Փոխարժեքներ
08 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.28 |
EUR | ⚊ | € 442.38 |
RUB | ⚊ | ₽ 4.8166 |
GBP | ⚊ | £ 519.46 |
GEL | ⚊ | ₾ 141.87 |
Այսուհետև Գառնու տաճարի արքունական պալատը հնարավոր կլինի տեսնել 3D մոդելավորմամբ:
Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամը ԿԳՄՍ նախարարության հետ գործակցաբար ստեղծել է հոլովակ, որի ցուցադրությունը կայացավ մայիսի 5-ին:
Ծրագրի աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, իրականացվել է առանց գիտական շեղումների՝ համաձայն Ալեքսանդր Սահիկյանի և Արմեն Տոնիկյանի վերակազմության։
Հոլովակը հնարավորություն կտա յուրաքանչյուր զբոսաշրջիկի ամբողջական պատկերացում կազմել 3-րդ դարում կառուցված արքունական բաղնիքի մասին։
Ծրագրի նպատակն է այցելուների համար ստեղծել հանրամատչելի նորարարական լուծումներ՝ պատմամշակութային ժառանգությանը ծանոթանալու համար։
Ծրագրի հեղինակ և ղեկավար, Genesis Armenia ուղեղային կենտրոնի կամավոր, զբոսավար Արփի Եգանյանի խոսքով՝ այս ծրագիրը հնարավորություն կտա առանց զբոսավարի պատկերացում կազմել 3-րդ դարի արքունի այս բացառիկ բաղնիքի մասին։
«Որդեգրել էինք շատ կարևոր սկզբունք՝ դուրս չգալ գիտական շրջանակից, չշոշափել այնպիսի թեմաներ, որոնք կարող էին լինել իրարամերժ։ Ի սկզբանե ծրագիրը նախատեսել էինք ավարտել մեկ ու կես տարում, բայց աշխատանքները ձգվեցին 3 տարի։ Միայն 3 անգամ արել ենք տանիքի վերակազմությունը։ Դժվար էր նաև բաղնիքի հատակի խճանկարի վերակազմությունը»,- ասում է Արփի Եգանյանը։
«Ավելի լավ է մեկ անգամ տեսնել, քան հազար անգամ պատկերացնել»,-վստահեցնում է պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության ՊՈԱԿ-ի մարկետինգի և զարգացման ծրագրերի բաժնի պետ Նարե Նիկողոսյանը։ Նրա խոսքով՝ այցելուներին Գառնու տաճարի արքունական բաղնիքը ներկայացնելը բավականին դժվար էր, իսկ այս ծրագրի միջոցով զբոսաշրջիկը, այցելուն հնարավորություն կունենան ծանոթանալ բաղնիքի ամբողջ կառուցվածքին։
Հոլովակը ցուցադրվելու է 9 լեզվով:
Ծրագիրն իրականացնելու համար գործակցել են հնագետ Մկրտիչ Զարդարյանի և ճարտարապետ Գևորգ Գյուլամիրյանի հետ։ Իսկ անիմացիոն լուծումներն իրականություն է դարձրել «Թումո» դիզայն-ստուդիան՝ Վիգեն Թումանյանի գլխավորությամբ։
Genesis Armenia-ն անկուսակցական նախաձեռնություն է՝ ուղեղային կենտրոն/հիմնադրամ, որի նպատակը համահայկական մտավոր ներուժի համախմբումն է, խելամիտ, առարկայական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ֆինանսատնտեսական ներդրումների վերածելն ու ծառայեցնելը՝ ի սպաս հայ ժողովրդի ազգային շահերի: Genesis Armenia-ն հայկական մտավոր ներուժը համախմբում է՝ միջազգային հարաբերությունների, անվտանգային քաղաքականության, տնտեսության և բիզնեսի, արդյունաբերության և տեխնոլոգիաների, կրթամշակութային, առողջապահության ու բնապահպանության ոլորտներում` մեկտեղելով մեր հայրենակիցների հետազոտական ունակությունները, համաշխարհային կապերը, լոգիստիկ հնարավորությունները։