Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ փետրվարի 9-ին, լրացավ հայ նշանավոր բանաստեղծ, քնարերգու Վահան Տերյանի ծննդյան 137-ամյակը։ Ջավախքի Գանձա գյուղում գտնվող նրա տուն-թանգարանը առանձնակի պահպանման եւ վերականգնման անհրաժեշտություն ունի: Հուրախություն տերյանասերների՝ 2021 թ․ «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի հետեւողական ջանքերի շնորհիվ Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահի հատվածը արդեն իսկ վերականգնվել եւ հանձնվել է մշակութասերների դատին: Հիմնադրամը մեկնարկել է նաեւ տուն-թանգարանի հուշային մասի վերականգնումը, ինչի առթիվ հայտարարվել է դրամահավաք:
«Ջավախքին աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սամվել Մկոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ՋԱՀ-ն առանձնահատուկ կարեւորություն է տալիս մշակութային կառույցների պահպանմանն ուղղված ծրագրերին: Նրա խոսքով՝ Տերյանը, ապրելով 35 տարի, թողել է հսկայական ժառանգություն, եւ այն պահպանելու լավագույն ձեւերից մեկը տուն-թանգարաններ հիմնադրելն է:
«Մենք 2016-2017 թթ. Ջավախքի իր հայրենի Կարծախ գյուղում հիմնադրեցինք աշուղ Ջիվանու տուն-թանգարանը, իսկ 2021 թ. բարերարների հետ համագործակցությամբ կարողացանք վերականգնել Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահը: Այն գտնվում էր անմխիթար վիճակում, նույն ճակատագրին է արժանացել նաեւ հուշային հատվածը»,-նշեց Մկոյանը:
Վահան Տերյանի տուն-թանգարանը ՋԱՀ-ը վերականգնում է երեք փուլով: Առաջին փուլն անցած տարի լիովին իրականացրել են: Մկոյանը շեշտում է՝ մարդիկ մեծ ոգեւորությամբ են այցելում, քանի որ ցուցասրահում Տերյանը ներկայացվում է ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով, ժամանակակից ցուցադրությամբ: Բանաստեղծի կյանքը ներկայացված է եռաշերտ ձեւաչափով: Վահան Տերյանի կյանքի ամբողջ շրջանը ցուցադրվում է նկարներով, պատկերներով։ Անիմացիաների միջոցով հնարավոր է անգամ Տերյանին կենդանություն տալ. օգտագործվել է «ARLOOPA» հավելվածը։ Ցուցադրվող առարկաները հիմնականում գրքային են, մեծ արժեք է ներկայացնում նաեւ Քոչարի արձանը։
«Այս պահին սկսել ենք երկրորդ փուլի աշխատանքները՝ հուշային մասի վերականգնումը: Որպես խորհրդանշական օր՝ այսօրվանից ազդարարում ենք երկրորդ փուլի դրամահավաքի մասին: Կոչ եմ անում բոլոր տերյանասերներին՝ ովքեր ուզում են Վահան Տերյանին հարիր տուն-թանգարան ունենալ նրա ծննդավայրում, թո՛ղ միանան ՋԱՀ-ի նախաձեռնությանը, ունենալ իրենց մասնակցությունը, որպեսզի կարողանանք ավարտին հասցնել երկրորդ փուլը: Երրորդ փուլով նախատեսվելու է ամբողջ համալիրի վերակառուցումը»,-տեղեկացրեց Մկոյանը:
Երկրորդ փուլի նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են: ՋԱՀ-ի կայքէջի միջոցով հնարավոր է անգամ 100 դրամ ներդրում ունենալ կամ այցելել հիմնադրամի գրասենյակ, մասնակցել դրամահավաքային միջոցառումներին:
Մանրամասն՝ տեսանյութում:
Լիանա Սարգսյան