Փոխարժեքներ
12 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Այսօր Ջավախքում՝ Վահան Տերյանի հայրենի Գանձա գյուղում, տեղի է ունենում «Պոեզիայի տերյանական օրեր» խորագրով ավանդական հանդիսույթը: Միջոցառումն առանձնանում է նրանով, որ այսօր Գանձայում տեղի է ունենում նաև հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանի բացման հանդիսավոր արարողությունը: Տուն-թանգարանի վերականգնման նախագիծն իրականացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից՝ Նինոծմինդայի քաղաքապետարանի և բարերարների աջակցությամբ:
Տոնակատարության և տուն-թանգարանի վերաբացման այս խորհրդանշական օրը Yerkir.am-ը ներկայացնում է այն մասին, թե ինչպես է հեռավոր 1967 թվականին հիմնադրվել «Պոեզիայի տերյանական օրեր» ամենամյա միջոցառումը, և ո՞վ է հիմնադրման երախտավորը: Հավելենք, որ ջավախահայ անվանի մտավորական, խմբագիր, հրատարակիչ, ջավախահայության մշակույթի, դպրության ու իր սրբազան լեռնաշխարհ Ջավախքի մեծ նվիրյալ, Գանձա գյուղի զավակ Մոլիկ Սեդրակյանը ոչ միայն «Պոեզիայի տերյանական օրերի», այլև Վահան Տերյանի տուն-թանգարանի (1957 թ.), Ախալքալաքի գավառագիտական թանգարանի (1958 թ.), Բոգդավովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանային «Արշալույս» թերթի (1966 թ.), Նինոծմինդայի Մարտական փառքի թանգարանի (1970 թ., մայիսի 9), Վիկտոր Հովսեփյանի տուն թանգարանի (1997 թ.), «Փարվանա» գրական ակումբի (1989 թ.) և համանուն թերթի (1991 թ.), «Գանձա» թերթի (1991 թ.) և այլնի հիմնադիրը կամ համահիմնադիրն է:
Ի դեմս Մոլիկ Սեդրակյանի, մենք այսօր հիշում ենք Ջավախքում ապրած և իրենց կյանքը տասնամյակներ շարունակ իրենց պաշտելի երկրամասին ու նրա ժողովրդին ծառայեցրած, Ջավախքի անունը, ջավախահայության պատիվն ամենուր բարձր պահած, իրենք էլ այդ լեռնաշխարհի պատմության ռահվիրաների աստղաբույլի մեջ մնացած մեծանուն գործիչներին, խոնարհվում՝ նրանց թողած մեծ ժառանգության առջև:
Փա՛ռք ու խնկարկում նրանց լուսավոր հիշատակին:
Ստորև ներկայացնում ենք Մոլիկ Սեդրակյանի «Տերյանի Գանձան» (Երևան, 1986) գրքույկից մի հատված՝ «Պոեզիայի տերյանական օրերը» խորագրով ենթաբաժինը, որտեղ հեղինակը պատմում է այդ նվիրական տարիների, ինչպես նաև տասնամյակների փորձությանը դիմացած ու մեր օրեր հասած տոնի հիմնադրման մասին: Գրքույկն արտատպվել է նաև Մոլիկ Սեդրակյանի «Ջավախքը իմ հոգու աչքերով» արժեքավոր գրքում (Երևան, 2005): Հավելենք նաև, որ այս ամենի մասին Մոլիկ Սեդրակյանը 2015 թ. պատմել է տողերիս հեղինակին՝ «Երկիր Զաբախա» ռադիոհաղորդման շրջանակներում: Այդ թանկ հարցազրույցն ապագայում կտպագրվի նաև տեքստային եղանակով:
Վահե Սարգսյան
***
ՊՈԵԶԻԱՅԻ ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՕՐԵՐԸ
1967 թվականի հունիսի կեսերին էր: Նորաստեղծ «Գրական Փարվանա» խմբակի հերթական պարապմունքում առաջարկվեց անցկացնել պոեզիայի Տերյանական օր: Մտահղացումը բոլորին դուր եկավ: Շրջանային «Արշալույս» թերթում տպագրվեց բաց նամակ՝ ուղղված շրջանի բնակչությանը՝ «Տերյանական օրը թող դառնա ավանդույթ» վերնագրով:
Նամակը լայն արձագանք գտավ ամբողջ շրջանում, որոշվեց տոնահանդեսն անցկացնել հուլիսի նախավերջին կիրակի օրը: Իսկ ինչո՞ւ հատկապես այդ օրը: Որովհետև 1905 թվականի այդ օրը Գանձայում է եղել բանաստեղծ Ավետիք Իսահակյանը և Լազարյան ճեմարանի ուսանող Վահան Տեր-Գրիգորյանի հետ մասնակցել է ժողովրդական Վարդավառ տոնախմբությանը, միասին բարձրացել են «Ժամին սար» ուխտավայրը։
... Հուլիսի 23-ի արևածագին Բոգդանովկայից մեկնեցինք Գանձա, թվով 20-25 հոգի` լրագրողներ և սկսնակ բանաստեղծներ: Մի այդքան մարդ էլ գյուղից հավաքվեց: Եվ տուն-թանգարանի բակում առաջին անգամ անցկացվեց պոեզիայի Տերյանական օր։ Կրակոտ ելույթներ եղան, Տերյանին նվիրված բանաստեղծություններ կարդացվեցին, վերջում բարձրախոսներից գյուղի վրա տարածվեց Սուրեն Քոչարյանի ձայնը․ կարդում էր Տերյան: Այնուհետև տուն-թանգարանի բակից խմբովին քայլեցինք այն արահետով, որով «Ժամին սարն» էին բարձրացել հայ պոեզիայի երկու կարկառուն դեմքերը...
1981 թվականին Վրաստանի կոմկուսի Կենտկոմի բյուրոն հատուկ որոշում ընդունեց պոեզիայի Տերյանական օրը ավանդական դարձնելու և ամեն տարի հուլիսի նախավերջին կիրակի օրը հանրապետական մասշտաբով անցկացնելու մասին:
Սկզբի տարիներին պոեզիայի օրվա տոնակատարությունն անցկացվում էր տուն-թանգարանի ընդարձակ բակում: Իսկ 70-ական թվականների կեսերից, երբ այն դարձավ ավանդական և վերածվեց իսկական ժողովրդական տոնահանդեսի, այլևս անհնար եղավ նրա բազմահազար մասնակիցներին տեղավորել այդ, հիրավի, ուխտավայրում: Եվ որոշվեց տոնը անցկացնել գյուղի մերձակա կլորագագաթ սարի ստորոտում, ծաղկառատ մարգագետնի կողքին, որը Տերյանի սիրած վայրերից է եղել:
Տեսնել էր պետք, թե տոնահանդեսի նախապատրաստման ընթացքում և այդ օրը ինչ եռանդուն ու լարված աշխատանք են կատարում շրջանային հանձնաժողովի անդամները, տասնյակ մարդիկ` կուսակցության շրջանային կոմիտեի, շրջսովետի գործկոմի կուլտուրայի բաժնի և շրջանային «Արշալույս» թերթի խմբագրության աշխատողները, «Գրական Փարվանա» խմբակում ընդգրկված ստեղծագործողները, Գանձայի պետական տնտեսության ղեկավարները, կուսակցական և կոմերիտական ակտիվիստները:
Պոեզիայի Տերյանական օրվա տոնակատարությունը դիտվել է որպես հանրապետական նշանակություն ունեցող միջոցառում, այն մտցվել է «Վրաստանի ժողովրդական տոներ» գունազարդ գիրք-օրացույցի մեջ, որը ամեն տարի լույս է ընծայվում Վրաստանի կոմկուսի Կենտկոմի կողմից: Գրականությունների և ժողովուրդների բարեկամության այդ գեղեցիկ՝ տոնահանդեսը կազմակերպական և գաղափարական բարձր մակարդակով անցկացնելու համար հատուկ ուշադրություն են ցուցաբերում հանրապետության կուսակցական և սովետական ղեկավար մարմինները:
1985 թվական։ Հուլիսի 21: 19-րդ անգամ Գանձայում անցկացվում է պոեզիայի Տերյանական օրը և միաժամանակ նշվում է բանաստեղծի ծննդյան 100-ամյակը։
Իր հիմնադրման 155 տարիներից ի վեր Գանձան այդքան հյուր չէր ընդունել: Վաղ առավոտից, երբ գյուղի վրա դեռ նստած էր թափանցիկ մուժը, մարդկային հոսքը ձգվում է դեպի այն հնամենի, հողածածկ տունը, որտեղ Յուղաբեր մայրիկը հակվել է օրորոցին ու հոգեզմայլ երգով քուն բերել իր Վանիկին: Հազարավոր մարդիկ Բոգդանովկայի և նրա մերձակա շրջաններից, Թբիլիսիից, Երևանից, եղբայրական երկու հանրապետությունների տարբեր բնակավայրերից ժամանած հյուրերը շտապում են այստեղ, որպեսզի հարգանքի տուրք տան մեծանուն բանաստեղծին: Մեծապատիվ հյուրերին աղուհացով են դիմավորում, դաշտային բուրումնավետ ծաղիկներ են մատուցում գանձացի երիտասարդները։ Հետո մարդկային հոսքը ալիքվում է դեպի գյուղամերձ սարի ստորոտը, որտեղ սովորաբար անցկացվում է պոեզիայի Տերյանական օրը։ Մարդիկ հիացմունքով են դիտում սարալանջին փորանկարված Վահան Տերյանի 50 մետրանոց դիմանկարը, որը պատրաստել են պոետի ազգականները՝ ինքնուս նկարիչ Հմայակ Գրիգորյանի գլխավորությամբ: Սարամերձ տափարակը տոնական զարդարանքի մեջ է: Շուրջբոլորը հայերեն, վրացերեն, ռուսերեն երկտողեր են Տերյանից: Թերև քամուց փողփողում են դրոշները: Մարդկային հեղեղը դեռ հոսում է, իսկ միտինգի նախագահությունում տեղ են զբաղեցնում՝ ժամանած հյուրերը Վրաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ջ. Պատիաշվիլին, քարտուղար Գ. Ենուքիձեն, Վրացական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Դ. Քարբվելիշվիլին, նախագահի տեղակալ Օ. Չերքեզիան, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ Ռ. Արզումանյանը, Հայաստանի պատվիրակության անդամները, երկու հանրապետությունների գրականության և արվեստի նշանավոր գործիչներ, մյուս հանրապետություններից ժամանած հյուրեր:
Հանդիսությունը բացում է Վրաստանի կոմկուսի Բոգդանովկայի շրջկոմի առաջին քարտուղար Վ.Հ. Քոչոյանը: Տերյանի մասին խոսք է ասում Վրաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Ջ.Ի. Պատիաշվիլին: Նա Վրաստանի կոմկուսի Կենտկոմի, կառավարության անունից սրտագին ողջույններ է հղում տոնահանդեսի մասնակիցներին, ջերմ բառերով բնութագրում հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը, որը լենինյան ազգային քաղաքականության շնորհիվ մեր օրերում նոր երանգ ու բովանդակություն է ստացել:
Ժողովուրդների եղբայրությանն ու բարեկամությանը նվիրված ռուսերեն, հայերեն վրացերեն, ուկրաիներեն լեզուներով հնչող խոսքերն ու բանաստեղծությունները հզոր սիմֆոնիայի տպավորություն են թողնում: Հուզումնալից են հնչում Վրաստանի գրողների միության վարչության նախագահ Շ. Նիշնիանիձեի, Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, Վահան Տերյանի ազգական Ա. Գրիգորյանի, գրականագետ և թարգմանիչ Բ. Արվելաձեի, բանաստեղծ, թարգմանիչ Վ. Կոչևսկու, Ս. Կապուտիկյանի ելույթները: Ապա բեմահարթակը տրամադրվում է երկու եղբայրական հանրապետությունների՝ արվեստի վարպետներին, գեղարվեստական ինքնագործունեության կոլեկտիվներին: Տերյանի սիրած ծաղկառատ դաշտերում տարածվում են հայկական և վրացական հոգեզմայլ մեղեդիները, հնչում են պոետի հոգի թովող բանաստեղծությունները ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհի Մետաքսյա Սիմոնյանի կատարմամբ: Հիրավի, օդը լիքն էր Տերյանով:
«Եղբայրական երգ ու սեր...» Հովհաննես Թումանյանի այս տողերով կարելի է բնորոշել պոեզիայի Տերյանական օրը: Ամեն տարի այդ օրը հնչում են բանաստեղծություններ հայերեն, վրացերեն և ռուսերեն լեզուներով, փառաբանվում է ՍՍՀՄ ժողովուրդների անխախտ բարեկամությունը:
Ահա Տերյանին, հայ և վրաց ժողովուրդների բարեկամությանը նվիրված իրենց բանաստեղծություններն են կարդում Իոսեբ Նոնեշվիլին ու Կառլո Կալաձեն, Սիլվա Կապուտիկյանն ու Վահագն Դավթյանը, Գիվի Շահնազարը, Արսեն Կարապետյանը, Վիկտոր Հովսեփյանը, Վարդ Ղազարյանը...
Հանդիսությունների ամբիոնից ժողովուրդների բարեկամությանը նվիրված ջերմ ու սրտառուչ խոսքեր են հնչեցնում երկու դրկից հանրապետությունների գրողների միությունների ղեկավարները` Գրիգոլ Աբաշիձեն, Վարդգես Պետրոսյանը, Գեորգի Ցիցիշվիլին, Մկրտիչ Սարգսյանը, Արամ Գրիգորյանը:
Ամեն տարի 15-20 հազար մարդ է մասնակցում պոեզիայի Տերյանական օրվա տոնակատարությանը: Գալիս են պոեզիայի երկրպագուներ Թբիլիսիից, Երևանից ու Բաքվից, Կիրովականից, Քութայիսից, Կիրովաբադից, Լենինականից, Սուխումից, Դիլիջանից: 1982 թվականին տոնահանդեսի մասնակիցների թվում էր միջին տարիքի մի տղամարդ, որը Էջմիածնից Գանձա էր եկել ոտքով, չորս օրում: Երբ նրան հարցրին, թե ինչու հատկապես ոտքով է եկել, հանգիստ պատասխանեց.
- Այդպես էի ուխտել դեռ դպրոցական նստարանից:
Տերյանի Գանձան, այո, հիմա էլ հմայում, ձգում է հազար-հազարների: Ու քանի գնում, տոնախմբությունը դառնում է ավելի գրավիչ, ավելի բազմամարդ, ավելի բանաստեղծական: