Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրեն տիկին Դեբորա Գրիսերին, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աշխատակիցներին:
ՀՀ կրթության և գիտության նախարարը, ողջունելով հյուրերին, շնորհավորել է Դեբորա Գրիսերին և փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել Հայաստանում իրենց առաքելության մեջ: Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանում USAID-ի ծավալած գործունեության` մասնավորապես ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության մակարդակը:
«Ամերիկյան մի քանի ծրագրեր կան, որոնք ինձ համար կարևոր են ինչպես կրթության, այնպես էլ` քաղաքական առումով, խոսքը վերաբերում է «Խաղաղության կորպուսի» հետ համագործակցությանը, որի գաղափարախոսության մեջ ամփոփված է ամերիկյան ժողովրդի ավանդական հանդուրժողական և բազմաբևեռ մտածողությունը: Վերջերս ծանոթացա նաև «Դասավանդիր Հայաստան» կազմակերպության գործունեությանը, որի գաղափարախոսության հիմքը ևս ամերիկյան մտածողոթյունն է: Խորապես համոզված եմ, որ Հայաստանում առկա է առաջին հերթին հասարակական մտածողության փոփոխությունների անհրաժեշտությունը և վստահ եմ, որ այս ուղղությամբ շատ ծրագրեր համատեղ կյանքի կկոչենք»,- նշել է Լևոն Մկրտչյանը:
Նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է կրթության համակարգի կարևոր մարտահրավերները` մասնավորապես առանձնացնելով հանրակրթության և բուհական համակարգերի բարեփոխումները: Հանրակրթության համակարգում նախարարն առանձնացրել է հատկապես փոքր դպրոցների պահպանման խնդիրը: Այս համատեքստում նախարար Մկրտչյանը կարևորել է փոքր դպրոցների պահպանման հայեցակարգի մշակումը:
Անդրադառնալով բարձրագույն կրթության բարեփոխումների անհրաժեշտությանը` նախարարն ընդգծել է այդ գործընթացում կրթության որակի ապահովման գործոնը: Նա շեշտել է համալսարանական կրթության ինքնավարության բարձրացման հարցը` ընդգծելով կառավարման խիստ կենտրոնացված լինելու հանգամանքը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը քայլեր է ձեռնարկում նաև հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում` փորձելով բեռնաթափել կառավարման կենտրոնացվածությունը:
«Մեր առաջնահերթություններն են կրթության որակի բարելավման ապահովումը, համալսարանական կրթության ինքնավարության բարձրացումը և համակարգի կառավարման արդյունավետությունը»,- նշել է նախարարը և հույս հայտնել, որ բարձրագույն կրթության և հետբուհական մասնագիտական կրթության նոր օրենքի ընդունմամբ բազմաթիվ հարցեր կկարգավորվեն:
Նախարարը պատվիրակության ղեկավարի ուշադրությունը հրավիրել է նաև այն հանգամանքի վրա, որ Համաշխարհային բանկի վարկային ծրագրերը կրթության կառուցվածքային խնդիրների լուծմանը մեծապես նպաստելուց հետո պետք է ուղղվեին բովանդակային խնդիրների լուծմանը:
Խոսելով կրթության համակարգում ներկայում ՀԲ վարկային ծրագրով իրականացվող հանրապետության մի շարք դպրոցների նորոգման աշխատանքների մասին` Լևոն Մկրտչյանը ցանկություն է հայտնել ՀԲ-ի հետագա վարկային միջոցներն ուղղորդել կրթության որակի բարձրացման ծրագրերին, որոնք կնպաստեն բարձրագույն կրթության և ավագ դպրոցի բովանդակության և որակյալ կրթության ապահովմանը:
ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրն իր խոսքում ընդգծել է. «Կրթության և գիտության նախարարության հետ մեր ամուր գործընկերությունը հիմնվում է ընդհանուր արժեքների վրա, որոնցից մեկն էլ այն է, որ կրթությունը մարդու իրավունք է, որը կենսական ու առանցքային դերակատարում ունի անհատի և սոցիալ-տնտեսական զարգացման հարցում: Միացյալ Նահանգների համար երեխաների իրավունքների պաշտպանությունը ևս շարունակում է մնալ գերակա խնդիր, ինչը կիսում են նաև մեր գործընկերներն այստեղ՝ Կրթության և գիտության նախարարությունում ու Հայաստանի կառավարության մյուս օղակներում: Պատրաստ ենք շարունակել մեր գործընկերությունը այս և այլ կարևոր հարցերի շուրջ»:
ՀՀ ԿԳՆ