ընտրություններից հետո բարձրացած բողոքի ալիքին, Հախվերդյանը նշեց, որ ընտրությունները կեղծվել են, եւ այժմ ժողովուրդը բողոքում է հենց դրա դեմ: Ըստ նրա` մարդիկ այլեւս չեն դիմանում համատարած քծնանքին ու գորշությանը:
«Ես պահքի մեջ եմ, իրավունք չունեմ կոպիտ բաներ ասելու: 1 երեխա, 4 թոռ ունեմ եւ զբաղված եմ նրանց կերակրելով. այնպես որ` թե ինչ ընթացք կստանա պայքարը, չգիտեմ, ես ուղղակի պայքարողներից մեկն եմ, որը նորմալ չի համարում օլիգարխ պրեզիդենտ ունենալը»,- ասաց Հախվերդյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: