կարևոր
775 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-21 15:27
Աշխարհ

Մոլդովայի՝ ԱՊՀ-ից դուրս գալը ժամանակ կպահանջի. ՌԴ ԱԳՆ

Մոլդովայի՝ ԱՊՀ-ից դուրս գալը ժամանակ կպահանջի. ՌԴ ԱԳՆ

ԱՊՀ-ից Մոլդովայի դուրս գալը որոշակի ժամանակ կպահանջի։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Անհրաժեշտ է հասկանալ, որ ԱՊՀ-ի անդամակցությունը դադարեցնելու համար պետք է համապատասխան ընթացակարգեր պահպանվեն։ ԱՊՀ-ի կանոնադրության 9-րդ հոդվածի համաձայն՝ պետությունն իրավունք ունի դուրս գալ կազմակերպությունից՝ 12 ամիս առաջ գրավոր տեղեկացնելով ԱՊՀ գործադիր կոմիտեին։ Դրանից հետո սահմանվում է օր, որից սկսած հաշվարկվում է այդ մեկ տարվա ժամանակահատվածը, և սկսվում է պայմանագրերի գույքագրման և որոշումների կայացման գործընթացը ԱՊՀ մարմինների կողմից, որոնց կողմ է հանդիսանում դուրս եկող պետությունը», - ասվում է նախարարության կայքում հրապարակված մեկնաբանության մեջ։

Այսպիսով` ԱՊՀ-ից դուրս գալը «վայրկենական քայլ» չէ, ընդ որում` սահմանված ընթացակարգի պահպանումը Մոլդովայի միջազգային պարտավորությունների մի մասն է ԱՊՀ մյուս պետությունների, ոչ թե միայն Ռուսաստանի նկատմամբ։

ԱԳՆ-ում հիշեցրել են` առաջին տարին չէ, որ Քիշնևը չի մասնակցում ԱՊՀ շրջանակում իրականացվող աշխատանքին, կազմակերպության կանոնադրական մարմինների նիստերին, չի վճարում իր բաժինը միասնական բյուջե, ընտրողաբար դատապարտում է այն համաձայնագրերը, որոնք իբր արժեք չունեն հանրապետության քաղաքացիների համար։