Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երկու տարի առաջ՝ մայիսի 10-ին, Շուշիում բացվել է Արցախի հերոս Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդանի) տուն-թանգարանը:
Տուն-թանգարանի բացմանն աջակցել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը։ Հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՀ պաշտպանության նախարար գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, պետական և զինվորական բարձրաստիճան այրեր, հերոսի մայրը՝ Զարիկ մայրիկը, հարազատներ, գաղափարակից և մարտական ընկերներ, հյուրեր:
Վարդան Ստեփանյանը 1988թ. ղեկավարել է Աֆղանստանում ծառայած տղաների կամավորական խումբը, որը մասնակցում էր Հայաստանի սահմանամերձ շրջանները պաշտպանելուն և Արցախի ինքնապաշտպանական մարտերին։
Վարդանը դաշնակցական առաջին կամավորների շարքում դեռ 1991 թվականին եկել էր Արցախ՝ իբրև մարտական մարզիչ։ «Դաշնակցական» ջոկատի կազմում, որի հրամանատարն էր Աշոտ Ղուլյանը, նա գործուղվում է Շահումյան՝ որպես հրահանգիչ՝ մարզելու նորակոչիկներին։
Դուշման Վարդանը Արցախի առաջին բանակը ստեղծողներից էր: 1988 թվականից Դուշմանն ամբողջապես նվիրվում է Արցախյան շարժմանը, ճանաչվում ու հարգանք ձեռք բերում ժողովրդի շրջանում, դեռեւս կենդանության օրոք դառնում իսկական լեգենդ։
Վարդանը ոչ միայն մասնակցել է զինյալ պայքարին, այլեւ եղել է բազում երիտասարդների ուսուցիչը, մարտական դաստիարակը եւ վերջապես՝ անվախ հրամանատարը։ Նա մասնակցել է Երասխավանի, Շահումյանի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանության մարտերին, Կրկժանի, Մալիբեյլիի, Լեսնոյի, Խոջալուի, Շուշիի, Բերդաձորի և Լաչինի ազատագրմանը։
Զոհվել է 1992 թ. հուլիսի 3-ին Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի մոտակայքում։
Դուշման Վարդանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին և երկրորդ աստիճանի շքանշաններով, «Շուշիի ազատագրման» և «Մոր երախտագիտությունը Արցախ աշխարհի հերոս զավակներին» մեդալներով։ Վարդանի անունով է կոչվում ազատագրված Շուշիի փողոցներից մեկը, ինչպես նաեւ ԵՊՀ ամբիոններից մեկը, բազմաթիվ դպրոցներում կան Վարդանի անունը կրող դասարաններ։
Հերոսի երազանքը մեր բոլորի նվիրական երազանքն էր: Նա երազում էր ազատագրել Շուշին և Լաչինով տուն վերադառնալ:
Դուշման Վարդանը նաև երազում էր Արցախյան ազատամարտի հաղթական ավարտից հետո յասամանի ծառեր տնկել ազատագրված Շուշիից մինչ Ստեփանակերտ: Հերոսի երազանքն իրականացավ նրա մահից 27 տարի անց:
Գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը իր խոսքում հիշեց Վարդանի մարտական հերոսական ուղին: Նրա խոսքով՝ Շուշիի ազատագրման ռազմագործողությունից հետո Վարդանի ղեկավարած մարտի արդյունքում կարողացանք նորից ետ մղել թշնամու մեծաքանակ զորքը:
«Ուր էլ գնամ, տուն եմ գալու: Դու չես լացելու, ես էլ չեմ ծխելու»,- այսպես էր պայմանավորվել հերոսը մոր՝ Զարիկ մայրիկի հետ:
Մայրը հպարտությամբ էր խոսում իր հերոս որդու մասին: «Մա՛յր, քո մահն անգամ ինձ հետ չի պահի»,- որդու խոսքերն է հիշում Դուշման Վարդանի մայրը:
«Ես չեմ լացում, որովհետեւ ես Վարդանի մայրն եմ, ես սերունդ եմ դաստիարակում: Ես ապրում եմ վաղվա հաղթանակի օրվա համար: Եռաբլուրում կհաղորդեմ որդուս, որ ազգդ կանգուն և ուժեղ է»,- խոսքը եզրափակեց Զարիկ մայրիկը: