Փոխարժեքներ
23 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.85 |
EUR | ⚊ | € 451.57 |
RUB | ⚊ | ₽ 4.5785 |
GBP | ⚊ | £ 517.23 |
GEL | ⚊ | ₾ 141.09 |
Ժողովրդավարության մասին Փաշինյանի դատարկախոսությունները վաղուց հասարակությանը չեն զարմացնում։ Հերթականը՝ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ այսօր հնչեցրած հետևյալ միտքն էր․ «էսօր Հայաստանում ցանկացած մարդ ցանկացած տեսակետ կարո՞ղ է արտահայտել, կասեմ՝ այո»։
Թե՝ ցանկացած տեսակետ արտահայտելը ՀՀ քաղաքացու համար ինչ գին է արժենում, գրեթե ամեն օր ականատես ենք լինում։ Հերթական օրինակը՝ հենց այսօր կայացած Միքայել Սրբազանի դատավարությունն է, որին Փաշինյանի իշխանությունը մեղադրում է, ընդամենը, տեսակետ արտահայտելու համար։ Նույնը՝ Սրբազան պայքարի մասնակից 18 արդարերի գործով դատավարությունն է, որով մարդկանց մեղադրում են, ընդամենը, քաղաքացիական դիրքորոշում ունենալու, տեսակետ արտահայտելու, հայրենիքի ճակատագրով մտահոգ լինելու համար։
Սա դեռ ամենը չէ, «նիկոլական Հայաստանը» նաև կին քաղբանտարկյալ ունի՝ Լիդիա Մանթաշյանը, որի «մեղքը», ընդամենը, տեսակետ արտահայտելն ու քաղաքացիական դիրքորոշում ունենալն է․ սա աննախադեպ է։
«Նիկոլական Հայաստանում» Հայոց Եկեղեցուն սատարող կարծիքի համար այսօր դատում են բարերար, աշխարհում հայտնի գործարար Սամվել Կարապետյանին, որի կալանքը ոչ միայն հարված է իրավական համակարգին ու վարկանիշին, այլև մեծ հարված է տնտեսությանը։ Այսինքն՝ ցանկացած գործարար, հատկապես օտարերկրյա, տեսնելով Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, անկասկած կխուսափի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումներ անել։
«Նիկոլական Հայաստանում» քաղաքացուն նաև դատում են անձնական սոցէջերում գրառումներ անելու և այդ կերպ տեսակետ արտահայտելու համար։ Սրանք հազարավոր օրինակներից մի քանիսն են, և այսքանից հետո սանձարձակ ինքնավստահությամբ ասել, թե «ժողովրդավար» Հայաստանում ցանկացած մարդ կարող է ցանկացած տեսակետ արտահայտել, մեղմ ասած, լպիրշություն է։
Եվ ոչ միայն․․․ Մարդը, ով ընդամենն օրեր առաջ հայտարարեց, թե՝ «կառավարությունը ես եմ, որևէ մեկը չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ», քաղաքացու ազատ խոսքից ու տեսակետից է խոսում։
Եվ, ի վերջո, Փաշինյանի պատկերացրած «ժողովրդավար» Հայաստանի մասին պարբերաբար զեկույցներ են հրապարակում միջազգային հեղինակավոր կազմակերպությունները և յուրաքանչյուր անգամ նշում, որ Հայաստանը դեռ հիբրիդային ռեժիմով պետությունների շարքում է։ Իսկ դա նշանակում է, որ ժողովրդավարությունը կաղում է, կոռուպցիան լայն տարածման միտում ունի, քաղաքացու ազատ խոսքն օրենքով պաշտպանված չէ․․․
Հերմինե Զեյնալյան