կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-06 17:49
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Առաջանցիկ տնտեսական աճ, սոցիալական ներառականություն, կայուն զարգացում․ Արթուր Խաչատրյանը՝ ՀՅԴ տնտեսական քաղաքականության արժեհամակարգի մասին

Ցանկացած երկրի ցանկացած քաղաքական ուժի տնտեսական քաղաքականությունը հենվում է տվյալ քաղաքական ուժի արժեհամակարգի վրա՝ ըստ Yerkir.am-ի, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արթուր Խաչատրյանը՝ ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրներին նվիրված համաժողովի ընթացքում։

Նա ներկայացրեց, թե տնտեսական քաղաքականության ինչ արժեքների կրող է ՀՅԴ-ն։

Արթուր Խաչատրյանն ընդգծեց, որ մեր երկրի Սահմանադրության համաձայն մեր պետությունը ինքնիշխան, ժողովրդավարական և սոցիալական պետություն է․ «ՀՅԴ ընկալմամբ՝ սոցիալական պետության հիմնական առաքելությունը իր քաղաքացիների՝ աղքատությունից զուրկ կյանքի ապահովումն է։ Աղքատություն ասելով՝ հասկանում ենք բազմաչափ աղքատությունը, երբ դա արդյունք է ոչ միայն ֆիզիկական գոյությունն ապահովող եկամտից, այլև պատշաճ կրթություն, առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորությունից զրկվելու, երբ ոտնահարվում  է քաղաքացու արժանապատվությունը և մշտապես առկա է գոյության սպառնալիք»։

Նա նկատեց, որ սոցիալական պետությունը քաղաքացուն պետք է պաշտպանի շուկայական ռիսկերից, թույլ չտա, որպեսզի շուկայական տնտեսության, առավել ևս՝ տնտեսական ճգնաժամի պարագայում քաղաքացին մնա միայնակ իր խնդիրների հետ։

Իրական ազատության, ըստ Արթուր Խաչատրյանի, կարելի է հասնել, երբ ապահովված են տնտեսական և ընկերային նախադրյալները, մարդն ունի սոցիալական երաշխիքներ, որոնք ապահովում են նրա ազատ կամարտահայտությունը և ազատորեն որոշումներ կայացնելու հնարավորությունը։  

Արադարությունը, նրա խոսքով, ենթադրում է կատարված աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն, ինչպես նաև սոցիալական ապահավության հավասար երաշխիքներ։

«Դաշնակցությունը որպես ընկերվարական և ժողովրդավարական կուսակցություն, հավատում է շուկայական տնտեսությանը, բայց այն համոզմունքին է, որ պետությունը կարգավորման և դերաբաշխման համալիր միջոցառումներ պետք է իրականացնի և նվազագույնի հասցնի շուկայական ձախողման հետևանքները»,-ասաց Արթուր Խաչատրյանը։

Կարգավորվող շուկայական տնտեսության տեսլականը, նրա խոսքով, հիմնված է երեք հիմնական սկզբունքի վրա՝ առաջանցիկ տնտեսական աճ, սոցիալական ներառականություն, կայուն զարգացում։

Նշենք, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը՝ կարևորելով Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման առկա խնդիրների իրական լուծումներին ուղղված շահագրգիռ երկխոսությունը, նախաձեռնել է քննարկումների շարք։ Համաժողովին մասնակցում են խորհրդարանական և արտախորհրդարանական, իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական և փորձագիտական լայն շրջանակի ներկայացուցիչներ:

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում․