|
Փոխարժեքներ
12 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.57 |
| EUR | ⚊ | € 448.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.8914 |
| GBP | ⚊ | £ 514.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.67 |
ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն ահազանգում է․
«Հայաստանի քաղաքական կյանքում կան ուժեր, որոնք ստեղծվում են իրավիճակից, և կան ուժեր, որոնք ձևավորվում են պատմությամբ։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը պատկանում է երկրորդին։ Այն չի ծնվել իշխանական հաշվարկից, չի կառուցվել անձնակենտրոն հավակնությունների շուրջ և չի գոյատևել արտաքին հովանավորությունների շնորհիվ։ Այն ձևավորվել է ազգային պայքարի, պետականության կերտման և գաղափարական հետևողականության ճանապարհով։
Վերջին շրջանում ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ մի քանի ապազգային շրջանակի որոշ ներկայացուցիչներ որոշել են Դաշնակցությանը «դաս տալ», վերաձևակերպել նրա տեղն ու դերը հայ քաղաքական իրականության մեջ։
Ախր դուք ո՞ւր, Դաշնակցությունը ո՞ւր։
Մի քաղաքական ուժի, որն անցել է մեկ դարից ավելի փորձությունների, հալածանքների, պետական պատասխանատվության և ազգային պայքարի ճանապարհով, հնարավոր չէ «դաս տալ» կարճաժամկետ պաշտոնական լծակներով կամ քարոզչական աղմուկով։
Դաշնակցությունը եղել է պետականության վերականգնման ակունքներում։ Այն կրել է կառավարման պատասխանատվություն, կազմակերպել է ազգային դիմադրություն, համախմբել է սփյուռքը և պահպանել է գաղափարական առանցքը նույնիսկ այն ժամանակ, երբ դրա համար վճարել է բարձր գին։ Սա քաղաքական դիրքորոշում չէ՝ սա պատմական արձանագրում է։
Այսօր, երբ մեր պետությունը կանգնած է անվտանգային, ժողովրդագրական և ինստիտուցիոնալ լրջագույն մարտահրավերների առջև, առավել քան երբևէ անհրաժեշտ է պետական մտածողություն։ Պետական մտածողությունը չի կառուցվում անցյալի ժխտման, փորձառության նսեմացման կամ ազգային արժեքների վերանայման վրա։ Այն կառուցվում է պատասխանատվության, շարունակականության և ազգային շահի հստակ գիտակցման հիմքի վրա։
Քաղաքական մրցակցությունը բնական է։ Քննադատությունը՝ անհրաժեշտ։ Բայց երբ փորձ է արվում պատմական ինստիտուտին ներկայացնել որպես պատահական կամ ավելորդ բաղադրիչ, դա արդեն քաղաքական տարաձայնություն չէ, այլ ինստիտուցիոնալ հիշողության խաթարում։
Պետությունը չի կարող ուժեղ լինել, եթե կտրում է սեփական արմատները։
Ուզեք թե չուզեք՝ Դաշնակցությունը եղել է և կլինի։
Ոչ թե որպես անցյալի հուշ, այլ որպես գաղափարական և կազմակերպական շարունակականություն։
Ոչ թե որպես իրավիճակային դերակատար, այլ որպես ազգային պետական մտածողության կրող։
Դաշնակցությունը չի չափվում պաշտոններով, չի սահմանափակվում ընտրական ցիկլերով և չի վերանում քաղաքական իրավիճակի փոփոխությամբ։ Այն գոյություն ունի այնտեղ, որտեղ կա ազգային արժանապատվություն, պետականության գիտակցում և սոցիալական արդարության պահանջ։
Պատմությունը մեկ անգամ չէ, որ ցույց է տվել՝ ժամանակավոր են նրանք, ովքեր փորձում են ջնջել արժեքները։ Մնայուն են նրանք, ովքեր կառուցված են գաղափարի վրա։
Դաշնակցությունը գաղափար է։
Եվ որքան էլ ոմանք ցանկանան հակառակը, իրականությունը նույնն է մնում՝
Դաշնակցությունը եղել է, կա և լինելու է»։