կարևոր
1081 դիտում, 3 ժամ առաջ - 2025-07-14 17:21
Հասարակություն

Մեծ շուքով բացվեց Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանը

Մեծ շուքով բացվեց Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանը

Հուլիսի 12-ին Վահան Տերյանի ծննդավայր Գանձա գյուղում պաշտոնապես բացվեց վերականգնված տուն-թանգարանը՝ նվիրված մեծանուն բանաստեղծի հոբելյանական 140-ամյակին։

Նախկինում փլուզման եզրին գտնվող թանգարանն ամբողջությամբ վերակառուցվել և համալրվել է ժամանակակից տեխնոլոգիաներով, ինչն առավել ընդլայնել և հարստացրել է ցուցադրությունը՝ դառնալով բացառիկ մշակութային կենտրոն, որը միաժամանակ նպաստում է նաև տարածաշրջանում մշակութային տուրիզմի զարգացմանը։ Հարկ է նշել, որ թանգարանը վերականգնվել է՝ ամբողջապես պահպանելով իր սկզբնական ճարտարապետական ոճը: Այցելուները թանգարանում կարող են ունկնդրել ջավախքյան բարբառով հեքիաթներ, Arloopa համակարգի միջոցով կենդանացնել Տերյանի կերպարը և լուսանկարվել ինտերակտիվ հարթակում։

Վերականգնման աշխատանքները իրականացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից (ՋԱՀ)՝ բարերարների աջակցությամբ և Նինոծմինդայի մունիցիպալիտետի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Վրաստանում ՀՀ դեսպանության օժանդակությամբ: Ծրագիրը ներառել է երեք փուլ՝ ցուցասրահի վերականգնում, հուշային հատվածի (հայրական տան) վերականգնում և հարակից տարածքի բարեկարգում։ Թանգարանի ճարտարապետը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանն է, ցուցադրության համադրողը՝ ազգագրագետ Արգամ Երանոսյանը, դիզայները՝ Արթուր Քոշատաշյանը, իսկ ծրագրի ղեկավարը՝ Սամվել Մկոյանը։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը, Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն, Սամցխե-Ջավախքիի նահանգապետ Զաալ Գելաշվիլին, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, ՋԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամներ,  ինչպես նաև փոխնախարարներ, պետական, հասարակական և մշակութային ոլորտների ներկայացուցիչներ, բարերարներ և Տերյանի պոեզիայի սիրահարներ։

Երկու երկրների մշակույթի նախարարները ընդգծեցին թանգարանի վերաբացման և հայ-վրացական համագործակցության կարևորությունը։

Վրաստանի մշակույթի նախարար Թինաթին Ռուխաձեն իր ելույթում ընդգծեց․ «Մշակույթը չունի տարաձայնություններ և առանձնահատկություններ։ Մշակույթը բխում է բոլորի սրտից և կարող է ոգեշնչել բոլորին՝ անկախ ազգությունից և լեզվից»։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հավելեց․ «Մշակույթը միավորում է մարդկանց, և այսօր դա տեսանելի է։ Տերյանի պոեզիան համամարդկային արժեք է։ Վերաբացված թանգարանը տալու է նոր հնարավորություններ՝ ուսումնասիրելու Տերյանի արվեստը և առնչվելու նրա հավերժական ներկայությանը։ Տերյանի արվեստի բոլոր սիրահարները նորովի կբացահայտեն այն միջավայրը, որում ապրել և ստեղծագործել է Տերյանը»։

Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր ելույթում փաստեց, որ Վահան Տերյանի 140-ամյակը հաջողվեց նշել շքեղ և մարդաշատ ձևով՝ հենց նրա հայրենի Գանձա գյուղում։ Նա ընդգծեց, որ տերյանական շունչն այդ օրը ևս մեկ անգամ զգացվում էր գյուղում, և հավելեց, որ բոլորիս պարտքն է բանաստեղծի թողած հարուստ գրական ժառանգությունը փոխանցել հաջորդ սերունդներին։

Ողջունելով ներկաներին՝ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի տնօրեն Սամվել Մկոյանը նշեց, որ Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնումը հիմնադրամի համար եղել է առաջնահերթ ծրագրերից մեկը։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունն ուներ ոչ միայն մշակութային արժեքների պահպանության նպատակ, այլև կարևոր դեր է խաղում Ջավախքի զարգացման գործում՝ միաժամանակ նպաստելով հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։

Թանգարանի վերականագման գործում առանցքային ներդրում ունեցած բարերարներին և աշխատակիցներին հանձնվեցին շնորհակալական փաթեթներ։

Ելույթներից հետո երկու երկրների նախարարները կտրեցին կարմիր ժապավենը՝ ազդարարելով թանգարանի պաշտոնական բացումը և շրջեցին թանգարանում։

Տերյանական օրը շարունակվել է համերգային ծրագրով, որին մասնակցել են Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, «Տերյան մշակութային կենտրոնը», ինչպես նաև Գոռ Սուջյանը, Մավր Մկրտչյանը, Վարդան Բադալյանը, Գուրգեն Դաբաղյանը,  Արսեն Գրիգորյանը, Նարեկ Մարգարյանը և «Ջավախքի ձայնը» մրցույթ-փառատոնի մրցանակակիրներ՝ Արսեն Աղջոյանը, Արմեն Տաշչյանը, Արեգնազ Մկրտչյանը և Ամալյա Բաբայանը։

 

Տես նաև՝

Հետաքրքիր փաստեր. ինչպե՞ս սկզբնավորվեց «Պոեզիայի տերյանական օրեր» հանդիսույթը Ջավախքում

Պատմական ժողովը․ ինչպե՞ս հիմնադրվեց Վահան Տերյանի տուն-թանգարանը Ջավախքում