Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ներկա իշխանությունների շրջանում մի քանի սխալ քայլեր եղան Իրանի հանդեպ ավելորդ եվրոպամետ և ամերիկամետ լինելու հարցով՝ նկատի չառնելով մեր երկրի գերոպոլիտիկ դերը և մեր հարևանների հարցերը՝ Սյունիքում Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Նոր Ջուղայի Հայ դատի գրասենյակի անդամ Արիս Դավթյանը, որը տարբեր երկրների 50-ից ավելի ներկայացուցիչների հետ մասնակցում էր ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների 5-օրյա խորհրդաժողովին, որն անցկացվեց Երևանում, Գորիսում ու Ստեփանակերտում։
«Չգիտեմ ինչպես կարելի է այս ամենն անվանել, բայց ամենամեղմ ձևով ասած՝ «չճանաչել հարևաններին հուզող հարցերը»․․․ մենք միշտ ունեցել ենք բարիդրացիական հարաբերություններ Իրանի հետ, և, կարծում եմ, հանուն հայ ժողովրդի բարօրության չարժե, որ այս իշխանությունը գնա քայլերի, որոնք չեն նպաստի այդ երկկողմ հարաբերություներին, որովհետև շատ բան կա կորցնելու։ Ավելի խելամիտ կլիներ ունենալ ուժեղ բարեկամ երկիր մեր թիկունքում՝ այդ հնարավորության տեր, որ ամեն վայրկյան օգնության հասներ տարբեր ասպարեզներում»,-ասաց Արիս Դավթյանը։
Հայաստանի անվտանգության մասին նախ և առաջ պետք է մտածեին Հայաստանի իշխանությունները, նշեց նա, որովհետև Հայաստանի քաղաքացին ընտրել է այդ կառավարությանը, որ մտածի և ջանք թափի իր անվտանգության համար նույնպես։ Բայց, դժբախտաբար, իշխանությունների այսօրվա քաղաքականությունը, նրա համոզմամբ, չի նպաստում հայ ժողովրդի անվտանգությանը, խաղաղ ապրելու և ինքնորոշման իրավունքին։
«Իրան պետությունը միշտ հայտարարել է, որ որևէ գեոպոլիտիկ փոփոխություն չի ընդունելու տարածաշրջանում, և դա ուղղակի խոսում է Հայաստանի սահմանների մասին, Իրանը հստակ զորավարժությունների միջոցով իր պատգամը հասցրեց թուրքաադրբեջանապակիստանյան զորավարժություններին, որ իրավունք չի տալիս բիրտ ուժով սահմանները փոփոխվեն և ուժի միջոցով «Զանգեզուրի դալան» ուզենան ստեղծել, Իրան պետությունը այս ամբողջ պատմության մեջ եղել է Հայաստանի կողքին, իհարկե, հասկանում ենք, որ Իրանն էլ իր դժվարություներն ունի»,-ասաց Արիս Դավթյանը։
Դժբախտաբար, նշեց նա, Հայաստան-Իրան հարաբերությունները տնտեսական առումով չեն աճել, որը կարող էր Հայաստանի համար բավականին մեծ ներուժ լինել տնտեսության զարգացման առումով։
«Մենք՝ Իրանի Հայ դատը, այդ ուղղությամբ աշխատում ենք, որ կարողանանք երկու երկրների հարաբերությունները տնտեսապես էլ ավելի աշխույժ դարձնել ի նպաստ երկու ժողովուրդների»,-ասաց Արիս Դավթյանը։
Նրա համոզմամբ, պարտադիր չէ, որ Իրանը հենց ռազմական ուժով կանգնի Հայաստանի կողքին՝ Իրանն այսօր ուժ է ներկայացնում և այդ ուժը միայն ռազմական չէ, տարածաշրջանի երկրները պարտավոր են Իրանի կարծիքը հաշվի առնել։
Նոր Ջուղայի Հայ դատի հանձնախումբը ոչ թե տարանջատում է խնդիրները՝ Սյունիքի, Արցախի, Արևմտյան Հայաստանի և այլն, այլ Հայ դատը դիտարկում է իր ամբողջության մեջ։
«Մեր պատկերացումը Հայ դատի նկատմամբ ամբողջական է, այսինքն, Հայ դատը պետք է ամբողջությամբ թե՛ Արցախի, թե՛ Արևմտյան Հայաստանի, թե՛ Ջավախքի հարցով և թե՛ այլ՝ ամբողջ փաթեթը նկատի առնվի, մենք չենք տարանջատում Հայ դատը տարբեր ոլորտների, այլ ամբողջական ենք հետևում։ Այսօր մեր հայրենիքի՝ Հայաստանի սահմանները վտանգի մեջ են և մենք մեր ամբողջ ջանքը, եռանդը՝ աշխատանքի սահմաններում, գործածում ենք, որ կարողանանք Հայաստանի ժողովրդի համար նույնպես՝ ինչպես Արցախի, Ջավախքի և արևմտահայության դատի համար ապահովել ազատ, անկախ, ինքնորոշման իրավունքներ։ Ամբողջ այդ դատի համար մեր համայնքը աշխատում է տարբեր առումներով թե՛ դրամական, թե, եթե կարիք լինի, բանակցությունների միջոցով տեղական մարմինների հետ»,-ասաց Արիս Դավթյանը։
Նա վստահեցրեց, որ ջանում են օգնական լինել ամբողջական աշխատանքին, որ Հայ դատը իր ցանցի միջոցով կատարում է։
Աննա Բալյան
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութով․