կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-06 12:10
Քաղաքական

Ի՞նչ տեսակետ պետք է հայտնի ՀՅԴ-ն իր իսկ կողմից առաջ քաշված գաղափարների վերաբերյալ. Արմեն Ռուստամյան

Ի՞նչ տեսակետ պետք է հայտնի ՀՅԴ-ն  իր իսկ կողմից առաջ քաշված գաղափարների վերաբերյալ. Արմեն Ռուստամյան

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ամփոփելով քառօրյան, առանձնացրեց «Շրջանառության հարկի» մասին օրենքի հետաձգման հարցը և ՎՊ հաշվետվության հարցը: Նա նշեց, որ ՎՊ հաշվետվության հետ կապված դեպքերը պետք է բացառվեն, և ամեն ինչ պետք է կատարվի օրենքի տառին համապատասխան, ինչը չի կատարվել:

 

Լրագրողները հարց ուղղեցին Արմեն Ռուստամյանին ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված` կառավարական ճգնաժամի նախագծի մասին: Պատգամավորը կարծիք հայտնեց, որ արդեն վաղուց կառավարական ճգնաժամը լուրջ բնույթ ունի ու մտահոգիչ է: Նա հավելեց, որ ԱԺ-ում կա ներկայացուցչական կազմի լուրջ խախտում, և դրանից էլ ամեն ինչ սկսվում է: «Նորից գալիս ենք նրան, որ երկրում պետք է կատարվի համակարգային փոփոխություն, առանց դրա հնարավոր չէ, որ մենք ազատվենք այդ բացասական գնահատականներից»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 

Լրագրողները հետաքրքվեցին, թե ի՞նչ կարծիք ունի ՀՅԴ-ն երեկ ԲՀԿ նախաձեռնությամբ կազմակերպված խորհրդաժողովում Գագիկ Ծառուկյանի արտահայտած մտքերի վերաբերյալ: Արմեն Ռուստամյանը նշեց, որ այն, ինչ հրապարակավ ասվել է, դրա մասին Դաշնակցությունը վաղուց է հայտարարել: Պատգամավորը նշեց, որ կարող է, այդ ելույթի հետ կապված, բառ առ բառ ասել, թե Դաշնակցությունը երբվանից է այդ մասին խոսել: Արմեն Ռուստամյանի խոսքով` 2010-ին, երբ եղել է Դաշնակցության Գերագույն ժողովը, երբ Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից, ինքն անձամբ ասել է, որ Դաշնակցությունը ցանկանում է ձևավորել նոր որակի իշխանություն: «Մենք, փաստորեն, վաղուց ենք խոսել նոր որակի իշխանության մասին ու թե ինչ է դա նշանակում: Ասել ենք, որ իշխանություն-պետություն նույնացել են, բազմաթիվ անգամ ենք ասել: Ասողին լսող է պետք, մենք էսքան ասում ենք, մեզ ոչ ոք չի լսում, հիմա պարզվում է, որ այդ ամենի վերաբերյալ Դաշնակցությունը պետք է տեսակետ հայտնի: Ի՞նչ տեսակետ պետք է հայտնի Դաշնակցությունը իր իսկ կողմից առաջ քաշված գաղափարների վերաբերյալ, իհարկե, պետք է կողմ լինի»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

 

Ըստ պատգամավորի` անհասկանալի է, որ, կառավարման մոդելը չփոխելով, փորձում են նոր որակի իշխանություն ձևավորել: «Մենք պատերազմի մեջ ենք քանի տարի, նոր ենք հիշե՞լ, որ պատերազմը կարող է խոչընդոտել կառավարման մոդելի փոփոխությանը: Այդպես որ լիներ, Իսրայելը խորհրդարանական համակարգ չէր ունենա: Մենք խոսել ենք այդքան կադրային քաղաքականության մասին, որ Սփյուռքի բանիմաց կադրերը պետք է ընդգրկվեն պետականաշինության գործընթացի մեջ: Մենք էլ ենք ասում, որ իշխանափոխությունը չպետք է մարդափոխություն լինի: Իշխանափոխությունը, որպեսզի ծառայի ժողովրդին, վարչախումբ ու համակարգ պետք է փոխվի: Կուզենայի, որ քաղաքական ուժերով նստենք ու մեր ժողովրդին բացատրենք մանրամասն, թե ինչ պետք է անել, որ մեր ժողովրդին չխաբենք ու հուսախաբ չանենք: 90-ականներին ունեցել ենք անխոցելի, լավագույն ընտրություններ, բա ինչո՞ւ դրանից հետո ժողովրդավարությունը չամրապնդվեց, որովհետև ունեցանք այնպիսի Սահմանադրություն, որը ժողովրդավարության հերն անիծեց` հիմք դնելով գերկենտրոնացված իշխանության ստեղծմանը»,- ասաց Արմեն Ռուստամյանը: