Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հեռուստամեկնաբան Արմեն Դուլյանին աշխատանքից հեռացնելը հանրային քննարկումների առիթ տվեց, եւ հաճախ այդ միջադեպին խոսքի ազատության սահմանափակման գնահատականներ են տրվում, թեեւ Հայաստանում որեւէ իրավական ակտով սահմանված չէ, թե ինչ է իրենից ներկայացնում խոսքի ազատությունը. լրագրողներին այսօր ասաց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը` անդրադառնալով միջադեպին:
«Մեր իրավական ակտերը դրա մասին ոչինչ չեն ասում: Պետք է միջազգային իրավական փաստաթղթերին անդրադառնանք, որն արգելված է: Խոսքի ազատության վերաբերյալ, հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը, որտեղ սահմանված է, որ բոլորն ունեն հավասար իրավունքներ, եւ բոլորը հավասար են օրենքի առջեւ` անկախ սեռից, ծագումից, դավանանքից, լեզվից, կրոնից, քաղաքական հայացքներից, այլ ՀԿ-ների անդամակցելուց, ծագումից, ընտանեկան եւ սոցիալական դրություններից եւ այլն, եւ դրանից բխող իրավահավասարության դրույթը, որտեղ նույնպես նշված է, որ աշխատանքային հարաբերությունները պետք է ձեւավորվեն` հաշվի առնելով միայն տվյալ աշխատողի աշխատանքային հատկանիշները, կարող եմ ասել, որ համոզմունքները եւ տեսակետները չեն կարող հիմք հանդիսանալ աշխատանքային հարաբերությունների լուծման համար: Այսինքն` եթե անձը հայտնում է մի ինչ-որ տեսակետ, դա չի կարող հիմք հանդիսանալ, որ նրա նկատմամբ որոշակի պատժամիջոցներ կիրառվեն»,- ասաց Խառատյանը:
Yerkir.am-ի հարցին` եթե տվյալ մարդն աշխատում է հանրային կարծիք ձեւավորող ոլորոտում, ու նրա կարծիքը հանրային կարծիք ձեւավորող գործոն է, իսկ կարծիքների երկձեւությունը` հանրային կարծիքի խեղաթյուրման ու շփոթության պատճառ, այդ մարդուն տարբեր վայրերում նույն հարցի վերաբերյալ տարբեր կարծիքներ հայտնելու դեպքում իրավական ինչպիսի՞ գնահատական պետք է տրվի, Բորիս Խառատյանը նշեց, որ այդպիսի դեպքում դա դառնում է բարոյական խնդիր յուրաքանչյուրի համար:
«Օրինակ` ես կարող եմ այս միջավայրում մեկ բան ասել ու, դուրս գալով, սենյակից` մեկ այլ բան. դա արդեն օրենքի կարգավորման խնդիր չէ, մանավանդ եթե որեւէ վնաս չի պատճառում»,- ասաց արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահը: