կարևոր
964 դիտում, 2 օր առաջ - 2024-12-31 13:27
Հասարակություն

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Ամուր հավատով և հանձնառությամբ մուտք գործենք 2025 թվական

«Դրօշակ»-ի Առաջնորդող. Ամուր հավատով և հանձնառությամբ մուտք գործենք 2025 թվական

Հայությունը ճանապարհում է ևս մեկ մղձավանջային, եթե չասենք ողբերգական, տարի։ Ունեցանք խաղաղ ճանապարհով տարածքների, դիրքերի հերթական զիջումները։ Ապրեցինք այն տագնապով, որ կորուստները կարող էին ավելի մեծ և ավելի ճակատագրական լինել, չհաշված պատերազմի մշտական սպառնալիքը։ Ադրբեջանաթուրքական տանդեմը խուսափեց ավելի կոշտ մեթոդներից երբ փափուկ ճնշմամբ անգամ Հայաստանի իշխանությանը հնարավոր էր պարտադրել նորանոր զիջումներ։ Մյուս կողմից կայունության պահպանման գործում դեր խաղաց արտաքին ուժերի ու ատյանների ազդեցությունը, ինչպես նաև տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական գործոնների անուղղակի ներգործությունը։

Այս ընթացքում աշխարհը փոթորկող քաղաքական մեծ ու փոքր գործընթացներից դուրս քշված Հայաստանի իշխանությունը դռնեդուռ ընկած փորձեց խաղաղություն մուրալ անգամ… թուրքերից, հավատալով կամ իրեն դեռ հավատացողներին շարունակելով խաբել, թե «Խաղաղության պայմանագիրը» կբերի կայուն և վերջնական խաղաղություն։ Ետ նայելով անցած տարիներին ու տասնամյակներին՝ ակնհայտ է դառնում, որ ոչ մի պայմանագիր կամ պայմանավորվածություն արգելք չէ Ադրբեջանի համար նպաստավոր պահին այն ոտնահարելու համար և խարդավանքի, կեղծիքի, ուժի սպառնալիքի և դրա գործադրման ճանապարհով հասնելու իր ուզածին։ Եթե դատենք աղետաբեր խմբակի իշխանության գալու ժամանակահատվածից, երբ Հայաստանը ռազմաքաղաքական հաղթանակների և առավելությունների դիրքից գլորվեց մինչև խայտառակ պարտությունները, ունեցած ռազմական և քաղաքական դիրքերի կորուստը, կտեսնենք, որ Ադրբեջանի նվաճումներն ու ձեռքբերումներն անմիջականորեն պայմանավորված են եղել նիկոլփաշինյանական ձախողումների, զիջումների, կորուստների և հետագա նահանջների պատրաստակամության հետ։

Կարելի է 2018 թվականի սահմանագծից սկսած անդրադառնալ, թե ադրբեջանական կողմի պահանջները ինչ են եղել և մինչև ուր են հասել հիմա դրանք։ Անգամ 2020 թվականի կանխատեսելի պարտությունից հետո թշնամի հարևանը չէր պատկերացնում, թե հնարավոր է դառնալու Արցախի ամբողջական զավթումը։ Հիշենք, որ Արբեջանն այդ շրջանում ձգտում էր Լաչինի միջանցքի եղած կարգավիճակի դիմաց հասնելու նման կարգավիճակի, այսպես ասած, Զանգեզուրի միջանցքի պարագայում։ Որքան էլ Փաշինյանը փորձի խույս տալ Արցախը հանձնելու պատասխանատվությունից, մինչ նրա «զրոյական կետից սկսած դիվանագիտությունը» Ադրբեջանի համար անգամ ակնհայտ էր, միջազգայնորեն Արցախի ինքնորոշման իրավունքը ընդունելու փաստը և բանակցություններն ընթանում էին ազատագրված մյուս տարածքների շուրջ։

Հակառակորդի մտքով իսկ չէր անցնում, թե հնարավոր կդառնա ոչ միայն երկարատև պաշարման մեջ պահել անօրինական պատերազմով կիսված Արցախը, այլև զավթել այն վերջնականապես՝ արցախցիներին դուրս մղելով իրենց պատմական հայրենիքից։ Ավելին, Ադրբեջանի զորքը մխրճվեց Հայաստանի սահմաններից ներս, գրավեց ռազմավարական առումով կարևոր դիրքեր ու ճանապարհներ, քանի որ Հայաստանի իշխանությունը ոչ միայն հակադարձող քայլեր չձեռնարկեց, այլև հանդուրժեց ու լռեց բոլոր ցեղասպանական գործողությունների մասին ու, ավելին, սկսեց արդարացնել թշնամու ակնհայտ հանցագործությունները։ ՀՀ իշխանությունը 44-օրյա պատերազմից հետո, փաստացի պաշտպանելով հակառակորդի գործողությունները, ծպտուն չհանեց այն մասին, որ այդ ագրեսիան ղեկավարվել է թուրքական գլխավոր շտաբի կողմից, զինվորական մասնագետների, կռվող ուժի ու ռազմական տեխնիկայի տրամադրման հետ միասին։

Հայաստանի իշխանությունը փաստացի քողարկեց ու պաշտպանեց Պակիստանի և Իսրայելի մասնակցությունը՝ 44 օրյա պատերազմին լռելով ռազմական ագրեսիային նրանց ունեցած զգալի օժանդակության մասին։ Հայաստանի իշխանության կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու փաստն ամենամեծ և ժամանակին արված աջակցությունն էր թշնամի երկրի իշխանություններին օրինականացնելու համար կատարած ագրեսիան, ինչպես և ձեռնարկելու տեղի հայության ամբողջական պաշարումը, նոր պատերազմը և հայաթափման ոճրագործությունները։ Ասվածի խոսուն հաստատումն է նաև այն իրողությունը, որ 2023 թվականի սեպտեմբերի 18-ի հարձակումից հետո և արցախահայությանը բնաջնջման կամ արտագաղթի ցեղասպանական այլընտրանքի առջև կանգնեցնելու պահին, ՀՀ վարչապետը շտապեց հայտարարել, թե Արցախի հայության ֆիզիկական գոյությանը ոչինչ չի սպառնում։ Հայության շահերի՞ց է բխում, թե՞ թշնամու, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանում հալածում է իրենց բնական իրավունքների մասին բարձրաձայնելու արցախահայության փորձերը, զրկել է 120 հազար բռնագաղթածների մայր հայրենիքում, որպես գործոն և պարզապես հայ հավաքականություն ինքնադրսևորվելու հնարավորությունը։

Ավելին, նրանց նկատմամբ ճնշումները, իրավական և այլ սահմանափակումներն ու հալածանքը պատճառ դարձան, որ արդեն մի քանի տասնյակ հազար Արցախցի իր համար ապահով հանգրվան չտեսնի Հայաստանը և երկրորդ անգամ արտագաղթի հայրենիքից այս անգամ Փաշինյանի ճնշմամբ։ Իսկ նրանք, ովքեր մնացել են երկրում, ապրում են իրենց հետագա ճակատագրի անորոշության, հեռանկարի բացակայության պայմաններում։ Ո՞ւմ շահերից է բխում Արցախի գերեվարված ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության հարցում Հայաստանի իշխանության բացարձակ անգործությունը։ Եվ սա արդեն այնքան ակնհայտ համաձայնության ու աջակցության կեցվածք է Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, որ վերջիններն ուղղակի թքում են Հայաստանի իշխանության երեսին՝ հրապարակայնորեն առաջարկելով միասին իրականացնել հայ բանտարկյալների դեմ հարուցված քրեական գործերի քննությունը։

Կարելի՞ է որևէ պետություն, կամ իշխանություն պատկերացնել, որը, թշնամու պահանջին ենթարկվելով, խաղաղ ձևով երկրի ամենապաշտպանված սահմանները զիջում է նրան, թույլ տալով մտնելու բնակավայրեր, երբ չկա ընդհանուր մոտեցում ողջ սահմանի սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ, և դեռ սա ամենամեծ հանցագործությունն ու աբսուրդը չէ։ Երկրի իշխանությունն ենթարկվելով ագրեսիվ թշնամու պահանջին՝ տարածքներ է զիջում այն պայմաններում, երբ այդ նույն թշնամու զորքը գրավել է իր երկրի տարածքները, ճանապարհներն ու սահմանները և վերադարձնելու ոչ մի մտադրություն չունի։
Ինչպե՞ս պետք է արձագանքի մի պետության ղեկավարությունը ագրեսիվ հարևանին, երբ վերջինը նրա երկիրը հայտարարում է իր երկրի Արևմտյան հատվածը։

Իսկ Հայաստանի իշխանությունն արդարացնում է Ադրբեջանին, նրա կեղծիքը հավասարեցնելով Արևմտյան Հայաստանի մասին հայ ժողովրդի հիշողության հետ։

Հայաստանի իշխանությունը ոչ միայն արդարացնում, այլև ներդաշնակ ձևով արձագանքում է թշնամու պահանջներին, խոսելով Սահմանադրության փոփոխության, Ատոմակայանի փակման, միջազգային ատյաններում Հայաստանի բողոքներից հրաժարվելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը համաձայնելու և բազմաթիվ այլ թուրք ադրբեջանական պահանջների հետ։

2009 թվականին պատերազմում պարտված և տարածքներ կորցրած Վրաստանի նախագահին Նիկոլ Փաշինյանը նամակով հորդորում է որպես պարտված ու անզոր ղեկավար կամավորապես հեռանալ իշխանությունից, որպեսզի այլ ղեկավարներ կարողանան երկիրը դուրս բերել ճգնաժամից։ Ի՞նչ է անում այսօր նույն Փաշինյանը, երբ երկիր է կորցրել, ունակ չէ պաշտպանելու Հայաստանի սահմանները, փլուզման է հասցրել բանակը, իսկ ինքը սարսափած է թշնամի հարևաններից և անառարկելիորեն կատարում է նրանց պահանջները։ Հայաստանի ղեկավարը հեծանիվ է քշում, երկրում և երկրից դուրս զբաղված է անձնական հաճելի գործերով, ինչպես և նախապատրաստվում է արտահերթ ընտրությունների։

Իշխանությունը պահելու հարցը գլխավոր ու հիմնականն է նրա համար, իսկ երկրի ճակատագիրը, արտաքին հարաբերություններն ու քաղաքական կողմնորոշումների հարցերը իր փոխարեն որոշում են ուրիշները։ Եվ որովհետև արտաքին շահագրգիռ ուժերն են որոշում Հայաստանի իշխանության անելիքը, այդ անելիքը չի բխում հայոց պետականության և հայ ժողովրդի շահերից։ Իշխանության պահանջով սահմաններից դուրս են գալիս տասնամյակներով այն պաշտպանած դաշնակից երկրի զինված ուժերը, ինչպես և ծրագրված է դուրս գալը ռազմական հզոր դաշինքից։ Հայաստանի իշխանությունը խոսում է Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին, երբ այս ուղղության վրա է կողմնորոշված իր հիմնական առևտուրը, այստեղից է Հայաստանը ստանում իր էներգակիրները, հիմնական մթերքը, ֆինասական հսկայական տրանսֆերտները և այլն։ Արտաքին հայտնի ուժերին իհարկե չի հուզում, թե ինչ կկատարվի հայ ժողովրդի հետ եթե Հայաստանի ոչ բարեկամական քայլերին իր դաշնակիցները պատասխանեն համարժեքորեն, իսկ Փաշինյանը պատկերացնո՞ւմ է այդ հետևանքները, թե հրահանգողներին նրա կարծիքը չի հետաքրքրում։ Իշխանությունների տերերը երկիրը մղում են կործանման Անդրկովկասը Ռուսական ազդեցությունից դուրս բերելու և թուրք-ադրբեջանական ենթակայության տակ դնելու համար։ Հայաստանի իշխանությունը կարելին անում է այս ծրագրում իրեն վերապահված դերակատարությունն իրականացնելու համար, միայն թե մնա իշխանության ղեկին, անկախ նրանից, թե ինչպիսի Հայաստան կմնա։ Իշխանությունն ու նրա առաջնորդը բոլորից լավ գիտեն, թե որքան պետական հանցագործություններ են կատարել և անասնական վախ ունեն իշխանափոխությունից։

Բայց նույն աշխարհը փոխվում է և ոչ միշտ՝ ի օգուտ քաղաքական դրածոների, ու անորոշ հեռանկարը վերջինններիս գցում է հիստերիկայի մեջ։ Այս իմաստով 2025 թվականը կարող է դառնալ ճակատագրական փոփոխությունների տարի։ Իսկ ո՞րն է հայրենի պետականությունը ճակատագրական փորձություններից փրկելու հարցում ազգային ուժերի դերը։ Ակնհայտ է, որ մեր գլխավոր խնդիրը մենք ենք՝ հայ ժողովուրդը, որը, կամ հետևելով նիկոլփաշինյանական հավաքական անպատասխանատվության քարոզին երկրի հետ կգնա կործանման, կամ ճիգ կանի փրկելու իրեն ու երկիրը։

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հաճախ տագնապով կրկնում էր հետևյալ միտքը․«Համատարած անկումի այս ընթացքով կարող ենք հասնել անվերադարձության կետին, որտեղից ետ գալ այլևս հնարավոր չի լինի»։ Հայ ժողովուրդը, ազգային ուժերի առաջնորդությամբ կկարողանա՞ արդյոք անդունդից ետ վերադարձնել երկիրը։ Իսկ ազգային ուժերը կներկայացնե՞ն արդյոք պայքարի ճանապարհային քարտեզ և վերափոխման ծրագիր, ինչը վերջապես կհամոզի ժողովրդին գնալու նրանց ետևից։

Հավատանք սեփական ուժերին, հավատանք որ պայքարը լինում է և՛ ծանր, և՛ երկարատև ու չի սահմանափակվում հրապարակներում գոռալով, և որ պայքարի ծրագրված ընթացքը կուրվագծի հաղթանակի ճանապարհը։

Հավատանք ինքներս մեզ, ամուր հավատով և պատասխանատվության հանձնառությամբ մուտք գործենք 2025 թվական։

 

«Դրօշակ» թիվ 12 2024 թ.