Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլի 19-ին Հուշարձանների պահպանության միջազգային օրն էր: Այդ օրը մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի ղեկավարությունը կազմակերպել էր այց Գառնիի հեթանոսական տաճար: Կանխավ հայտարարվել էր, որ տարածքում պետք է բարեկարգման աշխատանքներ իրականացվեն:
Արդեն տեղեկացրել ենք, որ դեռ 2009-ի հոկտեմբերի 4-ին ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի հերթական նիստի քննարկման թեման Գառնու տաճարի մոտ սրճարան կառուցելն էր, որի նախագծի էսքիզային առաջարկը սկզբունքորեն հավանության էր արժանացել: Սակայն տարեսկզբին, երբ պարզ դարձավ, որ տաճարի մոտ պետք է սրճարան կառուցվի, այս որոշումը դժգոհության ալիք բարձրացրեց, և շատ ու շատ ճարտարապետներ շտապեցին փաստել, որ պատմամշակութային արժեքի տարածքում արգելվում է սրճարան կառուցել: Այդ օրերին, սակայն, պարզվեց, որ սրճարան ոչ ոք էլ չի ուզում կառուցել, բոլորը սկսեցին հրաժարվել այդ մասին խոսելուց, անգամ` ՀՀ մշակույթի նախարարությունից yerkir.am-ին տեղեկացրել էին, որ սրճարանի կառուցման ուղղությամբ ոչ մի աշխատանք էլ չի կատարվում, այնտեղ հենապատի ամրակայման աշխատանքներ են տեղի ունենում:
Բայց օրերս Գառնիում կրկին սկսել են ինչ-ինչ շինարարական աշխատանքներ կատարվել: Ապրիլի 19-ին, ինչպես և խոստացել էր «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ը, բարեկարգման աշխատանքները կատարվեցին, սակայն պարզվեց` ինչ-որ բան կիսատ էր մնացել և այդ բացը որոշեցին լրացնել ապրիլի 26-ին` կրկին Գառնի այցելելով և հենապատի տարածքը որոշ մասով բետոնապատելով:
Yerkir.am-ի հետ զրույցում ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի օգնական Մարինե Ավանեսյանը նշեց, որ երկու այցի ժամանակ էլ այնտեղ զուտ շաբաթօրյակ են արել: «Բարեկարգվել է տարածքը, հեռացվել են ճյուղերը, հենապատի ամրակայման ու բարեկարգման աշխատանքներ են կատարվել: Հենապատը /37մ երկարությամբ և 90սմ բարձրությամբ/ բնական գործոնների ազդեցությամբ բավականին խարխլվել էր, և այն վերաշարելու անհրաժեշտություն կար, ինչն արվեց շաբաթօրյակի ընթացքում: Դրանից բացի` ոչ մի աշխատանք այնտեղ չի կատարվել: Որոշվեց, որ հենապատի հատվածում նստարաններ պետք տեղադրվեն /թվով 9-ը/: Այդ օրը դրանք տարանք Գառնու տաճարի տարածքի մոտ, բայց դեռ չենք տեղադրել»,- ասաց Ավանեսյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ ապրիլի 26-ին իրենք այցելել են Գառնի` նստարանների հիմքի նախապատրաստման աշխատանքները կատարելու համար: Արդյունքում` գետնին ամրակայման աշխատանքներ են տարվել, քանի որ նստարանները շարժական ամրակներով պետք է ամրացվեն. «Այդ աշխատանքները զուտ նստարանները տեղադրելու համար են կատարվել: Ապրիլի 26-ից հետո այնտեղ շինարարական որևէ աշխատանք չի իրականացվել»:
Հարցին` այդ դեպքում Գառնիում սրճարանի կառուցման որոշումը կասեցվե՞լ է կամ ի՞նչ ընթացքի մեջ է, Ավանեսյանը պատասխանեց, որ այս պահին որևէ բան ասել չի կարող. «Երբ լինի վերջնական որոշում` նոր միայն ձեր հարցին կպատասխանեմ: Այս պահին մեր խնդիրը հենապատը վերաշարելն էր, որն արեցինք»: