կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-26 17:12
Առանց Կատեգորիա

Դաշնակցության սոցիալ-տնտեսական մոդելն ունի կոնկրետ հենասյուներ՝ սոցիալական արդարություն և ներառականություն, կայուն զարգացում ու առաջանցիկ տնտեսական աճ

Դաշնակցության սոցիալ-տնտեսական մոդելն ունի կոնկրետ հենասյուներ՝ սոցիալական արդարություն և ներառականություն, կայուն զարգացում ու առաջանցիկ տնտեսական աճ

ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված`աղքատության վերացման, Հարկային օրենսգրքի` շրջանառության մեջ դրված փոփոխությունների փաթեթի նախագծի շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ: 

 - ՀՀ կառավարության ծրագրով նախատեսվում է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը: Արդյո՞ք դա հնարավոր է, հարակից կարգավորումներն ու գործիքները տալի՞ս են այդ հնարավորությունը, մասնավորապես` շրջանառության մեջ դրված` Հարկային օրենսգրքի փոփոխությունները:

 - Մի բան հստակ է` երբ ուսումնասիրում ենք կառավարության ծրագրի դրույթները, կատարում համադրումներ ակնկալիքների և 5% տնտեսական աճի շեմի միջև, ապա պարզ է դառնում, որ առկա են անհամաչափություններ: Կա պնդում, որ ՀՀ-ում պետք է լուծել ծայրահեղ աղքատների խնդիրներն ու նվազեցնել աղքատությունը, բայց սա որևէ կերպ հնարավոր չէ իրականացնել 5% տնտեսական աճի պարագայում: Գործող հարկային օրենդրությունն ու առաջարկվող փոփոխությունները հենց ապացույցն են այն բանի, որ երկրում շատ արագ ականատես կլինենք սոցիալական շերտերի միջև բևեռացման:

Առաջին հերթին անհնար է եկամտային հարկի համահարթեցման պատճառով: Գործող օրենսդրությամբ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողին հարկում են 23%-ով, 150 000-2 մլն դրամ ստացողին` 28%-ով, իսկ ավելի շատ ստացողին` 36%-ով: Հայաստանում միջին աշխատավարձը 200 հազար դրամից ցածր է, սա նշանակում է, որ վարձու աշխատողների գերակշիռ մասն առաջին սանդղակում է և արդեն հարկվում է 23%-ով: Նրանց վրա որևէ կերպ չի ազդում համահարթեցումը, մանավանդ, որ հետագայում, մինչև 20% դրույքաչափի իջեցմանը զուգահեռ, պետք է վերականգնվի կենսաթոշակային համակարգի դրուքաչափը:

Թվում է, թե եկամտային հարկի դրույքաչափի նվազեցվող մասով բարձրանում է աշխատավարձը, բայց պետությունն իր հարկային եկամուտները տեղափոխել է սպառման ոլորտ` անուղղակի հարկերի բարձրացման տեսքով: Մասնավորապես` հենց առաջին փուլով՝ 2019 թվականի հուլիսին, 44%-ով կբարձրանան ալկոհոլային խմիչքների հարկերը: Կբարձրանա նաև 0.5 լ տարողությամբ մեկ շիշ օղու նվազագույն բացթողման գինը` այն դարձնելով 1200 դրամ: Սա կնվազեցնի սպառումը: Հարկային բեռն ավելանալու է նաև 2202 ԱՏԳԱԱ ծածկագրին դասվող ըմպելիքների համար: Նախատեսվում է  սահմանել 30 դրամ ակցիզային հարկ ջրերի մեկ լիտրի համար, ներառյալ` հանքային եւ գազավորված,  շաքարի, այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութերի պարունակությամբ ապրանքների համար: Այս սեգմենտի սպառողները նույնպես կհայտնվեն դժվարին վիճակում: Կարճ ասած` ուղղակի հարկերի համահարթեցումն ու անուղղակի հարկերի ավելացումը որևէ կերպ չի կարող լուծել աղքատության խնդիրը:

 -  Հարկային օրենսգրքի փոփոխությունների առաջարկը ներկայացնելիս հիմնավորվում էր, որ պետք է առավելագույնս պարզեցնել գործող օրենսդրությունը: Ններկայացվող փաթեթով լուծվե՞լ է այդ խնդիրը:

 - Շատ լավ հարց է, իսկապես Հարկային օրենսգիրքը պարզեցման խնդիր ունի: Խոսքը, բացի բովանդակությունից, նաև շարադրված ձևի մասին է, օրինակ` եթե ֆիզիական անձը մեկ տարվա ընթացքում և՛ ձեռք կբերի, և՛ օտարի նույն տեսակի երկու և ավելի գույք, ապա պետք է հարկ վճարի: Այս պարզ հոդվածը, որը մեծ հաշվով վերաբերում էր, օրինակ, անհատ բրոքերներին հայտնաբերելու և հարկելու համար, գրված է այնպես, որ պատահական մարդիկ են ընկնում այդ թակարդը, որոնք նպատակ չունեն իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Այս կարգավորումը հասկանալու համար մեր շարքային քաղաքացին պետք է կարդա Հարկային օրենսգրքի 140, 145, 147, 150, 153, 154, 156, 158 և մի շարք այլ հոդվածներ, որ հասկանա` իրեն կհարկե՞ն, թե՞ ոչ: Օրենսգրքի համարյա բոլոր հոդվածները, իրար հղում տալով, ստեղծել են մի այնպիսի սարդոստայն, որ մասնագետներն են խճճվում, էլ ուր մնաց` հասարակ քաղաքացիները: Այսպես չի կարելի, պետք է ամեն բան շատ հստակ գրել, պարզ և կիրառման համար մատչելի: Ի վերջո, Հարկային օրենսգիրքը պետք է կարգավորի հարկման ոլորտը, պետք է նպաստի տնտեսության զարգացմանը: Հիմնական նպատակն է հարկերի հավաքման միջոցով պետությանը տալ իր պոզիտիվ պարտականությունները կատարելու հնարավորություն: Գիտեք` գլոբալ առումով պետք է գծվի մի բազմակոմպոնենտ բանաձև, որում ներառված կլինեն նվազագույն աշխատավարձը, կենսապահովման նվազագույն զամբյուղը, մեկ աշխատողին բաժին ընկնող չաշխատողները, հիմնական զարգացման ուղիները, մարդկանց թվաքանակը, պետության պաշտպանության ու անվտանգության ծախսերը և այլ կոմպոնենտներ: Սրա հիման վրա է մշակվում հարկային քաղաքականությունը, սա այն ոսկե միջինը պետք է լինի, որ խրախուսի տնտեսական ակտիվությունը, ստեղծի սոցիալական պաշտպանվածություն, ձևավորի միջին խավ: Բայց մեր երկրում պետության սոցիալական պատասխանատվությունն իր տեղը զիջել է նեոլիբերալ տնտեսական այն մոդելին, որն էլ ամրապնդվում է հենց  այս հարկային օրենսդրությամբ: Լուծումը մեկն է` բարեփոխել հարկման տրամաբանությունը և ամբողջ փիլիսոփայությունը կառուցել պրոգրեսիվ հարկման համակարգի ներդրման վրա:

 -  Ձեր կարծիքով` ինչպիսի՞ հարկման համակարգ պետք է ունենա ՀՀ-ն, ո՞րն է ՀՅԴ տեսլականը:

 - Հարկման համակարգը տնտեսական ամբողջ բլոկի մասնիկ է: Տնտեսական մոդելի կիրառումից է կախված, թե ինչպիսի հարկման համակարգ պետք է ունենա երկիրը: ՀՅ Դաշնակցություն իր տեսակետը սոցիալ-տնտեսական քաղաքականության մասին բազմաթիվ անգամներ ասել է. մեր մոդելը հստակ է և ունի կոնկրետ հենասյուներ՝ սոցիալական արդարություն և ներառականություն, կայուն զարգացում ու առաջանցիկ տնտեսական աճ: Այս գաղափարի իրականացումն է, որ ձևավորում է արդար միջավայր: Սա նշանակում է, որ հանրությունից ավելի շատ բարիք ստացողն ավելի մեծ պատասխանատվություն ունի հանրության առաջ: Առաջին հերթին անհրաժեշտ է ներդնել նվազագույն չհարկվող եկամտի գաղափարը, նվազագույն եկամտի չափը պետք է ուղղակի կապված լինի կենսապահովման նվազագույն զամբյուղի հետ: Սա փոխշաղկապված մոդել է: Կան մարդիկ, որ աշխատում են, բայց էլի աղքատ են: Սա պետք է լուծվի օրենքով, որ գոնե պարզ լինի, որ ՀՀ-ում էլ չեն լինի սոված մարդիկ: Պրոգրեսիվ հարկման համակարգը հենց այդ խնդիրն է լուծում` քիչ եկամուտներ ստացողները շատ եկամուտներ ստացողներից ավելի քիչ հարկեր պետք է վճարեն: Մեր պատկերացրած տնտեսական մոդելում  քննարկվել է նաև պրոգրեսիվ ծախսերի համակարգը` կրկին հիմքում ունենալով սոցիալական արդարության գաղափարը: Կարելի է կիրառել օգտագործվող գազի, էլեկտրաէներգիայի և ջրի սակագների տարբերակված մոտեցումներ՝ սահմանելով նվազագույն օգտագործման չափաբաժինը: Դրա համար ենք ասում, որ չպետք է ամեն ինչ պատվիրակել մասնավորին, պետք է գալ այն մտքին, որ լուծումը բացառապես քաղաքական է և հնարավոր է միայն տնտեսության մեջ պետության գործոնի ավելացման դեպքում, բայց ոչ` ընտրանքային այլ ամբողջական պատասխանատվությամբ: Եթե կա աղքատություն, ապա մեղքը վարվող տնտեսական քաղաքականությանն է, ինչի ականատեսն ենք եղել:

Մ.Մ.