կարևոր
1435 դիտում, 3 ժամ առաջ - 2025-04-28 14:48
Հասարակություն

1915 թվականի ցեղասպանությունը և ունեցվածքի բռնագրավումը

1915 թվականի ցեղասպանությունը և ունեցվածքի բռնագրավումը

Սեփականության յուրացումը Հայոց ցեղասպանության անմիջական բաղկացուցիչն է։ Ունեցվածքի բռնագրավումը, որը ներառում է հայերի թե՛ անհատապես, թե՛ հավաքական հարստության յուրացումն ու բաշխումը, ուղղակիորեն կապված է հայկականության ոչնչացման հետ։ Այս համատեքստում նախատեսվում էր, որ տասնյակ հազարավոր միավոր անշարժ գույք՝ տներ, դաշտեր, այգիներ և տարբեր շարժական գույք՝ օճառից մինչև կտորեղեն, կբռնագրավվեն պետության կազմած յուրացման և բաշխման ծրագրի շրջանակներում։ Հայկական ինքնության հասարակական խորհրդանիշները, ինչպիսիք են եկեղեցիները, վանքերը և դպրոցները, որոշ տեղերում բռնագրավվել են պետության կողմից, որոշ տեղերում էլ՝ տեղական դերակատարների կողմից: Սոցիալական և պատմական նշանակությունից զրկված այս վայրերը պետության կողմից վերածվել են այնպիսի կառույցների, ինչպիսիք են բանտերը կամ ոստիկանական բաժանմունքները, իսկ տեղական դերակատարների կողմից յուրացվածները օգտագործվել են իրենց անձնական շահերին և ցանկություններին համապատասխան:

Օսմանյան կառավարությունը «օրինական» որոշումներ է կայացրել և հրամաններ տվել հայկական ունեցվածքի կառավարման և բաշխման վերաբերյալ՝ սկսած 1915 թ․ մայիսի 30-ի տեղահանության մասին կառավարության որոշումից։ Կարելի է կարծել, որ պետության կողմից հայկական ունեցվածքի յուրացումն ու հանձնումը օրենքներով կարգավորելու փորձի հետևում երկու հիմնական նպատակ կար։ Այդ նպատակներից մեկը օրենքների միջոցով բռնագրավման գործընթացի օրինականացումն է, իսկ մյուսը՝ գույքերի բաշխման կենտրոնական վերահսկողության ապահովումը։ Այլ կերպ ասած, պետությունը ձգտել է ապահովել, որ այնպիսի գործընթացներ, ինչպիսիք են գույքի բռնագրավումը և դրանց բաշխումն ու վաճառքը, իրականացվեն իր վերահսկողության ներքո և իր որոշումներին համապատասխան: Այս առնչությամբ նա կայսրության ամբողջ տարածքում ստեղծեց երեսուներեք լուծարման հանձնաժողովներ՝ մեկ առ մեկ բացահայտելու և արձանագրելու հայկական ունեցվածքը և դրանք պետական սեփականություն դարձնելու համար։ Պետության անունից հայկական անշարժ գույքերը կնքած և պահպանած հանձնաժողովները գրանցամատյաններ են պահել կալվածքների մանրամասների վերաբերյալ։ Դրանցում առգրավված ապրանքների սեփականատերերի, գտնվելու վայրի և արժեքի վերաբերյալ տեղեկատվության գրանցումը ցույց է տալիս, թե որքան մանրակրկիտ է այդ գործընթացը վարվել պետության կողմից:

Այսպիսով, ի՞նչ էր նախատեսում անել պետությունը հարյուր հազարավոր միավոր գույքի հետ, որոնք պատկանում էին ավելի քան մեկ միլիոն հայերին, որոնց նախատեսվում էր տեղահանել: Այս համատեքստում կարելի է ասել, որ պետության ջանքերը՝ ստեղծելու ծրագիր՝ ինչպես և ում միջև կբաժանվեն այդ ունեցվածքը, ի հայտ եկան ցեղասպանության վաղ փուլերում: Երբ նայում ենք կառավարության մայիսի 30-ի որոշումը և հունիսի 10-ի հանձնարարականները, պարզ երևում է, որ պետությունը նպատակ ուներ Բալկաններից և Կովկասից մահմեդական ներգաղթյալներին բնակեցնել հայերից ազատված տարածքներում։ Տներից, հողերից ու խանութներից բացի՝ գաղթականներին բաժանվել են հայկական շարժական գույքը՝ հագուստ և սնունդ։

Այս գործընթացը, որը համատեղելի է նաև Անատոլիան իսլամացնելու-թուրքացնելու իթթիհադական քաղաքականության հետ, ներառում է ժողովրդագրական և սոցիալական ինժեներական մանրամասն մոտեցում: Պատերազմի երկրորդ կեսից պետությունը փորձեց հսկողության տակ պահել կայսրության արևելյան գավառներում քրդական բնակչության բալանսը, իսկ հայկական ջարդերից հետո փորձեց ներգաղթյալներ տեղավորել այդ շրջաններում և քրդական բնակչության մի մասին արտաքսել ներքին շրջաններ՝ քրդերին մեծամասնություն դառնալը թույլ չտալու համար։ Բնակավայրերի այս բազմաչափ քաղաքականության հիմնական նպատակն էր թուրքացնել հայերից մաքրված հողերը և տարածաշրջանին նոր ինքնություն հաղորդել:

Ի լրումն թուրքացման-իսլամացման քաղաքականության, հայկական գույքը օգտագործվում էր նաև տնտեսական քաղաքականության ազգայնացման համար, որը իթթիհադականները նախանշել և իրականացնում էին 1913 թ․, և որը նախատեսում էր ոչ մուսուլմանների վերացումը տնտեսական ոլորտից։ Այս համատեքստում, հայերին պատկանող արտադրական գործիքները, արտադրամասերն ու գործարանները պետության կողմից բաշխվել են թուրք-մահմեդական ձեռներեցներին։ Այլ կերպ ասած, հայկական ապրանքները ծառայում էին որպես «նախնական կապիտալ» նորածին թուրքական բուրժուազիայի համար։ Այս պրակտիկայի արդյունքում, որը շարունակվելու էր հանրապետական ​​վաղ շրջանում, փորձ է արվել կառուցել բուրժուազիա, որը ստեղծվել է հենց պետության կողմից և ձևավորվել է պետական քաղաքականությամբ։ Այնուամենայնիվ, պետությունն օգտագործեց այդ գույքը որպես սեփական կարողությունները մեծացնելու միջոց, հատկապես այն վայրերում, որտեղ նա թույլ էր, և բանտերը, ոստիկանական բաժանմունքները և կառավարական շենքերը կառուցվեցին հայերին պատկանող եկեղեցիների, վանքերի և գերեզմանատների վրա: Այսպիսով, պետությունը ոչ միայն վերաիմաստավորեց այդ կառույցների ինքնությունն ու խորհրդանշական արժեքը, այլև ամրապնդեց դրանց ենթակառուցվածքային միջոցները։

Հայկական ունեցվածքի յուրացումը նույնպես կարևոր էր ցեղասպանական բռնություններ իրականացնելու գործում։ Ցեղասպանության գործընթացներին տեղական դերակատարների մասնակցության հարցում էական են եղել ինչպես նյութական, այնպես էլ գաղափարական գործոնները։ Այս առումով պետք է նկատի ունենալ, որ ցեղասպանությունը տեղական մակարդակով կազմակերպողներից շատերը այս գործընթացում լուրջ հարստության տեր են դարձել։

Ցեղասպանությանն անմիջականորեն մասնակցած բազմաթիվ դերակատարներ՝ Դիարբեքիրի նահանգապետ բժիշկ Ռեշիդից մինչև պարամիլիտար ուժերի նշանավոր գործիչ Չերքեզ Ահմեթը, ուղղակիորեն բռնագրավեցին ու յուրացրեցին հայկական ունեցվածքը՝ հակադրվելով պետական ​​հաստատությունների միջոցով հայկական ունեցվածքը խլելու և կենտրոնական քաղաքականությանը համապատասխան բաշխելու քաղաքականությանը: Ժամանակի ընթացքում այս իրավիճակը լարվածություն է ստեղծել պետության և ցեղասպանություն իրականացրած տեղական դերակատարների միջև։ Պետությունը, որը ցանկանում էր սեփականության վրա ունենալ միանձնյա իշխանություն և պահպանել դրանց բաշխումն ու կառավարումը, հրամաններ ուղարկեց կանխելու այդ փորձերը, բայց սկզբում ձեռնպահ մնաց կոշտ միջոցներ ձեռնարկելուց: Պատերազմի վերջին տարիներին կառավարությունը սկսեց հետապնդել կոռուպցիոն այս փորձերը և հետաքննություններ սկսեց: Որոշ պետական ​​պաշտոնյաներ և աշխարհազորայիններ, ովքեր մասնակցել են ջարդերին կամ եղել են ցեղասպանության տեղական կազմակերպիչներ, դատվել են պետական ​​ունեցվածքի հափշտակության և կողոպուտի ու շորթման վրա աչք փակելու մեղադրանքով, սակայն այս դեպքերից և ոչ մեկում նշված անձինք պատասխանատվության չեն ենթարկվել իրենց կատարած սպանությունների համար։ Թեև ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել հայկական ունեցվածքի կողոպուտի և յուրացման մեջ, քննիչ հանձնաժողովը հարկ չի համարել այդ գույքը վերադարձնել իրենց նախնական տերերին։

Բռնության հեղինակների և կազմակերպիչների համագործակցությունն ապահովելուց բացի, հայկական ունեցվածքի բաշխումը որոշիչ էր նաև ցեղասպանական քաղաքականության օրինականացման և գործընթացի նկատմամբ հասարակության վերաբերմունքի վրա ազդելու հարցում։ Շարժական գույքի և կենդանիների բաշխման տարբեր կենտրոններում լքված գույքի հանձնաժողովների կողմից ստեղծված աճուրդները հնարավորություն տվեցին մեծ զանգվածների մասնակցել բռնագրավված հայկական ունեցվածքի բաշխմանը և մեծ հետաքրքրություն առաջացրին։ Հազարավոր մարդիկ, ովքեր ձեռնպահ չեն մնացել տնտեսական բռնության այս ամենասովորական ձևին մասնակցելուց, նույնիսկ եթե ուղղակիորեն չեն մասնակցել ֆիզիկական բռնությանը, տնտեսապես օգուտ են քաղել ցեղասպանության գործընթացից այնքանով, որքանով թույլ են տվել նրանց մոտ լինելը պետությանը և իրենց տեղական դիրքերին: Հայկական ունեցվածքի յուրացումն ու բաշխումը հեշտացրել է պետությանը բռնության մեխանիզմի գործարկումը՝ ցեղասպան քաղաքականություն իրականացնելու, ֆիզիկական բռնության մեջ ներգրավված դերակատարների մասնակցության շարունակականությունն ապահովելու և բնակչության տարբեր շերտերի համաձայնությունը ստանալու համար։ Մյուս կողմից, բռնագրավման և կիսվելու այս գործընթացը չի կարող դիտվել որպես զուտ ցեղասպանության գործիք: Անձնական և համայնքային սեփականությունը, որը կրում է հայկական ներկայության նյութական հետքեր և հանդիսանում է հայկական ինքնության մաս, հատուկ թիրախ է դարձել հայկականության ոչնչացմանն ուղղված ցեղասպանական բռնությունների համար։

Թարգմանեց Տիգրան Չանդոյանը

www.akunq.net