Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բոլորն են զզվել երկրում տիրող շոու-բիզնեսային այս իրավիճակից. ապացույցը սոցիալական ցանցերում տիրող իրարանցումն է եւ մասնագիտական քննարկումները`ակումբներում:
Այս անգամ երգահաններ Ռուբեն Հախվերդյանն ու Դավիթ Ամալյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Հայաստանի ներքին կյանքում եւ շոու-բիզնեսում ստեղծված իրավիճակի մասին՝ քննարկելով նաեւ «Տաշիր 2011» համերգ-մրցանակաբաշխությունը:
«Մեր ղեկավարները, ղեկավարիկներն ու ղեկավարյակները բոլորն էլ լսում են, թե ռուս դյադյան ինչ կասի վերևից, որ անեն: Այսքան ժամանակ Հայաստանի նախագահներից ոչ ոք դեռ չի դիմել ժողովրդին եւ չի ասել՝ ներողություն, ժողովո'ւրդ, էս ինչ հարցով սխալ ենք եղել»,-ասաց Ռ. Հախվերդյանը:
Նրա կարծիքով` եթե ուզում ես նոր լուր իմանալ, պետք է ուղղակի տաքսի նստել ու զրուցել վարորդի հետ:
Հախվերդյանի խոսքերով՝ այսօր կասկածելի անցյալով երգչուհիներ են ի հայտ եկել, ովքեր երգում են՝ «ջան-ջան-ջան, բադրիջան», եւ ժողովրդի մի մասը մեկնել է երկրից եւ մնացել է ժողովրդի այն հատվածը, որը «Արմենչիկ-մարմենչիկ» է լսում ու ձեռքերով պարում: «Էդ իմ ժողովուրդը չի, էդ խալխ ա»,- ասաց նա:
Հախվերդյանը հայերին խորհուրդ տվեց Սթինգի ու Շադեի երգերը լսել՝ ասելով. «Եթե անգլերեն ա լսում ու չի հասկանում, հայերեն ա լսում ու էլի չի հասկանում` ավելի լավ ա` անգլերեն լսել ու լավը լսել»:
Վերջինս նշեց նաեւ, որ Հայաստանի համար պատերազմը չի ավարտվել, այն դեռ շարունակվում է, քանի որ մեր միջի թշնամին ավելի սարսափելի է, քան` թուրքը, որովհետեւ «թուրքը գիտես, որ քո ափաշքյարա թշնամին ա, բայց սրանք մեզ թիկունքից են խփում»:
«Այսինքն` մեզ վախացնում են, որ եթե հանկարծ դուք պահանջեցիք պրեզիդենտի հրաժարականը եւ այլն, էդ ժամանակ կարող ա ադրբեջնացիները պատերազմ սկսեն: Դա դեռ Լեւոնի ժամանակվանից կա: Եվ դրանից օգտվելով` մեր իշխանավորները լավ էլ կլպում են ժողովրդին, ավելի են մեծացնում իրանց գերշահույթները»:
Հախվերդյանի խոսքով` սեւ ջիպերն են այսօր հայ պատգամավորներին զարդարում, իսկ երեսփոխան բառը շատ է սազում այսօրվա պատգամավորներին, քանի որ նրանցից շատ շատերը ՀՀՇ-ից էին, հետո իրանց երեսը փոխեցին ու դարձան հանրապետական: Հախվերդյանը կարծում է, որ սովետի ազդեցությունը դեռ զգացվում է Հայաստանում, իսկ մեր ղեկավարներն էլ այդ ազդեցության կրողներն են. «Ոնց որ Մերսեդեսի մեջ դնեմ 24-ի մատոռ, ասեմ` Մերսեդես եմ»:
Ինչ վերաբերում է «Տաշիր-2011»-ին` Հախվերդյանն ասաց, որ չի նայել այդ միջոցառումը.«Նայելու բան էր, որ նայեի»:
Դավիթ Ամալյանը խոսելով մրցույթի բնակարանների նվիրատվության հրավառությանից` նշեց, որ մինչեւ այդ այնքան ավելի լուրջ պրոբլեմներ կային` ինչո՞ւ հենց տուն ստանալուց խնդիրը նկատեցինք եւ նոր բարձրաձայնեցինք:
«Մինչեւ էդ` հոգեւոր սնունդ էին փչացնում, ոչ մեկ չէր ասում` էս տեքստով երգը ինչի՞ ա եթեր գնում, էս ցածր որակի մեղեդին ինչի՞ ա եթեր գնում, դրան ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, բայց հենց հանկարծ տուն տվեցին, պարզվեց… Պետք ա ակունքը գտնենք, ակունքը, այսինքն` ինչից ա, որ էդպես ա եղել, որ շոու-բիզնեսը դարձել ա բոլորիս տան խոսակցության նյութը»:
Ամալյանի համոզմամբ` սխալ է շոու-բիզնես ասելով միայն երգարվեստը հասկանալ. ուր մնաց մեր իրական մտավորականի չափանիշը:
«Մենք մեր արժեքը չհասկացանք, դրա համար դավաճանությունն անընդհատ իշխում է մեր հասարակության մեջ, որովհետեւ մենք մեր դեմքը չունենք: Ես կուզեի, որ գար ժամանակ ու մենք ինչ-որ արժեք ներկայացող լինեինք: Մեր անհատները գնում են դրսերում ու ինչ-որ արժեք են ներկայացնում: Բայց երբեք մենք էդ անհատական միասնությունը չենք ունեցել»,- նշեց նա:
Դավիթ Ամալյանը ասաց նաեւ, որ մենք ինքնաճանաչման խնդիր ունենք.«Եթե ես նախարար լինեի /հեռու ինձնից/, ոնց երգելուց փոխարեն` ինչ երգելն առաջ կտանեի»,-ասաց Ամալյանը:
«Այս ամենի պատճառը տգիտությունն է, իսկ հարցը լուծել պետք է, եթե ոչ խաղաղ, ապա` ահաբեկչության միջոցով».-այսպես է կարծում Հախվերդյանը, իսկ, ահա, Ամալյանը ահաբեկչության միջոցով հարցի լուծման տարբերակին չհամաձայնեց.«Ես դեմ եմ ահաբեկչությանը. պետք է ուղղակի անտարբերություն դրսեւորել ամեն ինչի հանդեպ, եւ պետք է մշակութային որակի կտրուկ հեղափոխություն լինի»,-ասաց Ամալյանը: