կարևոր
1318 դիտում, 5 ժամ առաջ - 2025-07-12 18:06
Հասարակություն

Պատմական ժողովը․ ինչպե՞ս հիմնադրվեց Վահան Տերյանի տուն-թանգարանը Ջավախքում

Պատմական ժողովը․ ինչպե՞ս հիմնադրվեց Վահան Տերյանի տուն-թանգարանը Ջավախքում

Այսօր Ջավախքում՝ Վահան Տերյանի հայրենի Գանձա գյուղում, տեղի է ունենում «Պոեզիայի տերյանական օրեր» խորագրով ավանդական հանդիսույթը: Միջոցառումն առանձնանում է նրանով, որ այսօր Գանձայում տեղի է ունենում նաև  հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանի վերականգնված տուն-թանգարանի և ցուցասրահի բացման հանդիսավոր արարողությունը: Տուն-թանգարանի վերականգնման նախագիծն իրականացվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի կողմից՝ Նինոծմինդայի քաղաքապետարանի և բարերարների աջակցությամբ:    

Տոնակատարության և տուն-թանգարանի վերաբացման այս խորհրդանշական օրը Yerkir.am-ը ներկայացնում է այն մասին, թե ինչպես է հեռավոր 1957 թվականին հիմնադրվել Վահան Տերյանի տուն-թանգարանը:

Ի դեպ, ջավախահայ անվանի մտավորական, Գանձա գյուղի զավակ Մոլիկ Սեդրակյանը ոչ միայն Վահան Տերյանի տուն-թանգարանի (1957 թ.), այլև Ախալքալաքի գավառագիտական թանգարանի (1958 թ.), Բոգդավովկայի (այժմ՝ Նինոծմինդա) շրջանային «Արշալույս» թերթի (1966 թ.), «Պոեզիայի տերյանական օրերի» (1967 թ.), Նինոծմինդայի Մարտական փառքի  թանգարանի (1970 թ., մայիսի 9), Վիկտոր Հովսեփյանի տուն թանգարանի (1997 թ.), «Փարվանա» գրական ակումբի (1989 թ.) և համանուն թերթի (1991 թ.), «Գանձա» թերթի (1991 թ.) և այլնի հիմնադիրը կամ համահիմնադիրն է:  

Ստորև ներկայացնում ենք Մոլիկ Սեդրակյանի «Տերյանի Գանձան» (Երևան, 1986) գրքույկից մի հատված՝ «Վահան Տերյանի տուն-թանգարանը» խորագրով ենթաբաժինը, որտեղ հեղինակը պատմում է այդ նվիրական տարիների, ինչպես նաև տասնամյակների փորձությանը դիմացած ու մեր օրեր հասած տոնի հիմնադրման մասին: Գրքույկն արտատպվել է նաև Մոլիկ Սեդրակյանի «Ջավախքը իմ հոգու աչքերով» արժեքավոր գրքում (Երևան, 2005): Հավելենք նաև, որ այս ամենի մասին Մոլիկ Սեդրակյանը 2015 թ. պատմել է տողերիս հեղինակին՝ «Երկիր Զաբախա» ռադիոհաղորդման շրջանակներում: Այդ թանկ հարցազրույցն ապագայում կտպագրվի նաև տեքստային եղանակով:

 

Վահե Սարգսյան

 

***

ՏԵՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ

 

Ժամանակին Տեր Սուքիասի հողածածկ տունը ամենաբարետեսն էր գյուղում։ Կային մեծ ու փոքր փայտաշեն օդաներ, բայց ուրիշ էր 1882 թվականին կառուցված, գեղեցիկ պատուհաններով, փայտե առաստաղով ու հատակով մի շարք սենյակներ ունեցող այս տունը: Բոլոր անվանի մարդիկ, այցելելով Ջավախք, ամենից առաջ լինում էին այս տանը «տերտերի յազլղներում»: Այս տանն են հյուրընկալվել և գիշերել Թումանյանը, Իսահակյանը, Լալայանը, Մակինցյանը... և նույնիսկ Թիֆլիսի նահանգապետ Լոզինսկին: Գյուղում այս տանն են առաջին անգամ ստացել «Մշակ» և «Նոր դար» թերթերը, իսկ 17 թվականին «Պրավդան»: Այստեղ է առաջին անգամ գեղարվեստական գիրք ընթերցվել: Վերջապես, առաջին անգամ այս տանն են հնչել «Լենին» և «հեղափոխություն» բազմախորհուրդ բառերը, այստեղ է դադար առել ու 11-րդ բանակի մարտիկների հետ ձյունածածկ ճամփով Ախալքալաք հասել 20-ամյա կոմունիստ Գրիգոր Առուստամովը՝ Ախալքալաքի հեղկոմի առաջին նախագահը։

...1955 թվականի փետրվարի կեսերին էր: Դրսում մոլեգնում, ոռնում էր բուքը, իսկ ակումբում շարունակվում էր Մուրացանի «Ռուզան» պատմահայրենասիրական դրամայի ներկայացումը: Ընդմիջումներից մեկի ժամանակ, ինչպես պայմանավորվել էինք գյուղի առաջավորների հետ, բեմահարթակից ընթերցվեց դիմումը ուղղված ՍՍՀՄ Գերագույն սովետին, որով խնդրում էինք բանաստեղծ Վահան Տերյանի հիշատակը հավերժացնելու նպատակով նրանց պապենական տունը վերածել տուն-թանգարանի: Տեսնել էր պետք, թե հուզմունքի և խանդավառության ինչ ալիք բարձրացավ ակումբում։

Ամիսներ անց այդ նամակի հետքերով գյուղ եկավ Վրաստանի կոմկուսի Կենտկոմի աշխատակից, գրող և թարգմանիչ Սահակ Մանվելյանը։ Հաջորդ տարում Տերյանենց տանը բացվեց գրադարան, իսկ 1957 թվականին տուն-թանգարան: Գրադարանի առաջին վարիչը և տուն-թանգարանի առաջին դիրեկտորը դարձավ բանաստեղծի քրոջ աղջիկը՝ Արուսյակ Մալխասյանը:

Հիշարժան օր էր 1957 թվականի հուլիսի 14-ը, երբ Գանձայի ակումբում բազմամարդ ժողով կայացավ՝ նվիրված տուն-թանգարանի բացմանը: Մեծ վով հյուրեր կային շրջկենտրոնից, հարևան ևան շրջաններից: Այդ կապակցությամբ Լենինգրադից հատուկ եկել էր պոետի Ներսես եղբոր որդին՝ Կամսար Գրիգորյանը` հետը բերելով բազմաթիվ լուսանկարների և փաստաթղթերի պատճեններ, որոնք և դարձան նորաբաց տուն-թանգարանի առաջին ցուցանմուշները: Որոշ ժամանակ անց տուն-թանգարանի դիրեկտոր նշանակվեց Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտ Սերգեյ Հասրաթյանը: Նա լրջորեն զբաղվեց նյութեր հավաքելով, կազմեց էքսպոզիցիայի պլանը, արխիվներից, թանգարաններից, մասնավոր մարդկանցից հետագայում ձեռք բերեց շուրջ 1000 ցուցանմուշ։