կարևոր
658 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-27 09:38
Տնտեսական

Շիրակի մարզում գնաճը դարձել է իրական սոցիալական աղետ․ ո՞ւր է տնտեսական քաղաքականությունը․ ահազանգում է պատգամավորը

Շիրակի մարզում գնաճը դարձել է իրական սոցիալական աղետ․ ո՞ւր է տնտեսական քաղաքականությունը․ ահազանգում է պատգամավորը

ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանն ահազանգում է․

«Մեր երկրի ապագան և ժողովրդի բարեկեցությունը չեն կարող սահմանափակվել միայն կառավարության տնտեսական ցուցանիշներով կամ վիճակագրական տվյալներով: Գործող իշխանությունների ցանկացած ցուցանիշ և թիվ չի արտացոլում մեր հանրապետության մարդկանց իրական կյանքը:

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում առաջին անհրաժեշտության ապրանքների գները զգալիորեն աճել են, մինչդեռ բնակչության եկամուտները չեն աճում համապատասխան մակարդակով` ինչի արդյունքում պարզ սոցիալական անհավասարություն է ձևավորվում: Գներն աճում են ամեն օր՝առանց որևէ հիմնավորման, առանց որևէ արդյունավետ վերահսկողության:

Սա չի կարող դիտարկվել որպես շուկայի սովորական տատանում. սա պետության քաղաքական և սոցիալական պատասխանատվության հարց է, որի հետևանքները զգացվում են ամենօրյա կյանքում, հատկապես սոցիալապես խոցելի խմբերի շրջանում:

Առաջին անհրաժեշտության ապրանքների անընդհատ թանկացումը դարձել է հասարակության ամենախոցելի շերտերի ծանրագույն բեռը՝ խաթարելով սոցիալական հավասարակշռությունը և արժանապատիվ կյանքի նվազագույն պայմանները:

Այս իրավիճակը հատկապես ծանր է Շիրակի մարզում, որտեղ սոցիալապես անապահով ընտանիքների թիվը բավականին բարձր է: Այդ ընտանիքներն ամենաշատն են տուժում գնաճից: Շիրակի մարզում գնաճը դարձել է իրական սոցիալական աղետ:

Եվ այս ամենի ֆոնին մենք ամեն օր լսում ենք իշխանական շրջանակների ինքնաբավ հայտարարությունները՝ տնտեսական աճի և իբր կայուն զարգացման մասին:

Ես ուզում եմ ուղղակի հարց տալ կառավարությանը՝ ու՞ր է տնտեսական քաղաքականությունը, որը պետք է պաշտպանի մեր քաղաքացիներին այս իրավիճակում:

Պետությունը պարտավոր է ապահովել գնային կայունություն և սոցիալական պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ։ Այս խնդիրը պահանջում է մի քանի առանցքային ուղղություն.

Առաջին՝ շուկայի և գների վերահսկողություն.

Մատակարարման շղթաները պետք է լինեն թափանցիկ, վերահսկելի և մրցակցային: Անհրաժեշտ է կանխել սպեկուլյատիվ և աննախադեպ թանկացումները, որոնք ծանրաբեռնում են քաղաքացիներին:

Երկրորդ՝ տեղական արտադրության և տնտեսության աջակցություն.

Պետությունը պարտավոր է խթանել տեղական արտադրությունը, բարելավել լոգիստիկան, ստեղծել պայմաններ, որպեսզի գների կայունությունը դառնա երկարաժամկետ և անկախ արտաքին շուկայի տատանումներից:

Երրորդ՝ սոցիալական պաշտպանություն և մարզային մոտեցում.

Սոցիալական խոցելի խմբերի համար անհրաժեշտ են նպատակային ծրագրեր և աջակցություն, հատկապես մարզերում, որտեղ սոցիալապես անապահով ընտանիքների թիվը բարձր է: Արդյունավետ մեխանիզմների ներդրումը պետք է վերահսկվի մշտադիտարկմամբ, որպեսզի ոչ մի ընտանիք չմնա առանց կենսական անհրաժեշտ ապրանքների:

Այս հարցը զուտ տնտեսական խնդիր չէ. սա պետության քաղաքական և սոցիալական պատասխանատվության ուղիղ քննությունն է: Պետությունն իրավունք չունի ուշացնելու: Գործող իշխանության պարտքն է ոչ միայն արձանագրել խնդիրները, այլև համակարգված և գործնական քայլերով ապահովել քաղաքացիների կենսական իրավունքները և սոցիալական պաշտպանվածությունը:

Ժամանակն է, որ կառավարությունը վերադառնա սոցիալական քաղաքականության հիմքերին և կատարի իր հիմնական պարտավորությունը՝ ապահովել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու արժանապատիվ կյանքը:

Գործող կառավարությունը պարտավոր է թույլ չտալ, որ գնաճը վերածվի սոցիալական լուրջ ճգնաժամի»: