|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն լուծի Իրանի խնդիրները և անխոհեմ քայլ են, ուրբաթ օրը հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
«ԱՄՆ-ի հետ բանակցությունները ոչ մի կերպ չեն ազդի Իրանի խնդիրների լուծման վրա։ Մենք դա պետք է հասկանանք։ Չենք կարող մտածել, որ եթե բանակցություններ սկսենք այս իշխանությունների հետ, այս կամ այն խնդիրը կլուծվի», - մեջբերում է նրա խոսքերը Mehr գործակալությունը։
Խամենեին, ելույթ ունենալով Իրանի ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության հրամանատարների հետ, ընդգծել է, որ Վաշինգտոնի հետ բանակցությունները կլինեն «անհիմն, անխոհեմ և անազնիվ»:
Միաժամանակ նա զգուշացրել է ԱՄՆ-ին, որ եթե «խախտեն Իրանի ժողովրդի անվտանգությունը», Թեհրանը պատասխան քայլեր կձեռնարկի։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր գործադիր հրաման, որը նախատեսում է վերականգնել Իրանի վրա առավելագույն ճնշման քաղաքականությունը։ Սակայն դրանից հետո նա հայտարարեց, որ մտադիր չէ իրավիճակն Իրանի հետ զինված առճակատման հասցնել և ցանկանում է Թեհրանի հետ համաձայնագիր կնքել Իրանի միջուկային խնդրի շուրջ՝ առճակատումից խուսափելու համար։