կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-20 12:00
Մշակույթ

Թեժ ասուլիս. Զվարթնոցի և Գառնու տաճարի հետ կապված քննարկումը կիսատ մնաց` բանախոսները նեղացան իրարից

Թեժ ասուլիս. Զվարթնոցի և Գառնու տաճարի հետ կապված քննարկումը կիսատ մնաց` բանախոսները նեղացան իրարից

Այսօր ակումբներից մեկում Զվարթնոցի և Գառնու տաճարի շուրջ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների մասին քննարկում էր, որին մասնակցում էին երգիչ-երգահան Արտավազդ Բայաթյանը, Լիլիթ Պիպոյանը և հրապարակախոս Կարինե Հակոբյանը:

 

Կարինե Հակոբյանը նշեց, թե սա առաջին դեպքը չէ, որ նման անմարդկային կերպով են վերաբերվում հուշարձաններին, և ոչ մի երաշխիք չունենք, որ այսուհետ նման դեպքերը չեն կրկնվի: Ըստ նրա` հիմա սպառումն ավելի կարևոր է դարձել, քան արտադրելը:

 

«Հասկանո՞ւմ եք, նայում ենք նկարները` Գառնին, Զվարթնոցը երկրորդ պլանում են, իսկ առաջին պլանում ճաշկերույթն է: Սա մեր ապրելակերպն է, երբ կարևորը երկրորդ պլան է մղվել: Լավ է, որ նկատողություն են արել, աշխատանքից ազատել որոշների, բայց ղեկավարների մտածողությունը պետք է փոխվի: Քաղքենիություն է Գառնիում ճաշկերույթ կազմակերպելը, և այս դեպքում ամենևին էլ կարևոր չէ` խորովածը ֆրակով են ուտում, թե շորտիկով»,- ասաց Հակոբյանը:

 

Արտավազդ Բայաթյանը, սակայն, նշեց, որ ինքն այդպես չի մտածում, քանի որ աշխարհում ընդունված է հուշարձանի կողքին ինչ-որ միջոցառում իրականացնել:

 

«Այն, որ մեր հուշարձանները պահպանության խնդիր ունեն, փաստ է, սակայն չի էլ կարելի միանշանակորեն ասել, թե` ոչ, նման միջոցառումները պետք է արգելել: Մենք պետք է հստակ հասկանանք` ինչ կարգի միջոցառումներ են կարելի նման տարածքներում իրականացնել, ինչ` չի կարելի: Ուրիշ հարց է, որ մենք չավերելու, չփչացնելու կուլտուրա չունենք»,- ասաց նա:

 

Նշեց նաև, որ 1985-ին Գառնիում անցկացվել է «Երգ 85» փառատոնը, որն ամենահիշարժան փառատոնն է եղել իր համար:

 

Լիլիթ Պիպոյանն էլ, իր հերթին, ասաց, որ մարդիկ զայրացել են, քանի որ առօրեականությունը մտել է «սրբազանի ոլորտ»: նրա կարծիքով` նախարարությունը ճիշտ է արել, որ տարածքը տրամադրել է միջոցառում իրականացնելու համար, բայց նաև ճիշտ էր նկատողություն անելը:

 

«Նման տարածքներում միայն հատուկ նշանակության բարձր որակի միջոցառումներ պետք է իրականացվեն, իսկ Գառնիում և Զվարթնոցում եղածները նման միջոցառումներ են եղել: Մի քիչ ապատեղեկատվություն կա, թե ինչպես են անցկացվել այդ միջոցառումները, քանի որ մարդկանց հասել է պակաս ինֆորմացիա: Հուշարձանների տարածքը տրամադրելու համար պետք է պայմանագիր կնքվի, և հետևեն, որ պայմանագրի կետերը չխախտվեն»,- ասաց Պիպոյանը:

 

Նրա կարծիքով` այդ միջոցառումների շնորհիվ բյուջե գնացող գումարը տրամադրվելու է հուշարձանի պահպանման խնդրին:

 

Ասուլիսի վերջում, երբ Արտավազդ Բայաթյանը նշեց, որ խոհանոցն էլ մեր մշակույթի մի մասն է, և զարհուրելի ոչինչ չկա, որ խոհանոցն էլ պետք է ներկայացվի նման վայրերում իրականացվող միջոցառումների ժամանակ, Հակոբյանը փորձեց ընդհատել նրան` ասելով. «Դուք արդեն դեմագոգիայով եք զբաղվում»:, Բայաթյանը սկզբում նշեց, թե` «Դուք ձեր ճառը հետո կասեք», որից հետո, սակայն, Հակոբյանը կրկին ընդհատեց Բայաթյանին և վերջինս նեղացավ ու դուրս եկավ սենյակից: Պիպոյանն ասաց. «Տիկի'ն Հակոբյան, մարդը կարծիք էր հայտնում, և երբ Դուք էիք կարծիք հայտնում, չէր ընդհատում»: Հակոբյանն էլ իր հերթին նեղացավ Պիպոյանից ու դուրս եկավ` ասելով, որ իրեն այդպես էլ չթողեցին իր կարծիքը լիարժեք արտահայտել: