Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանը բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ: Այս մասին, ըստ Alikonline-ի, նա ասել է մայիսի 29-ին համալսարանների դասախոսների եւ գիտխորհուրդների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
«Մենք չենք բանակցելու ամերիկացիների հետ, քանի որ բանակցությունները որեւէ իմաստ չունեն, եւ դա նույնիսկ կարող է վնաս հասցնել»,- ասել է նա՝ ընդգծելով, որ երկրի ղեկավարության բոլոր ներկայացուցիչներն այս հարցի հետ կապված համակարծիք են:
Խամենեին նշել է, որ բանակցությունների առաջարկը ԱՄՆ-ի մարտավարությունն է՝ Իրանի վրա ճնշում գործադրելու ռազմավարությունը համալրելու համար:
«Դրան դիմակայելու ելքն էլ այն է, որ Իրանն օգտագործի իր ճնշման գործիքակազմը՝ իր դեմ գործադրվող ճնշումը թուլացնելու համար: Բայց, եթե կուլ տա բանակցության հրավերի խայծը եւ հրաժարվի օգտագործել սեփական ճնշման գործիքակազմը, ապա կսայթաքի, եւ պարտությունը կդառնա անխուսափելի»,- նշել է Խամենին:
Նա միաժամանակ նշել է, որ Իրանը չի հրաժարվում բանակցել այլ երկրների, այդ թվում՝ Եվրոպայի հետ, միաժամանակ հստակեցնելով, որ Իրանը երբեւէ չի բանակցի հեղափոխությանն առնչվող առանցքային հարցերի շուրջ: «Մենք չենք քննարկելու հեղափոխությանն առնչվող առանցքային հարցեր, մենք չենք բանակցելու մեր ռազմական հնարավորությունների շուրջ»,- ասել է Իրանի հոգևոր առաջնորդը՝ շեշտելով, որ Իրանը երբեւէ չի ցանկանում միջուկային զենք ձեռք բերել: Նման ցանկությունը նա պայմանավորել է Իրանի սկզբունքներով, այլ ոչ թե ԱՄՆ-ի պատժամիջոցներից խուսափելու համար:
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին երեկ հայտարարել էր, որ որոշ պայմանների դեպքում Իրանը հնարավոր է բանակցի ԱՄՆ-ի հետ:
«Ցանկացած պահի, երբ նրանք դադարեն ճնշել իրանական ազգին, հրաժարվեն իրենց պատժամիջոցներից և հավատարիմ լինեն իրենց պարտավորություններին, կարող են վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, որը հենց իրենք են լքել: Այդ ուղին նրանց համար փակ չէ»,-ասել է Իրանի նախագահը: