Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի կառավարությունը հաղթանակ Է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք երկրում տեղի են ունեցել նախարարների կաբինետի՝ վառելիքի գների բարձրացման վերաբերյալ որոշումից հետո. ըստ Yerkir.am-ի՝ հայտնել է «Ալ Ջազիրա»-ն՝ Իրանի ղեկավար և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի խոսքերին հղումով:
Նրա տեղեկացմամբ՝ «կառավարությունը հաղթանակ է տարել անկարգությունների նկատմամբ, որոնք հրահրել էին օտարերկրացիները», նաև հավելել, որ իրանցիներին «հաջողվեց հաղթահարել վերջին օրերի դժվարությունները, չնայած տնտեսական խնդիրներին, որոնք ներկայումս կան երկրում»:
«Անկարգությունները, որոնք ուղեկցում էին բողոքի ակցիաներին, տեղի էին ունենում տարածաշրջանի ռեակցիոն երկրների, Միացյալ Նահանգների աջակցությամբ»,- մանրամասնել է այաթոլլան:
Միևնույն ժամանակ Խամենեին հայտարարել է՝ իրանական ժողովուրդը «չթույլատրեց, որ Իրանի թշնամիները օգտվեն վառելիքի գների բարձրացման հետ կապված բարդ իրադրությունից»:
Իրանի հոգևոր առաջնորդը պարզաբանել է նաև, որ «բենզինի գների բարձրացման որոշումը միտված է ինքնաապահովման և սոցիալական արդարության հասնելուն»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին Իրանում ուժի մեջ է մտել կառավարության կարգադրությունը բենզինի գները կրկնակի բարձրացնելու մասին՝ մեկ լիտրի դիմաց 15 հազար ռիալից (0,09 դոլար) մինչև 30 հազար ռիալ (շուրջ 0,2 դոլար): Իրանի մի շարք քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ, որոնք ուղեկցվել են ոստիկանության հետ ընդհարումներով:
Ակցիայի մասնակիցները հրկիզել են բանկերի գրասենյակներ ու ավտոլիցքավորման կայաններ: Անկարգություններ են արձանագրվել հարյուրավոր փոքր բնակավայրերում ևս:
Երկրում ծայր առած անկարգությունների հետևանքով մոտ 30 մարդ, իսկ տասնյակները ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյեմբերի 16-ին իրանական իշխանությունները երկրում անջատել են նաև համացանցը: