Փոխարժեքներ
22 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.84 |
EUR | ⚊ | € 412.8 |
RUB | ⚊ | ₽ 3.9992 |
GBP | ⚊ | £ 488.34 |
GEL | ⚊ | ₾ 139.95 |
«Հայստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանի ելույթը՝ ԱԺ հայտարարությունների ժամին։
«Հարգելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության մարզերի անհամաչափ զարգացումը հրատապ լուծում պահանջող խնդիր է այն պատճառով, որ անհամաչափության ուժեղացումը հանդիսանում է երկրի տնտեսական անվտանգության ապահովման հիմնական խնդրահարույց կողմերից մեկը։
Ժամանակակից Հայաստանի հետագա սոցիալ-տնտեսական զարգացումն անհնար է առանց մարզերի դերի կարևորության խորը վերլուծության՝ որպես տարածաշրջանային տնտեսական համակարգերի ձևավորման և զարգացման առաջատար գործոնի։
Տնտեսական, քաղաքական, սոցիալական մի շարք պատճառներով, մարզերը բնութագրվում են անհամաչափության և անհավասարության բարձր աստիճանով, որի նշանները կարելի է գտնել երկրի սոցիալական և տնտեսական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում:
Մարզերի զարգացման անհամաչափությունը ամենից շատ պայմանավորված է յուրաքանչյուր առանձին տարածաշրջանի տնտեսական աճի տեմպերով ու պետության սոցիալ-տնտեսական վիճակով` որպես ամբողջություն:
Միևնույն ժամանակ, աճի պարամետրերն ուղղակիորեն կապված են մարզերի զարգացման օբյեկտիվորեն ձևավորված սոցիալ-տնտեսական անհավասարության մակարդակի հետ։
Մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման և մարզային բնակչության բարեկեցության մակարդակի անհամաչափությունը հաղթահարելու համար,նախ և առաջ անհրաժեշտ է որոշել կոնկրետ գործոնները, որոնք պայմանավորում են նման զարգացման անհամաչափությունը։
1․Աշխարհագրական դիրքը և ռեսուրսների բազան.
Աշխարհագրական դիրքի և բնական ռեսուրսների մատչելիության տարբերությունները անհավասարություն են ստեղծում մարզերի տնտեսական զարգացման համար։ Մարզեր, որոնք ունեն հարուստ բնական ռեսուրսներ կամ ավելի լավ աշխարհագրական դիրք, կարող են ունենալ ավելի մեծ տնտեսական ներուժ։
2․ Ենթակառուցվածքների հասանելիությունը․
Զարգացած ենթակառուցվածքների առկայությունը կամ բացակայությունը, ինչպիսիք են ճանապարհները, երկաթուղային գծերը, օդանավակայանները, կամուրջները հանդես են գալիս որպես մարզերի տնտեսական զարգացման անհավասարության աղբյուրներից մեկը։ Ենթակառուցվածքների առկայությունը թույլ է տալիս տարածաշրջանին ինտեգրվել սոցիալ-տնտեսական հարաբերությունների համակարգին։
Ցավոք, այսօր Շիրակի մարզում կան բազմաթիվ համայնքներ, որոնք ունեն լուրջ խնդիրներներ ենթակառուցվածքների հասանելիության հետ կապված։
3․Ներդրումների մակարդակը․
Որոշ մարզեր կարող են ավելի շատ ներդրումներ ներգրավել քան մյուսները: Ներդրումների ցուցանիշները կարող են կախված լինել ռեսուրսների, մարդկային կապիտալի, ենթակառուցվածքների և այլնի առկայությունից: Ներդրումները նպաստում են մարզերի տնտեսական աճին ՝ բարձրացնելով արտադրողականությունը, աշխատատեղերի ստեղծումը, սոցիալ-տնտեսական կապերի ակտիվացումը։
Երկրի մարզերի անհամաչափ զարգացման խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է իրականացնել նպատակային քաղաքականություն՝ ուղղված ռեսուրսների և ներդրումների առավել համաչափ բաշխմանը, ինչպես նաև երկրի բոլոր մարզերում բարենպաստ տնտեսական և սոցիալական միջավայրի ստեղծմանը։
Մարզերի անհամաչափ զարգացումը հաղթահարելու միջոցառումների համակարգում ամենակարևոր տեղը պետք է զբաղեցնի տարածաշրջանային համահարթեցման քաղաքականությունը։
Ներդրումներ ենթակառուցվածքներում, աջակցություն փոքր և միջին ձեռնարկություններին, մարդկային կապիտալի կառավարումը և կյանքի որակի բարելավումը կարող են դառնալ մարզերի տնտեսական զարգացման շարժիչ ուժը, ինչը թույլ կտա նվազեցնել անհավասարությունը Հայաստանի մարզերի զարգացման մեջ»։