կարևոր
652 դիտում, 8 ժամ առաջ - 2025-02-06 17:50
Տարածաշրջան

Ադրբեջանը խորացնում է Թուրքիայի հետ էներգետիկ համագործակցությունը

Ադրբեջանը խորացնում է Թուրքիայի հետ էներգետիկ համագործակցությունը
Իրան ռուսական բնական գազի մատակարարման պլանների իրականացումը ենթադրում է Բաքվի հետ շատ բարդ բանակցություններ - Հունվարի 22-ին SOCAR Turkiye Enerji-ն՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) թուրքական ստորաբաժանումը՝ ավելի քան 10 հազար անձնակազմով, եւ Nakkaş Holding ընկերությունը, որի կենտրոնակայանը գտնվում է Ստամբուլում, ստորագրել են համագործակցության երկարաժամկետ արձանագրություն, որը ենթադրում է SOCAR-ի արտադրանքի երկաթուղային փոխադրումների լոգիստիկայի զարգացում եւ Սաբիհ Գյոքչենի օդանավակայանում ավիացիոն վառելիքի առեւտրի եւ պահպանման համար օբյեկտի ստեղծում: Ավելի վաղ՝ հունվարի 6-ին, SOCAR-ում հայտնել էին 7 մլրդ դոլար ներդնելու պլանների մասին. առաջիկա տարիներին Թուրքիայում նոր նավթաքիմիական ձեռնարկությունների կառուցման համար:

SOCAR Turkiye-ի նավթավերամշակման եւ նավթաքիմիայի բիզնես ստորաբաժանման ղեկավար Քյանան Միրզոեւը հայտնել է՝ 2008-2024-ականներին SOCAR-ի սեփականաշնորհած Petkim նավթաքիմիական ընկերության արտադրական օբյեկտների զարգացման համար ներդրվել է 2 մլրդ դոլար: Նույն ժամանակահատվածում ընկերութան ընդհանուր ներդրումները Թուրքիայի տնտեսության մեջ կազմել են ավելի քան 18 միլիարդ դոլար, ինչը SOCAR-ին, րնա գլխավոր տնօրեն Էլչին Իբադովի պնդմամբ, դարձրել է երկրի խոշորագույն օտարերկրյա ներդրողը. սկսած 2024 թ-ից, հում նավթի վերամշակումը հասել է 13 միլիոն տոննայի... վերամշակված նավթամթերքների նկատմամբ Թուրքիայի պահանջարկի 18%-ը ծածկվել է SOCAR Türkiye-ի կողմից:

2018 թ-ին Ադրբեջանը Թուրքիայում իրականացրել է խոշորագույն մեկանգամյա օտարերկրյա ներդրում՝ Իզմիր նահանգում կառուցելով SOCAR Star նավթավերամշակման գործարանը, որի հզորությունը կազմում է օրական շուրջ 214 հազար բարել: 2000-ական թվականների սկզբից SOCAR-ը վերածվել է բավականին խոշոր միջազգային խաղացողի, որն ունի ֆինանսական հնարավորություններ եւ խոշոր նախագծերի իրականացման փորձ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում: SOCAR-ի կայուն ներթափանցումը Թուրքիա, այնուհետեւ Բալկաններ եւ Արեւելյան Եվրոպա թույլ է տալիս Բաքվին առաջ տանել իր աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական շահերը՝ ամրապնդելով ռազմավարական դաշինքն Անկարայի հետ շատ կարեւոր ուղղություններով: Էներգակիրների, հատկապես բնական գազի կայուն աճող պահանջարկը Կասպյան երկրի հետ էներգետիկ գործընկերությունը շատ կարեւոր է դարձնում Թուրքիայի համար, որը 2024 թ-ին Ադրբեջանից բնական գազի ներկրումն ավելացրել է 6,68 մլրդ խմ-ով: 2024ի հուլիսին Շահ Դենիզ հանքավայրից Թուրքիա գազի արտահանումը գերազանցել է 1 մլրդ խմ-ը՝ 13,65% - ով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Ներմուծման ներկայիս ցուցանիշները վկայում են, որ Թուրքիայի բնական գազի պահանջարկը կշարունակի աճել առաջիկա տարիներին, ինչը SOCAR Türkiye-ի մշտական ներդրումները դարձնում է հեռանկարային ներդրում, որը հազիվ թե երկարաժամկետ ռիսկի ենթարկվի: Բացի այդ, ընկերությունը հայտարարել Է Թուրքիայում լրացուցիչ քիմիական ձեռնարկություններ կառուցելու ծրագրերի մասին՝ եկամուտներն ավելացնելու եւ երկրի կախվածությունը ներմուծումից նվազեցնելու համար (օրինակ՝ պոլիոլեֆիններ): Բացի այդ, կանաչ էներգիայի աճող կարեւորության ֆոնին SOCAR Türkiye-ն նախատեսում է սկսել էկոլոգիապես մաքուր ավիացիոն վառելիքի արտադրություն, որը կարող է ստացվել կամ ջրիմուռներից կամ սովորական կենցաղային յուղերից: Նման մոտեցումը լրացնում է Բաքվի նոր կանաչ էներգետիկ ռազմավարությունը, որի մասին շատ է խոսվել վերջերս Կասպից ծովի ափին կայացած COP29  համաժողովում:

Չնայած Բաքվի եւ Անկարայի միջեւ էներգետիկ գործընկերության դրական դինամիկային, մասնավորապես Թուրքիայում SOCAR-ի նախագծերին՝ տարածաշրջանում ստատուս-քվոն փոխվել է, նշում են դիտորդները: Օրինակ՝ 2023-2024 -ականներին Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ ձգձգվող ռազմական գործողությունները սրեցին հակաիսրայելական տրամադրությունները մահմեդական երկրներում, որոնց ականջալուր չէր կարող լինել նաեւ Էրդողանի կառավարությունը՝ գլխավորապես ներքին լսարանի համար նախատեսված ամպագոռգոռ հռետորաբանությունից ստիպված անցնելով գործնկան գործողությունների: Բաքվի եւ Արեւմտյան Երուսաղեմի ռազմավարական գործընկերությունը, ներառյալ SOCAR ընկերության կողմից Իսրայելին հում նավթի մատակարարումները, Թուրքիայում սուր արձագանքի է արժանացել, այդ թվում՝ Ստամբուլում SOCAR-ի ներկայացուցչության առջեւ բողոքի ցույցերը: Չնայած մայիսին Անկարայի կողմից Իսրայելի նկատմամբ հայտարարված ամբողջական առեւտրային էմբարգոյին՝ Միջերկրական ծովում թուրքական Ջեյհան նավահանգստով նավթի մատակարարումները շարունակվում են: Ինչպես եւ նախկինում, արեւմտյան Կասպից ծովի հանքավայրերից նավթը միջազգային շուկաներ է դուրս գալիս Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարով, որի օպերատորը Բրիտանական տրանսնացիոնալ BP ընկերությունն է: Թուրք պաշտոնյաները պնդում են՝ Անկարան միայն սպասարկում է խողովակաշարը եւ չի վերահսկում նավթի վերջնական գնորդներին:

SOCAR-ը մնում է Բաքվի պետական քաղաքականության շատ լուրջ գործիք, որը նրան ազդեցության լծակներ է տալիս մերձավոր հարեւանների վրա եւ ակնհայտորեն ընդլայնում է իր ներկայությունը Կենտրոնական Ասիայում, Բալկաններում, Արեւելյան Եվրոպայում եւ, հնարավոր է, Մերձավոր Արեւելքում: Մերձավոր Արեւելքում դինամիկ փոփոխվող աշխարհաքաղաքական լանդշաֆտը, մասնավորապես Սիրիայում Ասադի ռեժիմի տապալումը Թուրքիայի կողմից աջակցվող հայաթ թահրիր աշ-շամ ահաբեկչական խմբավորման անմիջական մասնակցությամբ Անկարայի եւ նրա վաղեմի դաշնակցի համար նոր հորիզոններ բացեց:

է.Իբադովը հայտնել է (Թուրքիայում գործունեության ընդլայնման ծրագրերի մասին տեղեկատվության հետ միաժամանակ), ընկերությունը կարող է սկսել նբական գազ եւ էլեկտրաէներգիա մատակարարել Սիրիային, որից հետո Ադրբեջանի կառավարությունը վերջնական որոշում կկայացնի այդ հարցի վերաբերյալ:Ավելի վաղ՝ 2024 թ-ի դեկտեմբերի 30-ին, Ադրբեջանի փոխարտգործնախարար Յալչին Ռաֆիեւը ժամանել էր Դամասկոս եւ հանդիպում ունեցել արտաքին գործերի ժամանակավոր նախարարի հետ՝ Բաքվի համերաշխությունը հայտնելով Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Բարձր մակարդակի դիվանագիտական այցը հազիվ թե պատահական լինի Ադրբեջանի եւ Սիրիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 13-ամյա դադարից հետո: Միաժամանակ հայտնի է դարձել որպես մարդասիրական օգնություն արաբական երկիր 200 տոննա պարենամթերք ուղարկելու մասին:

SOCAR-ի եւ այլ պաշտոնատար անձանց հայտարարությունները վկայում են Ադրբեջանի արտաքին քաղաքականության անփոփոխ «բազմավեկտոր» կուրսի մասին, որը, համարվում է, թույլ է տալիս ձեւավորել երկկողմ եւ բազմակողմ գործընկերության ձեւաչափեր տարածաշրջանում եւ նրա սահմաններից դուրս՝ հեռու մնալով տարածաշրջանային կամ գլոբալ տերություններից, ինչպիսիք են Ռուսաստանը կամ Իրանը: Այսպես, հազիվ թե պատահական է, որ վերջերս The New York Times-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով Ակտաուում AZAL ինքնաթիռի ավիավթարը, միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիեւը հայտարարել է՝ Ռուսաստանի, այսպես կոչված, «կայսերական ամբարտավանությունը» ("imperial arrogance") իբր դրսեւորվել է ողբերգության հանգամանքները շփոթեցնելու փորձերում. «Նրանք առաջվա պես վերեւից են նայում բոլոր նախկին խորհրդային երկրներին», ինչը կարող է սխալ լինել, քանի որ, ինչպես վկայում են Սիրիայում վերջին փոփոխությունները, հանգամանքները կարող են շատ արագ փոխվել: Ադրբեջանական AnewZ  միջազգային լրատվական ալիքը, վկայակոչելով եվրոպական ԶԼՄ-ների կողմից լայնորեն տարածվող ռուսական որոշ աղբյուրներ, պնդում է՝ AZAL ավիաընկերության 8243 չվերթի ինքնաթիռը, իբր, խոցվել է Սիրիայից Ռուսաստան տեղափոխված Պանցիր-Ս1 զենիթահրթիռային համալիրից արձակված հրթիռով: Ինչպես եւ նախկինում, Բաքվում Մոսկվայից պահանջում են կատարել դեկտեմբերի 29-ին Ալիեւի առաջադրած պահանջները՝ չբացառելով միջազգային դատարաններ դիմելը ե ւ »ադրբեջանա-ռուսական հարաբերություններում խզման կետը», եթե Մոսկվան հրաժարվի իր վրա վերցնել ողբերգության պատասխանտվությունը, որի հետեւանքով տարբեր երկրներից 38 ուղեւոր ՝ զոհվել, 29-ը՝ վիրավորվել: Հնարավոր է շփումների մասնակի դադարեցում եւ նույնիսկ իրադարձությունների զարգացում՝ 2021-2022-ականների ադրբեջանա-իրանական ճգնաժամի նմանությամբ, որի հետեւանքները, չնայած բեռների տարանցման հարցում կողմերի փոխադարձ շահագրգռվածությանը, լիովին հաղթահարված չեն մինչ օրս:

