Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիա պետությունը ցեղասպան մտածողություն ունի, և այդ պետության հասարակությունը այդ մտածողության կրողն է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը «Հայոց ցեղասպանություն. Թուրքիայի պատասխանատվությունը երեկ և այսօր» խորագրով կլոր սեղան-քննարկմանը ԳԱԱ-ում։
Նա ընդգծեց, որ սա նշանակում է, որ մեր դեմ պայքարում է ոչ միայն Թուրքիա պետությունը՝ իր ժխտողական քաղաքականությամբ, այլև Թուրքիայի ամբողջ հասարակությունը։
«Թուրքիան ինստիտուցիոնալ մակարդակում է աշխատում Հայոց ցեղասպանության ժխտման ուղղությամբ, ինչը նշանակում է, որ Թուրքիան շարունակում է ունենալ ցեղասպան մտածողություն։
Մեր դեմ պայքարում է պետությունը՝ իր ինստիտուտներով, և որպեսզի պայքարը լինի համարժեք՝ հայկական կողմն էլ պետք է միավորի իր ջանքերը ընդդեմ թուրքական ժխտողականության»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Նա ընդգծեց, որ Թուրքիայի պետական քարոզչությունը դրսևորվում է ինչպես կրթական համակարգում, այնպես էլ պետական հռետորաբանության մեջ։
«Այդ դրույթներից ակնհայտ է, որ ժխտման քաղաքականությունը Թուրքիայի կրթաքարոզչական քաղաքականության հիմքն է, մենք գործ ունենք մի երկրի հետ, որտեղ հասարակությունը տասնամյակներ կրթվում է Հայոց ցեղասպանության ուրացման ծիրում»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Հենց այս օրերին էլ Թուրքիայի նախագահի անմիջական հովանու ներքո կազմակերպվեց միջազգային խոշոր գիտաժողով, որտեղ հնչեցին Հայոց ցեղասպանության ժխտման՝ Թուրքիայի թեզերը։ Այդ թեզերից են Ցեղասպանության փաստի ժխտումը, հայերի իրավունքների ժխտումը, Թուրքիայի մեղսակցության ժխտումը և այլն։
«Սա Թուրքիայի ժխտողական քաղաքականության շարունակությունն է, որը տեղի է ունենում պետական աջակցությամբ և, ըստ էության, ժխտողը հենց պետությունն է։ Բանալի բառը «շարունակականությունն» է»,-ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը։
Եվ գիտենք, որ հանցագործության ժխտումը նույն այդ հանցագործության շարունակությունն է։
«Եթե զուգահեռ տանենք մեր քայլերի մեջ, ապա մենք իրավունք չունենք ուղղակի թուլացնելու մեր հասարակության զգոնությունը՝ այն, ինչ հիմա էլ տեղի է ունենում, մեր հասարակության մեջ տարածել տարբեր՝ ոչ իրական քարոզչական հնարքներ, իբրև թե, փոխվող Թուրքիայի, իբրև թե, թուրքական հասարակության մեջ այդ փաստի ճանաչման, և, իբրև թե, Թուրքիայի հետ առողջ, կառուցողական հարաբերությունների հաստատման հնարավորության մասին»,-մտահոգություն հայտնեց նա։
Ռուբեն Մելքոնյանն ընդգծեց, որ այդ քաղաքականությունն այսօր հատկապես ակտիվ է տարվում, և քաղաքականությունը տանում է կոնկրետ իշխանական թևը։
Կարելի է նայել տարբեր պատասխանատուների, պատգամավորների՝ հաճախ միաբջիջ մտածողության դրսևորում-հայտարարությւոնները, որպեսզի պատկերը ամբողջական դառնա։
«Չէր կարելի ենթադրել, որ անկախ Հայաստանում կհայտնվեն պատասխանատուներ, պաշտոնյաներ, որոնք կարող են հարցնել՝ ի՞նչ կտա մեզ Ցեղասպանության ճանաչումը։ Այս հարցին մեր ժողովուրդը անցած 100 տարվա մեջ իր ամբողջ պոտենցիալով, իր գիտական հնարավորություններով, իր երախտավորների շնորհիվ վաղուց հավուր պատշաճի պատասխանել է։ Եվ 100 տարի հետ այս հարցը բարձրացնելը ուղղակի հարված է թիկունքից․ ուրիշ որևէ կոռեկտ ձևակերպում չեմ կարողանում գտնել»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։
Աննա Բալյան