կարևոր
472 դիտում, 58 րոպե առաջ - 2026-07-07 14:11
Քաղաքական

Այս իշխանության դեմ պետք է համակարգված դիմադրություն՝ հասնելու փոփոխության․ Իշխան Սաղաթելյան

«Սա ուղիղ քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում է, մարդկանց մանդատները գողացան՝ 60 հազար ձայն, հիմա էլ փորձում են այս ճանապարհով հետապնդել, սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը»,- դատարանի դիմաց լրագրողներին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ այժմ դատարանում քննվում է  ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությունը։ Նա ձերբակալվել է նախօրեին։

Ըստ Իշխան Սաղաթելյանի՝ Փաշինյանը ձգտում է այս ճաապարհով երկրում հաստատել մեկ անձի իշխանություն՝ լավ գիտացելով, որ ինքը զուրկ է լեգիտիմությունից. «Նման կերպ՝ ընդդիմադիր քաղաքական ուժերի, գործիչների հետապնդմամբ փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու, դրսի գործընկերներին տված խոստումներն իրականացնելու համար։ Այս իշխանության դեմ, որը զուրկ է լեգիտիմությունից, չունի սրբություն, կարմիր գիծ, իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ամեն ինչի, պետք է ինստիտուցիոնալ, համակարգված դիմադրություն, բոլոր քաղաքական ուժերը, ազգային գործիչները մեր երկրի համար մտահոգ հասարակական, քաղաքական, մտավորական շրջանակները մեկտեղեն իրենց ջանքերը, կազմակերպեն դիմադրություն ու հասնենք փոփոխության»։

Իշխան Սաղաթելյանը նաև ընդգծեց, որ մանդատ վերցնելը չի նշանակում, որ ընդդիմությունը, առնվազն խորհրդարանական, հրաժարավում է փողոցային պայքարից. «Եվ հանրահավաքներ են լինելու, և փողոցային պայքար, խնդիրն է՝ երբ, ինչ կառուցվածքով, ինչ ուժերով։ Այդ քննարկումները շարունակվում են»։   

Նրա խոսքով՝ Հայաստանում ազգային մտածողություն ունեցող մարդը հետապնդվում է․ «ով չի  սպասարկում թուրք-ադրբեջանական օրակարգ, հետապնդվելու է, այն գործարարը, ով հաշտ չի լինելու այս թրքացման հետ,  կապ չունի՝ ինքը զբաղվում է քաղաքականությամբ, թե՝ ոչ, ինչ-որ պահի, եթե սրանք մնան իշխանության,  հայտնվելու է  այս ամենի մեջ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։