Այն ժամանակ, երբ 2024 թ-ի դեկտեմբերի 25-ի միջադեպի հետաքննության պաշտոնական արդյունքները դեռ չեն հրապարակվել, չի բացառվում, որ տեղեկատվական աղմուկով ոչ պակաս բարձրացվեն Մոսկվայի եւ Թեհրանի հետ Բաքվի երկխոսության խաղադրույքները, այդ թվում՝ տնտեսական փոխգործակցության եւ էներգառեսուրսների տարանցման արդիական հարցերի շուրջ: Այսպես, Պուտինի եւ Փեզեշքիյանի բանակցությունների արդյունքում հայտարարված հավակնոտ ծրագրերի իրականացումը՝ Ռուսաստանից Իրան բնական գազի մատակարարումը տարեկան 2-ից մինչեւ 55 մլրդ խմ ավելացնելու մասին, հազիվ թե հնարավոր լինի առանց Ադրբեջանի գազատրանսպորտային համակարգի գործարկման (եւ արդիականացման), ինչը կարող է խնդիրներ առաջացնել՝ պայմանավորված Ադրբեջանի վերոհիշյալ «բազմավեկտոր» արտաքին քաղաքականութայմբ: Հարավային Կովկասի հետազոտությունների Բաքվի կենտրոնի ղեկավար Ֆարհադ Մամեդովը նշում է. «սկզբունքորեն խորհրդային ժամանակների գազատարների համակարգը թույլ է տալիս Ադրբեջանի տարածքով տարեկան մինչեւ 10 մլրդ խմ գազ մատակարարել: Ճիշտ է, դրա համար անհրաժեշտ է թարմացնել կոմպրեսորային կայանները եւ վերակառուցել առկա համակարգը: Բացի այդ, մատակարարումների ծավալի մեծացումը մինչեւ ավելի զգալի մասշտաբներ կպահանջի նոր խողովակաշարի կառուցում, այսինքն՝ միլիարդավոր ներդրումներ ... Ադրբեջանի տարածքով Իրան մեծ ծավալի գազ մատակարարելու Ռուսաստանի պլանները, Այնուհետեւ Թուրքիայի տարածքով Եվրոպա վաճառքը առայժմ բավականին մշուշոտ տեսք ունեն: Շատ ավելի իրատեսական է մոտ ապագայում մի քանի միլիարդ խորանարդ մետր գազի մատակարարումն Իրանին՝ դեռեւս ԽՍՀՄ ժամանակներից գոյություն ունեցող գազատարների համակարգի վերակառուցման հաշվին »:

Փորձագետները համակարծիք են՝ Ադրբեջանի միջոցով Իրան վաճառվող ռուսական գազի գինը նկատելիորեն ցածր կլինի եվրոպական շուկայից, եւ Ադրբեջանը, Մամեդովի կարծիքով, «որպես տարանցիկ երկիր, կարող է զգալի օգուտ քաղել դեպի Իրան ռուսական գազի փոխադրումից... Ռուսաստանի եւ Իրանի դեմ հավաքական Արեւմուտքի խստացող պատժամիջոցների ֆոնին այս գործարքը որոշակի ռիսկեր է պարունակում, որոնք զեղչելը չափազանց անհեռատես կլիներ»:

Դրան արժե ավելացնել Զելենսկու հայտարարությունը Դավոսում Ալիեւի հետ հանդիպման արդյունքներով՝ Ուկրաինայի տարածքով բնական գազի տարանցումը վերսկսելու պատրաստակամության մասին, բայց ոչ ռուսական, այլ ադրբեջանական: Կարելի է նաեւ ենթադրել՝ Թեհրանի հետ էներգետիկ համագործակցության ակտիվացման պլանները ենթադրում են Մոսկվայի ձգձգված առեւտուրը Բաքվի հետ, որի հետեւանքը կարող են լինել հետագա տեղաշարժերը Կովկասի աշխարհաքաղաքական լանդշաֆտում, որն առանց այդ էլ արմատապես փոխվել է վերջին մի քանի տարիների ընթացքում:

 

Անդրեյ Արեշեւ

Աղբյուրը՝ fondsk.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի