Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քննչական կոմիտեն որևէ մեկին չի հովանավորում, քննչական կոմիտեն կատարում է Սահմանադրությամբ նախատեսված իր գործառույթները. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանը` անդրադառնալով Ճվճվ Արոյի որդիների հետ կապված միջադեպերին և հարցին` ինչո՞ւ է քննչական կոմիտեն հովանավորում Ճվճվ Արոյի որդիներին:
«Այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն եղել է, և ես չէի ցանկանա խոսել, մանավանդ, որ դա իմ գործառույթների և իրավասության շրջանակներից դուրս է, նույնիսկ գործի հանգամանքներին չեմ տիրապետում»,- ասաց նա: Այդուամենայնիվ, նրա կարծիքով` սա այն դեպքերից է, որ հասարակության և իրավապահ համակարգի միջև վստահության դեֆիցիտն ավելանում է:
«Անջրպետը կա. հասարակությունն իրավապահ համակարգին շատ հարցերում չի վստահում, իսկ նմանատիպ դեպքերի պատճառով անդունդը խորանում է: Իրավապահ համակարգում յուրաքանչյուրը պետք է գիտակցի, թե որտեղ ինչ խնդիր կա, և ոչ թե փորձի արդարացնող եղանակներով որոշակի խնդիրներ չքննարկել: Պետք է հասկանալ, որտեղ կա այդ խնդիրը և խնդրի լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկել, դրա մեջ ոչ մի ամոթ բան չկա»,- նշեց Ղամբարյանը:
Նրա խոսքով` եթե որևէ համակարգ աշխատում է, այդ համակարգում կարող է լինել խնդիր, իսկ եթե որևէ պաշտոնատար անձ, որևէ քննիչ իր պարտականությունները պատշաճ չի կատարել` անկախ գործի հանգամանքներից, պետք է բարձրաձայնել և այդ քննիչին ենթարկել պատասխանատվության:
Հարցին` տեղեկություններ տարածվեցին, որ Արաբկիրի քննչականի պետը հանցավոր գործարքի մեջ է մտել Սերժ և Սարգիս Վարդանյանների (Ճվճվ Արոյի որդիների) գործով, դրա վերաբերյալ ինչ-որ բան պարզվե՞լ է, Ղամբարյանը պատասխանեց. «Դուք տեղյակ եք, որ կարգապահական հանձնաժողովի նախագահն եմ, այդ դեպքի առթիվ որևէ միջնորդություն կամ հաղորդում չի եղել: Պետք է լինի հաղորդում: Նման հարցերով ընթացակարգ կա` ծառայողական քննությունների անցկացման. կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող անձը դիմում է կարգապահական հանձնաժողովին, նոր միայն մենք իրավասու ենք հարցը քննարկման առարկա դարձնել: Դեռևս այդ դեպքի առթիվ կարգապահական վարույթ հարուցելու նախաձեռնություն մենք չունենք»:
Ինչ վերաբերում է հարցին` այս գործում բացառո՞ւմ է հովանավորչությունը քննչական կոմիտեի ղեկավարության կողմից, նա պատասխանեց. «Ես սիրում եմ միշտ փաստերով խոսել, այլ ոչ թե բացառել ենթադրական փիլիսոփայական դատողություններով: Որպես իրավաբան` պետք է ունենանք փաստ, որպեսզի կարողանանք փաստին գնահատական տալ»:
Դիտարկմանն էլ` հայտարարվել էր Արաբկիրի քննչականի պետի և Վարդանյանի ազգակցական կապի մասին, միայն արձագանքեց, որ չգիտի, տեղյակ չէ: